«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանը
– Պարո՛ն Խանումյան, Բաքվի դատարանում հրապարակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործով «դատավճիռը»: Քաղաքական ի՞նչ գնահատական կտաք կատարվածին:
– Պետք է հասկանալ, որ տարբեր գործընթացներ նախաձեռնելիս Բաքուն երկար խաղ է խաղում, որի ընթացքում ստուգում է տարբեր գծեր, վարքագծեր, շոշափում է հակազդեցությունները, օգուտներն ու վնասները։ Կործանված Արցախի Հանրապետության ներկայացուցիչների բեմականացված դատավարություն կազմակերպելը, շինծու դատավճիռները այս խաղի մաս են։ Բաքվին, իհարկե, հետաքրքրում է այս հարցով արտաքին արձագանքները, Բաքվին առավելապես հետաքրքրում է, թե ինչպես են արձագանքում Հայաստանի իշխանությունները։ Եվ ահա «դատավճռից» առաջ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնում Իլհամ Ալիևին, իսկ վարչապետը՝ Ադրբեջանի Հանրապետությանն ու ժողովրդին խաղաղության համաձայնելու համար։ Բնականաբար, նման մթնոլորտը Ալիևին թույլ է տալիս ավելի անզիջում լինել, հայաստանյան իշխանությունների արձագանքներն օգտագործել՝ չեզոքացնելու հայ պատանդներին ազատելու արտաքին միջամտությունները։
– Գերիների առկայության, այս դատավճիռների ֆոնին՝ նախօրեին Ադրբեջանի նախագահն ու ՀՀ վարչապետը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը: Որքանո՞վ է այս մրցանակի տրամադրման ժամանակը պատեհ, ու, ըստ էության, ինչի՞ մասին է այն:
– «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակից ՀՀ վարչապետը կարող էր հրաժարվել՝ պատճառաբանելով, որ խաղաղության դեռ չեն հասել, քանզի Բաքվում դեռ հայ պատանդներ են պահվում։ Կամ՝ այս պահին հրաժարվեր մրցանակը ստանալուց և ասեր, որ կստանա այն ժամանա, երբ վերջին պատանդը կվերադառնա։ Մեծ հաշվով, այս մրցանակները տրվում են Արցախը կորցնելու դիմաց, և նման մրցանակի ստացումը նվաստացում է, ոչ թե ձեռքբերում։ 2020 թ․ նոյեմբերից սկսած մենք անընդհատ ազգային նվաստացման ենք ենթարկվում, հիմա դրանք նաև ինչ-որ մրցանակներով են ձևակերպվում՝ փորձելով նվաստացման անունը դնել ձեռքբերում։
– Պաշտոնական Երևանը պե՞տք է արձագանքեր ադրբեջանական այս «դատավճիռներին»: Ինչո՞ւ չկա այդ արձագանքը:
– Պաշտոնական Երևանը պետք է ամեն հնարավորություն օգտագործի Բաքվում գտնվող պատանդներին վերադարձնելու համար։ Իմ կարծիքով ամբողջովին իրատեսական է, որ ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցի ֆոնին լուրջ աշխատանք տարվի նրա աշխատակազմի հետ, որպեսզի փոխնախագահ Վենսը Բաքվում Ադրբեջանի իշխանություններին համոզի Հայաստանին հանձնել գերիներից գոնե 2023 թ․ ռազմական գործողությունների մասնակից ՊԲ զինծառայողներին, նրանց, որոնք գերի են ընկել իրենց պարտականությունները կատարելիս, իրենց ժողովրդին պաշտպանելիս։ ԱՄՆ փոխնախագահի այցը պատեհ առիթ է գոնե այսքանին հասնելու համար։
– Պարո՛ն Խանումյան, այս «դատավճիռների», գերիների առկայության ֆոնին ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ:
– Ես բազմաթիվ հարցազրույցներում նշել եմ, որ խաղաղության գործընթացում Ադրբեջանը Հայաստանին օգտագործում է որպես դեկորացիա՝ Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները բարելավելու առումով։ Հայաստանի իշխանությունների՝ Ադրբեջանի համար նպաստավոր ձևակերպումներն ու մոտեցումները Բաքուն օգտագործում է ԱՄՆ-ում հայամետ, արցախցիների իրավունքներին վերաբերող, Ադրբեջանի նկատմամբ տարբեր սահմանափակումներ կամ պատժամիջոցներ առաջարկող բանաձևերի, ակտերի և գործունեության դեմ պայքարի համար։ Հետևաբար, առաջիկայում այս խաղաղության օրակարգ կոչվածը, որի բովանդակությունը մեծ հաշվով ձևակերպել է Ադրբեջանը, Բաքուն կփորձի է՛լ ավելի օգտագործել իր ագրեսիվ նպատակներին հասնելու համար։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















