Նորին մեծություն Սահմանադրությունը. Կամ ովքեր են «մարդակենտրոն» փաստաթղթի հեղինակները

Նորին մեծություն Սահմանադրությունը. Կամ ովքեր են «մարդակենտրոն» փաստաթղթի հեղինակները
Նորին մեծություն Սահմանադրությունը. Կամ ովքեր են «մարդակենտրոն» փաստաթղթի հեղինակները

Երբ կորցնում են բարոյականությունը՝ մնում է օրենքը, երբ կորցնում են օրենքը՝ մնում է սովորույթը։ Իսկ սովորույթը բարոյականի արտաքինն է եւ նրանից սկսվում է այլասերումը։ Կ. Զարյան

Սահմանադրությունը տասնամյակը մեկ փոխելու սովորույթը, կարծես, դառնում է Հայաստանի անկախ նորօրյա պետականության շարունակականութան միակ վկայությունը։ Սակայն այս անգամ փոփոխություններն առաջարկում են, ինչպես ընդունված է ասել, մասնագետները՝ ի դեմս Սահմանադրական դատարանի նախագահի Գագիկ Հարությունյանի ղեկավարած մասնագիտական հանձնաժողովի։ Հիմնական օրենքի նախագծի հեղինակները շարունակ պնդում են, թե իրենց առաջարկած, ըստ էության, նոր Սահմանադրությունը մարդակենտրոն է։ Չփորձելով խորանալ առաջարկվող փաստաթղթի բովանդակության մեջ՝ փորձենք հասկանալ, թե ովքեր են մեզ առաջարկում «մարդակենտրոն» սահմանադրություն։

Հայաստանի 1995- ի Սահմանադրությունն իր առաջին լուրջ փորձությունն անցավ արդեն մեկ տարի հետո՝ նախագահական ընտրությունների ժամանակ։ Ինչպես անցկացվեցին այդ ընտրությունները մի հարց է, բոլորովին այլ հարց է, թե ինչպես այն քննության առնվեց Սահմանադրական դատարանում, որի անդամները, նույն այդ Սահմանադրության «արդարադատություն իրականացնելիս… անկախ են եւ ենթարկվում են միայն օրենքին»։ Իհարկե, խոսքերը շատ գեղեցիկ են, բայց ՍԴ անդամները պետք է մի բան անեին, որ ԿԸՀ վերջնական պաշտոնական արձանագրության մեջ առկա 22 հազարից ավելի անճշտությունները, որոնք էապես ազդում էին ընտրությունների արդյունքների վրա, ինչն արձանագրված էր նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հայտարարության մեջ, ինչ- որ կերպ բացատրեին։ Թեեւ օրենքով ընտրությունների փաստական հանգամանքները քննելու իրավունք ՍԴ- ն չուներ, բայց ինչեր չես անի, ու դեռ անելու ես, միայն թե վստահություն չվայելող ընտրություններն անվավեր չհամարես։ Դրա համար պետք էր Երեւանում թվերը ճշտել, դատարանի դահլիճում Գագիկ Հարությունյանը պետք է մատ թափ տար Երեւանի ընտրական հանձնաժողովի երիտասարդ նախագահի վրա, ու… դրվեր Սահմանադրության՝ սովորույթի ուժով չգոյության սկիզբը։

Դրանից հետո արդեն եւ 2003- ին, եւ 2008- ին Սահմանադրական դատարանը արդեն նախագահի ընտրությունների բողոքարկման արդյունքները քննելիս առաջնորդվում էր ոչ թե Սահմանադրությամբ, այլ՝ սովորույթի ուժով։ Ավելին՝ 2003- ի ընտրությունների 2- րդ փուլի արդյունքներին նվիրված որոշման մեջ Գագիկ Հարությունյանի ղեկավարած դատարանն աննախադեպ քայլի դիմեց՝առաջարկեց «որպես նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը»։ Ընտրությունը հենց վստահության հանրաքվե է, բայց երբ այդ հանրաքվե-ընտրության արդյունքներն ընդունելուց հետո ՍԴ- ն կոչ է անում նոր հանրաքվե անցկացնել, արդեն խոսում է պետական այս կառույցի իրավագիտակցության մակարդակի մասին։ 

Հայաստանում ընտրական գործընթացները, որպես կանոն, ուղեկցվում են մարդու իրավունքների, եթե կարելի է ասել, զանգվածային խախտումներով, որոնք այդպես էլ մեր երկրում իրավական գնահատական երբեք չեն ստանում։ Ու այսօր Սամանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովը մեզ ներկայացնում է Սահմանադրության փոփոխությունների «մարդակենտրոն» նախագիծ ու վստահեցնում, որ այս մեկն արդեն սովորույթի ուժով չի գործի։ 

