Համալսարանական բժիշկները փրկել են մեկ ամսական փոքրիկի կյանքը

Բժշկի մասնագիտությունում հաճախ է պատահում, երբ պետք է շատ արագ կողմնորոշվել, ախտորոշել՝ պացիենտի կյանքը փրկելու համար։ Շատ դեպքերում նույն ախտանիշները բնորոշ են տարբեր վիճակների, ինչը շեղում է՝ բարդացնում ախտորոշման ընթացքը։

Կարճ ժամանակ առաջ «Մուրացան» համալսարանական հիվադանոցի մանկաբուժական թիվ 1 կլինիկա է ընդունվել բրոնխիոլիտ ախտորոշումով մեկ ամսական երեխա։ Օբյեկտիվ զննման ժամանակ առկա են եղել արտահայտված հևոց, ինտոքսիկացիա՝ մարմնի նորմալ ջերմաստիճանի ֆոնին։ Հերթապահ մանկաբույժ Նունե Պողոսյանի ուշադրությունը գրավել են արտահայտված տախիկարդիան, սրտի խիստ խլացած և առիթմիկ տոները։

Հայտնաբերվեց սրտի սահմանների լայնացում, ինչպես նաև կրծքավանդակի ռենտգեն հետազոտության արդյունքում՝ սրտի սահմանների զգալի մեծացում:

Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանի հետ խորհրդատվությունից հետո հրավիրվել է մանկական սրտաբան, ով էխոկարդիոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերեց աորտայի փականային ստենոզ՝ կրիտիկական կոարկտացիայով, բաց օվալ անցք, միջնախասրտային խտրոցի դեֆեկտ, միտրալ փականի անբավարարություն։ Նշված ախտորոշումով երեխայի կյանքին վտանգ սպառնացող վիճակը պահանջում էր անհապաղ վիրաբուժական միջամտություն։ Երեխան կլինիկայում գտնվել է ընդամենը վեց ժամ, որի ընթացքում թթվածնի սատուրացիան իջել է 93-86%։

Համալսարանական հիվանդանոցային համալիրի ռեանիմոբիլով՝ բժշկի ուղեկցությամբ, երեխան տեղափոխվել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես կատարվել է անհետաձգելի վիրաբուժական կորեկցիա։ Վիրահատության առաջին էտապն անցել է բարեհաջող, սակայն նշված սրտի բարդ արատը շտկելու համար անհրաժեշտ են կորեկցիայի ևս երկու փուլ։ Մասնագետների թիմը փոքրիկ պացիենտին մաղթում է քաջառողջություն։