«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատերազմի վետերան, հանրային գործիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Հովսեփ Ղազարյանը
– Պարո՛ն Ղազարյան, համացանցում ակտիվ շրջանառվում է «Բոլորին դեմ եմ» շարժումը, որի անդամ եք հանդիսանում նաև դուք: Կմանրամասնե՞ք շարժման նպատակների մասին, ի՞նչ է այն իրենից ենթադրում:
– Սա շարժում է, որը նպատակ ունի Հայաստանում փոխել ընտրության խաղի կանոնները: Հիմա ընտրական համակարգն այնպիսին է, որ կոալիցիաների ձևավորումն ուղղակի բացառված է, որովհետև կա կայուն մեծամասնության դրույթը, որն ուղղակի բացառում է կոալիցիաների գոյությունը, իսկ խորհրդարանական համակարգի դեպքում դա ամենավատ հետևանքներն է առաջացնում:
Խորհրդարանական համակարգը ենթադրում է, որ քաղաքական համակարգը պետք է հիմնված լինի հավասարակշռումների մեխանիզմների վրա, բայց կայուն մեծամասնության դրույթը լրիվ խախտում է դա: Սա ի սկզբանե շարժում է, որը փետրվարի 1-ին դառնալու է կուսակցություն, որը մասնակցելու է առաջիկա ընտրություններին: Համապատասխան ձայները ստանալուց հետո, երբ մենք անցնենք խորհրդարան, ներկայացնելու ենք Ընտրական օրենսգրքի երեք կետանոց փոփոխությունների ծրագիր. կայուն մեծամասնության չեղարկում, ընտրական շեմի իջեցում մեկ տոկոսով, «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ստեղծում:
– Այսինքն՝ հանդես եք գալու որպես կուսակցությո՞ւն:
– Այո՛, հանդես ենք գալու որպես կուսակցություն ու մասնակցելու ենք ընտրություններին: Նախատեսում ենք նաև 100-օրյա կառավարում, Ընտրական օրենսգրքում այդ բարեփոխումներն իրականացնելուց հետո այդ կուսակցությունը ինքնալուծարվելու է: Մեր նշանակած վարչապետը ստանձնելու է պարտավորություն, որ 100 օր հետո տեղի ունենալիք ընտրությունները ինքը անցկացնի վարչական ռեսուրսի բացառմամբ: Այդ իսկ պատճառով էլ մեր կուսակցությունը ինքնալուծարվելու է, որպեսզի չտրվի այդ գայթակղությանը, իսկ մեր կառավարության ղեկավար վարչապետը տասը տարով զրկված է լինելու որևէ քաղաքական ու նշանակովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
– Բայց այս փոփոխությունները կարող եք կյանքի կոչել, երբ դուք խորհրդարանում հայտնվեք իբրև մեծամասնություն, չէ՞:
– Ամենայն հավանականությամբ՝ այս ընտրություններին որևէ քաղաքական ուժ չի կարող մեծամասնություն կազմել: Նույնիսկ մեծամասնություն չկազմելու դեպքում էլ, երբ մեր ձայների կարիք լինի, մենք չենք քվեարկելու որևէ ուժի վարչապետի թեկնածուի օգտին և բոլորին առաջարկելու ենք միայն այս 100-օրյա կառավարման օրակարգը ու նոր՝ ավելի արդար խաղի կանոններով ընտրությունների անցկացում:
