«Ես չգիտեմ` էդ ինչ թույն են լցնելու էրեխեքիս մեջ». Հայաստանում սկսել են հրաժարվել երեխաների պատվաստումներից կամ դիմել վճարովի ծառայությունների

«Ես չգիտեմ` էդ ինչ թույն են լցնելու էրեխեքիս մեջ». Հայաստանում սկսել են հրաժարվել երեխաների պատվաստումներից կամ դիմել վճարովի ծառայությունների
«Ես չգիտեմ` էդ ինչ թույն են լցնելու էրեխեքիս մեջ». Հայաստանում սկսել են հրաժարվել երեխաների պատվաստումներից կամ դիմել վճարովի ծառայությունների

«Երեխաներին բեր, գոնե թող փայտացման դեմ պատվաստումը ստանան, հրաժարվում ես` առանց լսելու ու առանց կոնկրետ պատճառի»,- պոլիկլինիկայի միջանցքում բուժքույրը փորձում է համոզել երկու թոռան տեր տատին` չհրաժարվել պատվաստումներից:
«Ես իրոք չեմ վստահում ոչ մեկին, ես չգիտեմ` էդ ինչ թույն են լցնելու էրեխեքիս մեջ, ոչ մի բանն էլ Հայաստանում վստահություն չունի, էրեխեքիս ես իմ ձեռով չեմ թունավորի»,- իր դիրքորոշումն է պարզաբանում 62-ամյա Հայկուշ Ասատրյանը:
Երևանի թիվ 20 պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչ Անահիտ Զորյանը լրացնում է բուժքրոջը. «Եթե հնարավոր է կանխարգելել ինֆեկցիան, ինչու չանել: Եթե չպատվաստենք, հիվանդությունները գլուխ կբարձրացնեն: Հիմա ասում են` դե, լավ, որ իմ երեխան էլ չպատվաստվի, կլինի, էլի: Կլինի, բայց որովհետև իմ ու քո երեխաները պատվաստված են»:
Բժիշկները համակարծիք են՝ այսօր, առավել քան երբևէ, պատվաստումներն անհրաժեշտություն են և առաջնահերթ երեխաների համար: Ըստ պատվաստումների պլանային օրացույցի` Հայաստանում երեխան առաջին պատվաստումը ստանում է ծննդատանը` ծնվելուց հետո 24 ժամի ընթացքում: Առաջին պատվաստումն արվում է հեպատիտ B-ի (ինչպես ընդունված է ասել` դեղնախտի) և տուբերկուլոզի դեմ:

Ծննդատնից դուրս գալուց հետո երեխաները նախատեսված պատվաստումները անվճար ստանում են արդեն պոլիկլինիկաներում, որտեղ 6-շաբաթական հասակում պատվաստվում են հնգավալենտ վակցինայով` դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի, հեպատիտ B-ի ու հեմոֆիլուս ինֆլուենզա B տիպի հիվանդության դեմ: Այս հինգ հիվանդությունների դեմ պատվաստումն արվում է մի ներարկումով ու նույն վակցինայով, զուգահեռ տրվում է պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութը, որ երեխան ստանում է բերանի մեջ կաթեցնելու միջոցով:

Մինչև 6 տարեկան երեխաները պարբերաբար պատվաստվում են տարբեր հիվանդությունների դեմ` օրացուցային պլանի համաձայն, 6 տարեկանում երեխան ստանում է մանկական տարիքի համար նախատեսված վերջին պատվաստումները:

Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասում է, որ երեխաները պետք է պատվաստվեն` անկախ փաստից` հանրապետությունում կա տվյալ հիվանդությունը, թե ոչ.