Այսպես՝ 2003-ի նախագահական ընտրությունների ընթացքում Հայաստանի մոտ 130 քաղաքացի վարչական կալանքի ու պատժի ենթարկվեց «չարտոնագրված» հավաքների մասնակցելու համար։ Եթե դատական մեկ որոշման մեջ լիներ «արտոնագրված/լիցենզավորված» բառը, կարող էինք ինչ- որ կերպ խոսել դատական վճռում առկա վրիպակի մասին, բայց երբ շատ վճիռներում է նման ձեւակերպում գտնվում, սա հայաստանյան իրավական մտքի համար ախտորոշում է։ 

2004-ի ապրիլին, երբ ցուցարարներն իշխանություններից պահանջում էին կատարել ՍԴ որոշման «վստահության հանրաքվե» անցկացնելու առաջարկը, արդեն ոստիկանական հատուկ ուժերի եւ միջոցների օգտագործմամբ ցրվեց ընդդիմության բազմամարդ «չարտոնված» հանրահավաքը։ Եվ սա այն դեպքում, երբ Սահմանադրությունն արձանագրում էր, որ «Քաղաքացիներն ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունք»։ 2004-ի ապրիլին չկար նաեւ որեւէ օրենք, որպեսզի հանրահավաքի արտոնում պարտադրեր, սակայն իշխանությունը կարող էր խախտել Սահմանադրությունը՝ սովորույթի ուժով, իսկ ՍԴ նախագահն էլ հիշեցներ, որ «վստահության հանրաքվեի» հիշատակումով իրենց որոշումը լոկ առաջարկ էր, որը կարող է եւ չկատարվել։

2008- ի մարտի 1-ին արդեն հանրահավաք ցրելու համար ոչ միայն հատուկ միջոցներ էին հարկավոր, այլեւ դիմահար կրակ Հայաստանի քաղաքացիների վրա։ Եվ ահա, ՍԴ նախագահի ղեկավարած մասնագիտական հանձնաժողովը հետին թվով Սահմանադրական փոփոխություններով առաջարկում է, որ «…բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն անցկացվում են ողջամիտ ժամկետում կատարված իրազեկման հիման վրա» (ձեւակերպումն ավելացվեց ինքնաբուխ հավաքների մասին մի նախադասությամբ քաղաքական ուժերի առաջարկությամբ), եւ որ մարդու ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության «իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով»։

Ընդհանրապես՝ Սահմանադրությունը խախտելը եւ հետին թվով սահմանադրական փոփոխություններով այդ խախտումը օրինականացնելը եւս Հայաստանում սովորույթի ուժ ունի։ Հիշո՞ւմ եք Բուզանդի փողոցի բնակիչների ունեզրկումը։ Կառավարության որոշմամբ նրանց սեփական բնակարանը հանրային շահի անվան տակ էքսպրոպրեացիայի ենթարկվեց։ Եվ սա այն դեպքում, երբ Սահմանադրությունը պարտադրում էր, որ «Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատրվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ»։ Եվ Հայաստանում չգտնվեց այն ժամանակվա իշխանամետ ոչ մի կուսակցություն, այդ թվում՝ իրեն ազգային համարող, ոչ մի դատարան, պետական ապարատում՝ այդ թվում դատախազությունում աշխատող ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ոչ մի շրջանավարտ, գիտնական- իրավաբան, որ պաշտպանի մեր երկրում մարդկանց սեփականության սահմանադրական իրավունքը։ Դրա փոխարեն 2005- ի սահմանադրության մեջ արդեն ամրագրվեց, որ օտարումը կարող է լինել «միայն բացառիկ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ»։ Սեփականության պահպանության նույն տրամաբանությունը պահպանվում է նաեւ նոր նախագծում։

Սահմանադրական իրավունքի՝ սովորույթի ուժով չգոյության փաստերը կարելի է երկար շարունակել, ու այս պարագայում «մարդակենտրոն» սահմանադրության մասին բնորոշումները լոկ գեղեցիկ խոսքեր են, որոնք այնքան սիրում է ՍԴ նախագահը, եւ ինչպես այս քննարկումներում ենք տեսնում, արդեն նաեւ մասնագիտական հանձնաժողովի անդամները:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Աղբյուրը՝ http://parliamentmonitoring.am/