ՀԱՊԿ-ը պետք է զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում. Լուկաշենկո

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում։ Այս մասին, ինչպես հայտնում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ հանդիպման ընթացքում։

Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությունում առկա են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ խնդիրներ, որոնց մասին ինքը բազմիցս խոսել է միջազգային հարթակներում։ Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն պահանջող հարցերից մեկը Հայաստանի հետ հարաբերություններն են։

«Մենք պետք է ավելի կոռեկտ և ճշգրիտ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը, կարծես թե, չի աջակցում ՀԱՊԿ-ի գործունեությանը, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպության անդամ»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նա հավելել է, որ Հայաստանում իրավիճակը բարդ է, հատկապես ընտրական գործընթացների համատեքստում։

«Պետք է շատ կոռեկտ լինել։ Հայաստանում այս առումով բարդ իրավիճակ է, հատկապես ընտրական շրջանում։ Ուստի մենք պետք է շատ զգույշ լինենք Հայաստանի հետ հարաբերություններում»,- նշել է Լուկաշենկոն։