«1996-ից հետո Հայաստանում պոլիոմիելիտի, 2000-ից` դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել, իսկ 2007-ին նաև` կարմրուկի ու կարմրախտի դեպքեր, սակայն, հաշվի առնելով Հայաստանի հետ կապ ունեցող երկրների համաճարակային վիճակը, մենք պատվաստումները չենք հանում մեր պլանային օրացույցից»:

Չնայած պատվաստումների օգտակարության վերաբերյալ բժիշկների բոլոր հավաստիացումներին` երեխաների մոտ հետպատվաստումային ծանր ռեակցիաների մասին լուրերն ու խոսակցությունները կասկածների և պատվաստումներից խուսափելու պատճառ են դառնում:

«Տղաս` Արեգը, ութ ամսական էր, երբ տարանք պատվաստման: Օրեր անց շոկի մեջ, անգիտակից վիճակում հասցրինք հիվանդանոց, և բժիշկների առաջին հարցը եղավ` վերջին երկու շաբաթում երեխան պատվաստվել է,- պատմում է Նոյեմի Անդրեասյանը: – Անալիզները հանձնելուց, ռենտգենից հետո պարզ դարձավ, որ երեխաս գաղտնի բրոնխիտ է տարել, նաև աղիքի ոլորում է ունեցել, և շտապ վիրահատություն նշանակեցին»:

«Ինձ բացատրեցին, և ես հասկանում եմ, որ դա քիչ կապ ունի պատվաստման հետ, բայց այդ դժոխքի միջով անցնելուց հետո հրաժարվեցի պատվաստել փոքրիկիս, որովհետև հիվանդանոցում նորմալ չեն ստուգում մինչև պատվաստումը, ոչ մի անալիզ չեն հանձնում,- ասում է Նոյեմին,- հիմա էլ սկսել են ինձ հոգեբանորեն ճնշել` մեղադրելով Եհովայի վկա լինելու մեջ»:

Նախարարության ներկայացուցիչ Գայանե Սահակյանն ասում է՝ խնդիրն այն է, որ ամեն մի բարդացում կամ հիվանդություն փորձում են կապել ակնհայտ միջամտության հետ. «Պատվաստումն ու բրոնխիտի վիճակը իրար հետ կապված չեն, բրոնխիտը այլ հիվանդություն է և ունի իր զարգացման ընթացքը, երեխայի մոտ կարող էր վիճակը վատթարանալ նաև առանց պատվաստումն անելու, այդ դեպքում ինչի հետ պիտի կապեին»:

Մասնագետը հավելում է, որ երեխային տվյալ պահին պատվաստել, թե ոչ` որոշում է մանկաբույժը զննումից և երեխայի առողջական վիճակը բավարար գնահատելուց հետո: Պատվաստումը բացառելու հակացուցումները շատ չեն. պատվաստում չի արվում չարորակ ուռուցքի դեպքում միայն, իսկ հետաձգվում է, եթե երեխայի մոտ առկա է ալերգիկ սուր վիճակ, կամ նախորդ պատվաստումն առաջացրել է անաֆիլակտիկ շոկ` պայմանավորված կոնկրետ օրգանիզմի առանձնահատկություններով, բայց վերջին հինգ տարվա ընթացքում նման դեպքեր չեն գրանցվել:

«Արտերկրում այսօր ջերմությունը որպես հակացուցում չի ընդունվում, երեխան մինչև 38 աստիճան կարող է հանգիստ պատվաստվել, և ոչ մի բարդություն չառաջանա, մենք խուսափում ենք թե քիչ ջերմության և թե կարմիր կոկորդի դեպքում, հետաձգում ենք պատվաստումը, որպեսզի բնակչության ընկալումն ավելի չսրվի»,- նշում է Սահակյանը՝ հավելելով, որ պատվաստումից հետո առաջացած տեղային ռեակցիաներից դարձյալ չպետք է վախենալ:

Մինչև 2011 թվականը եվրոպական երկրներում ընդունված էր պատվաստել ուզել-չուզելու ազատ սկզբունքը, սակայն Եվրոպայում կարմրուկ-կարմրախտի համաճարակից ու Ֆրանսիայում 12 երեխայի մահից հետո այդ երկրները վերանայեցին իրենց դիրքորոշումն ու պատվաստումները պարտադիր դարձրին:

Մինչդեռ Հայաստանում պատվաստելու որոշում ընդունելը դեռ ծնողի հայեցողությամբ է լինում:

«Եթե ծնողը հրաժարականը գրում է, մենք չենք պարտադրում, բայց մինչև հրաժարվելը բուժաշխատողը բավական աշխատանք է կատարում, նրան բացատրում ենք, որ ինքը գիտակցելով գնա այդ քայլին և ոչ թե այստեղից-այնտեղից լսելով»,- ասում է մանկաբույժ Անահիտ Զորյանը՝ պատմելով վերջին տարիներին հատկապես ավելացած, այսպես կոչված, «ինտերնետային մայրիկների» մասին.

