Ուկրաինայում քննարկվում է Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմի անցնելու հնարավորությունը

Ուկրաինայում քննարկվում է Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմի անցնելու հնարավորությունը
Ուկրաինայում քննարկվում է Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմի անցնելու հնարավորությունը

«Ես չեմ կարող մեկնաբանել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների երեկվա խոսակցությունը: Մենք տեղյակ ենք այդ մասին և տեղեկացրել ենք Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը»,- ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսին:

Նրա խոսքով՝ Ուկրաինան չի ընդունում Ղրիմի հանրաքվեն և դրա արդյունքները, քանի որ այդ գործընթացը խախտում է Ուկրաինայի սահմանադրությունը. «Եթե հաշվի առնենք, որ միջազգային դիտորդներ չեն հետևել հանրաքվեին, կարելի է ենթադրել, որ թղթի վրա ցանկացած արդյունք կարող էր ամրագրվել»:

Դեսպանը նաև նշեց, որ Ուկրաինան խաղաղասեր երկիր է և առաջիկայում ռազմական գործողություններ Ղրիմի նկատմամբ չի պլանավորում: Փոխարենը Ուկրաինան պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Ռուսաստանի Դաշնության և Ղրիմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ինքնավար Հանրապետության լիազորությունների ընդլայնման, ինչպես նաև ռուս փոքրամասնության իրավունքների ապահովման հարցը:

Պարոն Կուխտան  անդրադարձավ ԱՊՀ-ից դուրս գալու Ուկրաինայի որոշմանը՝ նշելով.  «ԱՊՀ  երկրների ԱԳՆ ղեկավարներն այնքան զբաղված են, որ մինչև հիմա դեռ ժամանակ չեն գտել հավաքվելու և քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Կազմակերպությունը, որտեղ հավաքվում են միայն սուրճ և թեյ խմելու համար, որևէ մեկին պետք չէ»:

Նա նաև հայտարարեց, որ Ուկրաինայում քննարկվում է Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմի անցնելու հնարավորությունը: Սակայն Հայաստանի և Ուկրաինայի միջև կպահպանվի առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, որը գործում է ներկայում:

Խոսելով ուկրաինական դեպքերի առնչությամբ Հայաստանի արձագանքից՝ դեսպանն ասաց, որ ամեն երկիր ունի իր դիրքորոշման իրավունքը, և Ուկրաինան ընդունում է դա:

Իսկ հայ-ուկրաինական հարաբերությունները, ըստ Կուխտայի,   բոլոր առումներով լավ մակարդակում են գտնվում և հետագայում էլ շարունակելու են զարգանալ. երկու երկրների հարաբերությունները կարգավորող 70-ից ավելի  փաստաթղեր կան:

Խոսելով Ղարաբաղի հարցում Ուկրաինայի դիրքորոշումից՝ Կուխտան նշեց, որ իրենք պաշտպանում են տվյալ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումները: Իսկ առանձին անհատների հայտարարությունները, նրա խոսքով, չեն արտացոլում պաշտոնական Կիևի դիրքորոշումը:

Անդրադարձ կատարվեց նաև Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքներին: Դեսպանը նշեց, որ ինքն էլ կիսով չափ ռուս է և երբևէ իր նկատմամբ ճնշումներ չի զգացել. «Ուկրաինայում ապրող մոտ 20 ազգային փոքրամասնությունների, այդ թվում և 400 հազարի հասնող հայկական համայնքի իրավունքները չեն ոտնահարվում»:

«Մեդիա կենտրոն»

http://www.youtube.com/watch?v=s-S_CezK44o