«Ալեն Սիմոնյանի ամբողջ ելույթը խտրականություն էր, սեքսիզմ և նվաստացում՝ ուղղված ընդդիմությանը և հատկապես կնոջը». Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի կարծիքով՝ խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ ուղղված «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին, սեքսիստական էր և ցածր քայլ՝ լռեցնելու քաղաքական հակառակորդին:

«Հայաստանյան քաղաքական դաշտում կին քաղաքական գործիչներին լռեցնելու փորձեր հաճախ են լինում, և ԱԺ այսօրվա նիստը բացառություն չէր։ Այս անգամ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էր որոշել փայլատակել էթիկապես ցածրորակ խոսքով, և թիրախում, իհարկե, իրեն հաճախ քննադատող կին պատգամավորն էր,- «Մեդիալաբին» ասում է Հովհաննիսյանը,- կնոջը թիրախավորելը մեր խորհրդարանում դառնում է տղամարդկանց սիրելի զբաղմունքներից մեկը»:

Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի փոխխոսնակի արտահայտությունները ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ են հանդիսացել:

«Տիկին Սամսոնյան, առաջարկում եմ ձեզ իմ մասին քիչ խոսել, որովհետև ես ամուսնացած եմ։ Որովհետև իմ մոտ տպավորություն է, որ ձեր մոտ ինչ-որ մանիակալ բան կա։ Ես ձեզ չեմ պատասխանի, ես պատասխանելու եմ ձեր փեշի հետևում թաքնված Էդմոն Մարուքյանին»,- ԱԺ ամբիոնից իր ելույթում հայտարարել էր Սիմոնյանը։

Զառա Հովհաննիսյանը վստահ է՝ ԱԺ փոխնախագահի հայտարարությունները սեքսիստական էին, քանի որ նա քաղաքական գործչի, պատգամավորի սեռն ընդգծող հայտարարությամբ սկսեց իր ելույթը։

«Նա ընդգծեց, որ ինքը՝ որպես տղամարդ, հետաքրքրության աղբյուր չի կարող հանդիսանալ, այնինչ դա խորհրդարան է, որտեղ քաղաքական գործիչները հավասար են միմյանց քննադատելու, միմյանց գործունեության վերաբերյալ կարծիք հնչեցնելու տեսանկյունից»,- «Մեդիալաբին» ասում է Հովհաննիսյանը։

Ազգային ժողովում, քննարկումների ժամանակ, ըստ իրավապաշտպանի, կնոջ սեռը թիրախավորելը տեղին չէր, բացի այդ, նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանն իր այդ հայտարարությամբ փորձեց նվաստացնել կնոջը՝ ակնարկելով, թե նա չի կարող խոսել, քննադատել այլ քաղաքական գործչի։ 

«Նա նվաստացրեց կնոջը, ինչն անընդունելի է։ Ելույթի ենթատեքստն այն էր, որ եթե խոսում է, ուրեմն սեռային հետաքրքրություն է ցուցաբերում։ Դա շատ ենթատեքստով ելույթ էր՝ ուղղված մյուս կին քաղաքական գործիչներին, որոնց վերաբերյալ կարելի է նույն արտահայտությունը հնչեցնել, երբ քննադատում են տղամարդ քաղաքական գործչի գործունեությունը։ 

Քաղաքական հակառակորդին նվաստացնելու ձև էր նաև նրա այն արտահայտությունը, թե կնոջ «փեշի տակ» է թաքնվում գործընկեր պատգամավորը։ Դա բավական ցածր քայլ էր Ալեն Սիմոնյանի կողմից»,-նշում է Զառա Հովհաննիսյանը։

ԱԺ փոխնախագահին, ըստ Հովհաննիսյանի, կարող էր սաստել կամ լռեցնել նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, սակայն նա այդ քայլին չգնաց։ 

«ԱԺ նախագահը խտրական վերաբերմունք արտահայտեց՝ պաշտպանելով իր գործընկերոջը՝ սաստելով առաջին հերթին ընդդիմության ներկայացուցչին։ Սակայն Ալեն Սիմոնյանի ամբողջ ելույթը խտրականություն էր, սեքսիզմ և նվաստացում՝ ուղղված ընդդիմության ֆրակցիային և հատկապես կնոջը»,- ընդգծում է Հովհաննիսյանը։

Ստեղծված իրավիճակում Ազգային ժողովում պետք է ձևավորվի էթիկայի հանձնաժողով, ինչը «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջն է։ 

Ըստ Հովհաննիսյանի՝ նախկինում ևս եղել են նախադեպեր, երբ բոլոր հիմքերը կային ԱԺ էթիկայի հանձնաժողով ձևավորելու համար, սակայն ԱԺ մեծամասնությունը չի գնացել այդ քայլին։

«7-րդ գումարման Ազգային ժողովում համառորեն որևէ դեպքով չի ձևավորվել ԱԺ էթիկայի հանձնաժողով, թեպետ մի քանի պատգամավորների՝ Գևորգ Պետրոսյանի, «Իմ քայլից» Կարեն Սարուխանյանի (պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին խորհուրդ էր տվել ամուսնանալ – հեղ․) վարքագիծ ստիպում էր նման հանձնաժողով ձևավորել։ Այս դեպքերը կշարունակվեն, քանի դեռ այդ մեխանիզմը չի գործում, և խորհրդարանը արժանի պատասխան չի տալիս մարդու իրավունքների նման խախտումներին, նվաստացումներին»,- հավելում է Հովհաննիսյանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am