«Մեդիայի դեմ նոր նախագծեր են պատրաստում, թիվ մեկ խնդիրը չլռելն է». Սաթիկ Սեյրանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը

– Տիկի՛ն Սեյրանյան, խորհրդարանում լրագրողների ազատ տեղաշարժի, նրանց գործունեության սահմանափակումների վերաբերյալ կազմակերպված այսօրվա քննարկումը որքանո՞վ եք արդյունավետ համարում: Ի՞նչ եզրահանգումներ արվեցին:

– Արդյունավետ քննարկում էր, իհարկե, շատերի տեսակետին նախապես ծանոթ էի, որովհետև խմբագիրների, լրագրողների ու որոշ կազմակերպությունների միջև այս ողջ ընթացքում երկխոսություն տեղի է ունենում: Եվս մեկ անգամ արձանագրեցինք, որ իշխանությունը մեդիայի դեմ ուղղված այս քայլերով ևս մեկ անգամ վերահաստատում է բռնապետական ռեժիմը:

Նրանց թիվ մեկ խանգարողը մեդիան է, ու ամեն կերպ փորձելու են և շարունակելու են խեղդել ազատ խոսքը, որը ես համարում եմ նաև հասարակության տեղեկացված լինելու դեմ ուղղված քայլեր, որովհետև մամուլն ինքնանպատակ չի աշխատում, այն իրազեկում է մարդկանց երկրում տեղի ունեցողի մասին:

Սա արվում է հատուկ նպատակով՝ իշխանությունը չի ցանկանում, որ լրագրողները հասարակությանը ներկայացնեն, թե ինչ ցոփ ու շվայտ կյանքով են ապրում իրենք, ինչպես են մսխում բյուջեն, ինչպես են, նախկինների մասին ասում էին, չէ՞, լափել են, հիմա իրենք լափում, ինչ միլիոնների տեր են դարձել՝ տառացիորեն փողոցից հողաթափերով եկած պատգամավորներն ու նախարարները:

Այս իշխանությունը հնարավոր ու անհնար բոլոր ուղղություններով խոչընդոտում է մամուլի ազատությունը, ինձ համար սա անսպասելի չէր: Մենք պետք է պատրաստ լինենք ու չլռենք: Իմ խոսքն ուղղված էր նաև հասարակական ու իրավապաշտպան կազմակերպություններին, այսպես կոչված քաղհասարակությանը, որոնք բազմաթիվ դրամական միջոցներ են ստանում դրսի կազմակերպություններից ու իրենց երկակի ստանդարտներով և գործունեությամբ նպաստել են այդ միջավայրին, հիմա ուշացած միացել են մեդիաների խնդիրների լուծմանը, բայց զուգահեռ վնասներ են հասցնում մեդիաներին:

– Քննարկման արդյունքում պարզ դարձա՞վ, թե ինչ միջոցներով կարելի է կանխել մեդիայի դեմ կիրառվող սահմանափակումների փորձերը:

– Թիվ մեկ խնդիրը չլռելն է: Հիմա մենք նախաձեռնում ենք նաև նոր քննարկումներ խմբագիրների, իրավապաշտպանների, իրավաբանների մասնակցությամբ: Պատրաստվում ենք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի ևս մեկ քննարկում կազմակերպենք, միջազգային կառույցներին, որովհետև անիմաստ եմ համարում, օրինակ՝ կառավարությանը կամ խորհրդարանին դիմել, որը գաղտնի բերել ու սղղացնելով անցկացրել է այս օրենքի նախագիծը ու, այսպես ասած, մի բան էլ լայաղ չի անում գա, քննարկմանը մասնակցի:

Ես ուղղակի անհարմար եմ զգում այն լրագրողների համար, որոնք հիմա պատգամավոր են ու իրենց նախկին գործընկերներին այսպես են վերաբերվում, նույնիսկ հարկ չհամարեցին գալ ու լսել ներկաներին:

Գործողությունների հերթականություն պետք է քննարկենք, իսկ որոշ որոշումներ կկայացվեն նաև խմբագիրների հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Չենք լռելու, պետք է չլռել, որովհետև իրենց ախորժակը շատ ավելի մեծ է. անապատ, որտեղ կլինեն միայն իրենք:

– Իսկ չլռելով՝ կկարողանա՞ համայնքը, այսպես ասած, զսպել իշխանության ախորժակը` ինչպես դուք որակեցիք:

– Սա արդեն մասնագիտական արժանապատվության հարց է, միայն մեկ լրագրողի կամ խմբագրի հարց չէ, որ եթե չես սիրում այդ լրատվամիջոցը, կարող ես ընդամենը չկարդալ այն: Պատկերացնո՞ւմ եք՝ նույն ձևով վարվեին նախկին իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն ու ընդդիմությունը ի՛նչ կանեին նրանց:

Հիմա իրենք ավելի վատ են վարվում, ավելի կացնային: Նորից եմ ասում՝ սա բռնապետության ռեժիմ հաստատելու՝ իրենց համար առանցքային քայլերից մեկն է: Դեռ չեմ ուզում հայտարարել, բայց նոր նախագծեր են պատրաստում մեդիաների դեմ:

– Այսինքն՝ եղած սահմանափակումները դեռ բավարար չե՞ն համարում, տիկի՛ն Սեյրանյան, որ նորերն են պատրաստվում ընդունելու:

– Այո՛, իհարկե, որովհետև հասարակությունը չպետք է տեսնի, թե իրենք ինչպես են խոսում, ինչերից են օգտվում, լրատվամիջոցները խանգարում են իրենց, պետք է հասարակության աչքերն ու ականջները փակեն ու դաշտ լցնեն իրենց ցանկալի ինֆորմացիան, բայց չի հաջողվի:

Որևէ իշխանության չի հաջողվել ու չի հաջողվելու իրենց, այս քարը շատ ծանր է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am