Ռազմավարական գործընկերության հռչակագիրը կնպաստի Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների հետագա խորացմանը․ Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի դիտարկմամբ՝ Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կնպաստի և կաջակցի երկու երկրների հարաբերությունների հետագա խորացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությունների ընթացքում։

Վրաստանի վարչապետը, ողջունելով իր հայ գործընկերոջը և վերջինիս գլխավորած պատվիրակության անդամներին՝ ընդգծեց, որ Երևանի և Թբիլիսիի միջև պատմական հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամական կապերի, ինչպես նաև ժողովուրդների միջև հարյուրամյակների հարգանքի վրա։

«Ուրախ եմ, որ այս ամենի արդյունքում ռազմավարական գործընկերություն է հաստատվել, որը կաջակցի մեր հարաբերությունների հետագա խորացմանը», –  նշեց Կոբախիձեն՝ ուրախություն արտահայտելով, որ երկու երկրների միջև ստորագրված համաձայնագիրը շատ կարևոր դերակատարություն ունի և կոնկրետ արդյունքների է բերել։

Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ վարչապետին ՄԱԿ-ում վրացական բանաձևին աջակցություն տրամադրելու համար, որը կապված է Աբխազիայի և Ցխինվալի շրջաններ ներքին տեղահանվածների վերադարձի հետ։ Նա հավելեց, որ այդ որոշումը կնպաստի հայ-վրացական հարաբերությունների ապագա ամրապնդմանը։

Վրաստանի վարչապետը ընդգծեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ դինամիկ են, ինչը պետք է փորձել հետագայում ևս պահպանել։ Նա մանրամասնեց, որ հայ գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում զրուցել են նաև կողմերի միջև համագործակցության բոլոր ուղղությունների խորացման վերաբերյալ։