ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցով համազեկուցող Գորան Լինդբլադի բաց նամակը

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցով համազեկուցող Գորան Լինդբլադի բաց նամակը
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցով համազեկուցող Գորան Լինդբլադի բաց նամակը

Դավիթ Հարությունյանին` հայաստանյանան պատվիրակության ղեկավար
Պատճենը` Դիք Մարտիին` Մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ
Պատճենը` Մատեո Սորինասին` ԵԽԽՎ Գլխավոր քարտուղարին
Ստրասբուրգ` 6 հոկտեմբերի, 2010 թվական
Ղեկավար,

Ես շատ տարօրինակ եմ համարում, որ մի երկիր, որը հայտարարում է, թե ինքը ժողովրդավարական է, չի կարողանում ժամանակ գտնել ԵԽ-ի կողմից կազմակերպված ՙՀանուն ժողովրդավարության ապագայի՚ համաժողովի շրջանակներում կազմակերպել բարձր մակարդակի մի քանի հանդիպումներ` Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ: Դա կարծես հաստատում է իմ այն ենթադրությունը, որ Հայաստանը դեռեւս բավականաչափ չի հասունացել նման համաժողով հյուրընկալելու համար:

Համազեկուցողների այցը Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից հաստատվել է 2010 թվականի հունիսի 22-ին եւ այդ օրվանից սկսած հետաձգվել է, առաջին անգամ` ամառային ընդմիջման պատճառով, իսկ ապա սեպտեմբերի առաջին կեսին այցելություն կազմակերպելու համար դեռ շատ վաղ էր: Կարծես թե համաձայնություն կար այն բանի շուրջ, որ այցը պետք է կայանա հոկտեմբերի 17-18-ը` նախատեսված համաժողովի օրերին, սակայն այդ այցը մերժվեց ձեր խորհրդարանի խոսնակի նամակով:

Որքան ինձ է հայտնի, միայն ընտրություններին անմիջապես հաջորդող ժամանակաշրջանում է, որ սովորաբար խուսափում են մոնիտորինգային այցերից, որպեսզի իշխանություններին հնարավորություն տրվի իրենց նախընտրական խոստումները իրականացնելու հարցում առաջընթաց արձանագրելու համար: Բայց դա, անկասկած, Հայաստանի դեպքը չէ:

Ես զգացողություն ունեմ, որ հենց իմ անձը եւ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության արժեքների ջատագով լինելն են Հայաստանի իշխանություններին ստիպում փորձել հետաձգել համազեկուցողների այցելությունը, գիտենալով, որ Վեհաժողովից իմ մոտալուտ հեռանալը հնարավորություն կստեղծի նոր` պակաս անկախ համազեկուցող նշանակել: Սա ամենեւին էլ իմ անձնական հեղինակության հարցը չէ, բայց մոնիթորինգային գործընթացը կարծես թե խոչընդոտելու այս քայլը վիրավորանք է Խորհրդարանական վեհաժողովի` որպես հաստատության հասցեին եւ Եվրոպայի խորհրդի այն հիմնարար արժեքների նկատմամբ, որոնք պաշտպանելու կամավոր պարտավորություն է ստանձնել նաեւ Հայաստանը:

Այդ պարտավորությունների մի մասը նաեւ ենթադրում է, որ պետք է արվի հնարավորը` այդ երկիր համազեկուցողների փաստահավաք այցերին օժանդակելու համար: Կարեւորը հաստատությունն է, այլ ոչ թե զեկուցողների անձը: Ուստի, ես կցանկանայի խնդրել Ձեզ` կրկին դիտարկել իմ ցանկությունը` որպես համազեկուցող հանդիպել իշխանության համապատասխան մարմինների հետ` ֆորումից մեկ օր առաջ կամ հետո:

Հարանքներով` Գորան Լինբլադ