«Այստեղից-այնտեղից սխալ ինֆորմացիա են կարդում, գալիս են, թե չենք ուզում պատվաստել: Մենք էլ հաճախ «կապկային» բաներ ենք անում, մեկը մի բան անում է, մյուսները կրկնում են,- ասում է մանկաբույժը: – Ու ինչքան աշխատանք պիտի տանենք այդ ծնողների հետ, որ իրենց մոտ արդեն ձևավորված այդ նստվածքը հետ գնա, որ մեր ասածը հավատ ներշնչի»:

Թեև Գայանե Սահակյանը հավաստիացնում է, որ Հայաստանում պատվաստումների 95 տոկոսանոց արդյունք են ունենում, ինչը հավաստում է նաև Հայաստանի «Ժողովրդագրության և առողջության հարցերի» 2010-ի հետազոտությունը, ըստ մանկաբույժների՝ վերջին տարիներին հատկապես ավելացել է հրաժարվող մայրիկների թիվը:

Մայրիկները երբեմն հրաժարվում են նաև պոլիկլինիկաների անվճար ծառայությունից ու գերադասում մասնավոր կլինիկաների վճարովի պատվաստումները:

«Օրինակ` կոնկրետ «Նաիրիի» (բժշկական կենտրոն) պատվաստանյութը նույնը չէ, ինչ որ պոլիկլինիկաներում, այնտեղինը շատ ավելի լավն է, որովհետև հետպատվաստումային ռեակցիաները նվազեցված են, երեխաները ավելի հեշտ են տանում»,- ասում է ծնող Գոհար Ղումաշյանը:

Հատկանշական է ու ծնողներին մտորելու տեղիք տվող այն, որ բուժաշխատողներն իրենք են նախընտրում իրենց կամ իրենց բարեկամների երեխաներին տանել մասնավոր հիվանդանոցներ` դարձյալ երեխայի հետպատվաստումային վիճակի բարդություններից խուսափելու համար:

«Տարբերությունը հնգավալենտ և եռավալենտ պատվաստանյութերի մեջ է: Կա պահանջվող անտիգենային կազմ, որը պետք է օրգանիզմը պաշտպանի տվյալ հիվանդությունից: Եռավալենտը, որ արվում է մասնավոր սեկտորում, շատ քիչ անտիգեններ է պարունակում. դիֆթերիայի և փայտացման առումով խնդիր չէ, բայց կապույտ հազի և հարկապույտ հազի տեսանկյունից, որով հենց պայմանավորված է ռեակցիաների առաջացումը, ամբողջովին չի պաշտպանում հիվանդություններից»,- մեկնաբանում է Գայանե Սահակյանը:

Ծնողների՝ պատվաստումներից հրաժարվելու նախապայմաններից է նաև անվստահությունը պատվաստանյութերի որակի և վաղեմության ժամկետի նկատմամբ.

«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը իր գործակալության միջոցով ձեռք է բերում պատվաստանյութերը, որոնք պետք է լիցենզավորված լինեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից»,- գործընթացի մասին է պատմում հիմնադրամի առողջապահության և սնուցման ծրագրի ղեկավար Լիանա Հովակիմյանը:

«Պարզապես մեկ անգամ հնդկական պատվաստանյութ գնեցինք, և միայն այդ հանգամանքից մեծ աղմուկ բարձրացավ, հրաժարումները շատացան, և դա մեզ համար դաս եղավ, որ պետք չէ ոչ եվրոպական արտադրության պատվաստանյութեր ներկրել Հայաստան»,- հավելում է նա՝ նշելով, որ այսօր Հայաստան են ներկրվում միայն բելգիական Glaxo կամ ֆրանսիական Lui Paster ֆիրմային պատվաստանյութերը:

Անի Եղիազարյան

Լուսանկարը՝ Էմմա Թիթեռնիկ Գրիգորյանի

© Medialab.am