Նոր ընտրությունների ժամանակ քվեաթերթիկում ավելանալու է նաև «Բոլորին դեմ եմ» տողը, այսինքն՝ հետագա ընտրություններին ընտրողը հնարավորություն է ունենալու քվեարկել «Բոլորին դեմ եմ»-ի օգտին, որը ոչ թե ձայների փոշիացման է հանգեցնելու, այլ այդ մանդատները խորհրդարանում չեն համալրվելու, այսինքն՝ այն մարդիկ, որոնք դեմ են լինելու այդ պահին եղած բոլոր քաղաքական ուժերին, նրանց ձայնը խորհրդարանում, եթե ընդհանուր թիվը կազմում է հարյուր մանդատ, որից 10-ը ստանում է «Բոլորին դեմ եմ»-ը, այդ 10 մանդատը լինում է խորհրդարանում, բայց չի համալրվում, բոլոր քվեարկություններին այդ 10 մանդատը ավտոմատ դեմ է քվեարկում:
– Պարո՛ն Ղազարյան, ձեր շարժման շուրջ կան նաև քննադատական գնահատականներ, ըստ որոնց այն կարող է աշխատել գործող իշխանության օգտին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեսակետները։
– Այդ տեսակետները հիմնականում հնչում են այն մարդկանց կողմից, որոնք ավելի կոնկրետ քաղաքական ուղղվածություն ունեն ու հասկանում են, որ այս նոր շարժումը իրենց համար կոնկրետ վտանգ է ներկայացնում: Հակառակը՝ այս շարժումը ամենամեծ վտանգ պարունակում է հենց Նիկոլ Փաշինյանի համար: Բացատրեմ թե ինչու։
Հայաստանում ընտրողների 50 տոկոսը ուղղակի չի մասնակցում ընտրություններին ու այդ կերպ բոյկոտում է ընտրությունները: Մեր նախաձեռնությունը հնարավորություն է տալիս այդ մարդկանց ոչ թե բոյկոտել, այլ ընտրատեղամաս գալ: Նիկոլ Փաշինյանն այս պահին, վարչական ռեսուրսի հաշվին ունենալով կայուն ձայների քանակ, ուղղակի աղետալի երևույթի առաջ է կանգնելու մեր նախաձեռնության շնորհիվ, որովհետև ընտրություններին մասնակցողների թվի աճին զուգահեռ իշխանության ձայների կայունությունը վտանգվում է, որովհետև որքան ավելանում է մասնակիցների թիվը ընտրություններին, այդքան իշխանության վերընտրության շանսերը նվազում են: Սրա վառ օրինակը ՏԻՄ ընտրություններն էին, որտեղ ակտիվ մասնակցության դեպքում ընդդիմությունը հաղթանակ էր տանում, օրինակ՝ Փարաքար համայնքում:
– Ձեր շարժման, հետագայում արդեն կուսակցության կազմն արդեն պատրա՞ստ է:
– Մեզ մոտ ամեն բան բաց է, նույնիսկ ֆորմալ կերպով խումբ չենք սարքել, որը ղեկավարում է շարժումը: Ցանկացած մարդ, որը կընդունի մեր հռչակագիրը, որն ակտիվորեն կներգրավվի մեր շարժման գործընթացներին, ապա այդ մարդը առաջնորդություն է վերցնելու այս շարժման մեջ: Մեզ մոտ է երկու ընտրություն. մեկը՝ ցուցակի ընտրությունն է, որին մասնակցելու են շարժման բոլոր անդամները, որոնք կգրանցվեն, մյուսը՝ վարչապետի թեկնածուի ընտրությունն է, որին քվեարկելու են մեր շարժման բոլոր մասնակիցները:
– Նախաձեռնողը կամ նախաձեռնողներն ովքե՞ր են:
– Մեկ անձ չէ, բազմաթիվ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների անդամների ու տարբեր ոլորտների ակտիվ մարդկանց միավորման արդյունք է: Շարժումն առաջացել է, որովհետև մենք շուրջ մեկուկես տարի քննարկումներ ենք ունեցել մեր քաղաքական դաշտի բոլոր խմբերի հետ՝ միավորվելու օրակարգի շուրջ, հասկացել ենք, որ բոլորս տարբեր ենք: Բացի այդ՝ նշեցի նաև, որ գլխավոր հարցը խաղի մեխանիզմները փոխելն է, որպեսզի Հայաստանում քաղաքական դաշտն առողջանա, ու այդ նախկին-ներկա շրջափուլից մենք կարողանանք դուրս գալ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















