Պետք է ծաղրել այն մարդկանց, որոնք լուրջ դեմքով, օսլայած վերնաշապիկով ու փողկապով ստում են մարդկանց. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, ակտիվ քարոզարշավն արդեն չորս օր է, ինչ մեկնարկել է, ինչպե՞ս եք գնահատում քաղաքական ուժերի գործողությունները:

– Առանձնահատուկ որևէ բան չկա՝ բացի «Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավից, որը էականորեն տարբերվում է թե՛ իր ստեղծագործականությամբ, թե՛ բովանդակությամբ: Երրորդ ընտրությունն է, որին ակտիվ մասնակցում եմ, ու առաջին անգամ եմ տեսնում, որ քաղաքացիները ոգևորվածությամբ բուկլետներ են ուզում, մարդկանց դուր է եկել Սպայդերմանի կերպարը, մեր ներկայանալու ձևն առհասարակ: Կառավարող ուժը, ինչպես միշտ է եղել Հայաստանում, վարչական ռեսուրս է կիրառում անխնա: Հայաստանում, այո՛, ընտրություններն ազատ են, բայց արդար չեն: 

 – Բայց բովանդակային առումով նորություն չէ՞ կառավարող ուժի քարոզարշավի բովանդակությունը, որ մարդկանց հորդորում են տեր կանգնել երկրում արդեն հաստատված խաղաղությանը:

– Իհարկե ո՛չ, որովհետև նախ՝ այդ խաղաղության բովանդակությունը նորություն չէ: Պատերազմից հետո այդ նարատիվը մշակվել է Ադրբեջանում ու ներդրվել է Հայաստանում, Ալիևն այդ մասին բազմիցս բաց խոսել է: Նիկոլ Փաշինյանը, ինչպես դասական կոլաբորանտ, ինչ իրեն ասում են, այն էլ ինքն է ասում այստեղ, նորություն չէ, որ նա ադրբեջանական նարատիվ է տարածում այստեղ: Բովանդակային նորություն չկա, 2021-ին էլ էր հանդես գալիս շանտաժով. 2021-ին էլ ասում էր՝ եթե ինձ չընտրեք, նախկիններն են գալու իշխանության, հիմա էլ ասում է՝ ինձ ընտրեք, որ պատերազմ չլինի: Տրամաբանական հարց է առաջանում՝ էդ ի՞նչ խաղաղություն է, Նիկո՛լ ջան, որ եթե դու չլինես, պատերազմ է լինելու, էդ խաղաղությունը քո անձո՞վ է պայմանավորված: Նման բան չի կարող լինել, հասկանում եք, ուղղակի շանտաժ է անում:

– Հաշվի առնելով, որ վերջին տարիներին հայկական հասարակությունը պատերազմի, զոհերի, բռնի տեղահանության ու մշտական անվտանգության սպառնալիքների միջով է անցել, արդյո՞ք իշխանության կողմից «եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի» ուղերձը կարող է ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Ձեր կարծիքով՝ այդ շանտաժը աշխատելո՞ւ է։

– Շանտաժը չի աշխատում, մարդիկ հասկանում են կատարվողը, մենք շփվում ենք Հայաստանի քաղաքացիների հետ, ու մարդկանց մեծ մասը այս իշխանության քաղաքականությունից դժգոհ է, մարդիկ հասկանում են, թե իրականում ի՛նչ է կատարվում: Նորմալ չէ, որ այս քաղաքական ուժը մեծամասնության քվեն ստանա ու չի կարող, բայց չի բացառվում, որ արբանյակ կուսակցությունների օգնությամբ հասնի դրան: Խնդիրը ընտրությանը շատ մասնակցություն ապահովելն է, եթե քաղաքացիներն ուզում են իսկապես ձերբազատվել ՔՊ-ից, ապա պետք է գնան ընտրության: Եթե հանրության 50 տոկոսը մասնակցի, ապա Նիկոլ Փաշինյանը հաղթելու շանս չունի, մնալու են ընտրակեղծիքները, որի լուծումը մենք արդեն գիտենք: Այդ ժամանակ արդեն կպայթի իրենց կեղծ դեմոկրատ լինելու փուչիկը: 

– Պարո՛ն Սահակյան, «Բոլորին դեմ եմ» կուսակցության գործողությունների մեթոդիկան ի՞նչ մեսիջներ ունի, անլրջացնո՞ւմ, թե՞ ծաղրում եք գործընթացը:

– Սա քննադատություն է ծաղրի միջոցով, որովհետև նորմալ չէ այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ, լուրջ չէ այն, ինչ կատարվում է մեր քաղաքական համակարգում, սա պետք է ծաղրուծանակի ենթարկվի: Պետք է ծաղրել այն մարդկանց, որոնք լուրջ դեմքով, օսլայած վերնաշապիկով ու փողկապով ստում են մարդկանց, այս մարդիկ բազմիցս ստել են մարդկանց ու շարունակում են դա անել, ու խոսքը միայն այս իշխանության մասին չէ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am