«ՏՏ ոլորտը պետության աջակցության կարիք ունի, բայց ընտրված մեխանիզմը սոցիալական արդարության տեսանկյունից ճիշտ չէ». տնտեսագետ

Հայաստանի ֆինանսական շուկայում դոլար-եվրո-դրամ փոխարժեքային տատանումները և հայկական դրամի արժևորումը դժվար կացության մեջ են դրել երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ/IT) ոլորտը: Պատճառն այն է, որ այդ ընկերությունների պայմանագրերը կնքվում են, արտադրանքը արտահանվում է ԱՄՆ դոլարով:

Ոլորտի ներկայացուցիչները ահազանգում են՝ մի շարք ընկերություններ գնացել են կրճատումների կամ առհասարակ փակվել են։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը դեռևս սեպտեմբերին հանրային քննարկման էր ներկայացրել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, սակայն փաստաթուղթը մնացել է այդ մակարդակում ու կառավարության հաստատման չի ներկայացվել:

Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության որոշման նախագծով առաջարկում է եկամտային հարկի վերադարձ. եթե տեղեկատվական տեխնոլոգիաների համար նախատեսված արտոնություններից օգտվելու հնարավորություն ունի ընկերությունը, այսինքն՝ եթե ընկերությունը վճարում է 10 տոկոս եկամտահարկ, ապա պետական բյուջեից նախատեսվում է 50 տոկոս վերադարձ եկամտահարկի տեսքով, եթե ընկերությունը չունի արտոնություն, այսինքն՝ վճարում է 21 տոկոս եկամտահարկ, նախատեսվում է դրա 100 տոկոսի չափով վերադարձ իրականացնել:

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը հաշվարկել է՝ պետական բյուջեի վրա այս փոխհատուցումը՝ 4 ամսվա եկամտային հարկի վերադարձը, կարող է 16 մլրդ դրամ արժենալ: «Դա բավականին մեծ ցուցանիշ է մեր բյուջեի համար: Եթե հաշվի առնենք, որ բյուջեում այս տարվա համար հարկային եկամուտների հավաքագրումը շուրջ 2 տրիլիոն է լինելու, ապա ստացվում է հարկային եկամուտների 0.8 տոկոսը պետք է վերադարձվի ՏՏ ոլորտին»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Ֆանյանը:

Նա ընդունում է, որ ՏՏ ոլորտը պետության աջակցության կարիք ունի, բայց ընտրված մեխանիզմը ճիշտ չի համարում գոնե սոցիալական արդարության տեսանկյունից:

«Արդյոք դա սոցիալապես արդարացի է: Դա տնտեսական քաղաքականության տեսանկյունից սխալ է: Ի՞նչ մեսիջ ենք տալիս մենք: Այսինքն՝ մարդիկ, ովքեր ստանում են շատ բարձր աշխատավարձ, իրենց գործատուները չեն կարողանում ապահովել իրենց աշխատողների բարձր աշխատավարձը, և պետությունը պետք է եկամտային հարկի վերադարձ տա, որպեսզի այդ մարդիկ ստանան իրենց բարձր աշխատավարձը: Ես կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ սոցիալական արդարության տեսանկյունից»,- ընդգծում է տնտեսագետը:

Նրա խոսքով՝ այս դեպքում ՏՏ ոլորտը պետք է ուղղակի ընդառաջ քայլ կատարի ու որոշակիորեն նվազեցնի աշխատավարձերը: «Մենք չենք ասում՝ ինչու է մարդը բարձր աշխատավարձ ստանում, ամենևին, այդ մարդիկ շատ որակյալ մասնագետներ են և, բնականաբար, պետք է բարձր աշխատավարձ ստանան: Բայց հիմա իրենց գործատուն չի կարողանում այդ բարձր աշխատավարձը ապահովել ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված: Այս դեպքում Կառավարությունը, բնականաբար, կարող է օժանդակել, բայց այդ օժանդակությունը չի կարող լինել այդ ծավալով և միայն այդ ոլորտին: Սա շատ խնդրահարույց է, ու ինչպես ասացի, ոչ արդարացի: Միայն այդ ոլորտը չէ, այլ ոլորտներ ևս տուժում են: Պետք է ուրիշ մեխանիզմ մտածել, որը պետության և ոլորտի շահերը կհավասարակշռի»,- նշում է նա:

Գործադիրը ՏՏ ոլորտը դիտարկում է տնտեսության առաջատար ճյուղերից մեկը և գործունեության ծրագրում նշել է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականը Կառավարությունը նախատեսում է ունենալ շուրջ 35000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7%-ը։ 2020 թվականի տվյալներով այս ցուցանիշը 4% է կազմել։

Հայկազ Ֆանյանն ասում է՝ ՀՆԱ-ում ՏՏ ոլորտն ունի սահմանափակ մասնաբաժին, սակայն այս տարի կարող է բարելավել դիրքերը՝ Հայաստան ռուսական ընկերությունների ու մասնագետների տեղափոխմամբ պայմանավորված:

«Ըստ էության, ՏՏ ոլորտի մասնաբաժինը էականորեն կբարելավվի այս տարվա տվյալներով: Սակայն միևնույն է, դրա մասնաբաժինը բավականին սահմանափակ է շարունակելու մնալ, նույնիսկ այդ բարձրացման պարագայում, կարծում եմ՝ մաքսիմում 4-5 տոկոսի սահմաններում լինի»,- ասում է Ֆանյանը:

Փոխարժեքի այս տատանումներից և հատկապես դրամի արժևորումից, ըստ Ֆանյանի, ոչ միայն ՏՏ ոլորտն է տուժում, նաև, օրինակ՝ հանքարդյունաբերությունը, այն ընկերությունները, որոնք առևտուր են իրականացնում երրորդ երկրների հետ դոլարով, արտարժույթով:

Դիտարկմանը, թե նախագիծը ներկայացվել ու հանրային քննարկում է անցել սեպտեմբերին, սակայն դրանից հետո որևէ քայլ չի արվել Կառավարության կողմից, տնտեսագետն արձագանքում է. «Ոլորտի համակարգման համար պատասխանատու է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, բայց առաջարկությունը ներկայացրել է էկոնոմիկայի նախարարությունը: Չեմ բացառում, որ որոշակի միջգերատեսչական կոնֆլիկտ կա այդ առումով: Նախագծի ներկայացումից մեկ ամիս է անցել, սակայն որևէ առաջընթաց չկա:

Երբ մեր ՏՏ ոլորտի գործընկերները Կառավարությանն ուղղված հարց են բարձրացնում ու նշում են, որ թեկուզ բացասական, բայց գոնե մի պատասխան տվեք, ես միանգամայն համաձայն եմ նրանց հետ, որովհետև որոշակի սպասումներ ունեն: Այն անորոշությունը, որը տիրում է այս նախագծի հետ կապված, այնքան էլ դրական չի անդրադառնում ոլորտում կայացվելիք որոշումների վրա»,- ասում է մասնագետը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am