Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի անսպասելի խիստ քննադատությունն` ուղղված կառավարության վերջին տարիների կատարած աշխատանքներին, դարձել է ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկը:
Եթե շատերը դրական են գնահատում Սերժ Սարգսյանի` վարչապետ Տիգրան Սարգսյանին անխնա քննադատելը, վերլուծաբանների գնահատմամբ, նախագահն ուղղակի ընտրությունների նախաշեմին փորձում է ընտրողների վստահությունը շահելու քայլեր կատարել:
Ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, քանի որ հասարակությունը գործող կառավարությունից տարիներ շարունակ դժգոհ է, նախագահ Սերժ Սարգսյանն քննադատությամբ «որոշ փոխզիջումների է գնում»:
«Սարգսյանը հասարակության հետ քննադատում է նույն կառավարությանը, ցույց տալու, որ իրեն էլ է մտահոգում դա, սակայն այդպես նա փորձում է շահել հասարակության ուշադրությունը: Այն ինչ կատարվում է կառավարությունում` կոռուպցիան, տնտեսական անհասկանալի քաղաքականությունը, նախագահն ասում է, որ ինքն էլ գոհ չէ:
Ցույց է տալիս, որ 4 տարի է, ինչ սպասում է տեղաշարժերի, բայց դրանք չկան եւ հասարակությանն իր քննադատությունը ցույց տալով փորձում է եկող նախագահական ընտրությունների իր ակցիաները շահել»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարությունում խորհրդակցություն հրավիրելով, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահը իր դժգոհությունն է հայտնել կառավարության գործունեության հանդեպ:
«Կառավարության աշխատանքը ես շատ բացասական եմ գնահատում, շատ բացասական»,-ասել է նախագահը:
«Մենք 4 տարիա խոսում ենք քեզ հետ էս թեմաներով, 4 տարի ուղիղ, բայց պրոցեսները շարունակվում են, գնում են, 6 ամիս հետո լավ կլինի, մի տարի հետո լավ կլինի, գոնե էդ տեխնիկակակն խնդիրները կարող ե՞նք լուծել, կանոնակարգերը կարող ե՞նք գրել, հետո գնալու են էն մարդկանց հետեւից, ովքեր ատկատներ են վերցնում, գնալու են էն մարդկանց հետեւից, ովքեր այսպես ասած մատակարարներից պարտքեր են վերցնում,գնալու են էն մարդկանց հետեւից, ովքեր իրենց քեռու տղային են բերում տենդերում հաղթեցնում չգիտեմ կրկնակի ավել գներով»,-վարչապետ Սարգսյանին զայրացած դիմել է նախագահ Սարգսյանը:
Ըստ նախագահականի տարածած հաղորդագրության եւ տԵսանյութի, խորհրդակցության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է հանդիպման մասնակիցներին՝ յուրաքանչյուրն իր նախարարությունում, գերատեսչությունում խորհրդակցություններ հրավիրի եւ աշխատակիցներին հստակ բացատրի, որ նման թերացումների դեպքում այլևս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու:
«Եվ առաջին հերթին հենց ձեզնից եմ ակնկալելու նախաձեռնություններ»,-դիմելով ներկաներին՝ ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքաշինություն, տրանսպորտ եւ կապ, պաշտպանություն, առողջապահություն ու հատկապես դեղերի շուկայի վերահսկողություն եւ այլն, խնդիրներ կան կապված եւ՛ գնումների, եւ՛ պետական բյուջեն արդյունավետ տնօրինելու հետ:
Նա խստորեն հանձնարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ Գլխավոր դատախազությանը՝ լրջորեն զբաղվել այս խնդիրներով:
«Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորդ ոչ ձևական, այլ իրականում դառնաք մեր դաշնակիցներից մեկն այս հարցում եւ շահագրգիռ լինեք բարձրացված խնդիրների լուծման հարցում»,-խորհրդակցության մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով գլուխը կախ կուլ էր տալիս նախագահի քննադատությունը, վստահեցրել է որ խորհրդակցության ժամանակ բարձրացված հարցերը կառավարությունում հանգամանորեն կքննարկվեն, եւ նախագահին կներկայացվի նշված խնդիրների լուծման միջոցառումների ժամանակացույց:
«Այն բոլոր գնահատականները, որ դուք տվեցիք, պարո՛ն նախագահ, սթափեցնող են և պարտադրում են մեզ բոլորիս՝ էական փոփոխություններ կատարել մեր աշխատանքներում, և մենք այդ ամենն անպայման կիրականացնենք»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
© Medialab.am