Կապանի մերձակա մարտական դիրքերից մեկում կատարված տեսագրության առնչությամբ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված և սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով՝ հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակներում քրեաիրավական գնահատական տալու համար»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը հավելեց, որ քրեական գործն ուղարկել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Լրատվամիջոցներում հայտնվել էր տեսանյութ՝ արված Կապանի մերձակա մարտական դիրքերից մեկում, որում մի քանի անձ բողոքում էր մարտական դիրքում առկա պայմաններից: