ԱԳ նախարարը պատերազմում ահաբեկիչների ներքաշումը լուրջ վտանգ է համարում տարածաշրջանում և դրանից դուրս

Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով տարածաշրջանում, Արցախի պատերազմում ահաբեկիչների ներգրավումը լրջագույն վտանգ է ոչ միայն տարածաշրջանի համար, այլ նաև դրանից շատ ավելի դուրս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք՝ մեր հայրենակիցներն Արցախում, հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու՝ Թուրքիայի, միջազգային ահաբեկիչ զինյալների և Ադրբեջանի դեմ: Եվ ահաբեկիչ զինյալների՝ մեր տարածաշրջանում հայտնվելը առավել քան մարտահրավեր է շատ ավելի լայն կոնտեքստում, քան միայն մեզ համար: Դրա հետևանքներն իրապես լրջագույն են: Ես չգիտեմ, թե ինչ էին մտածում Բաքվում, երբ այդ զինյալներին ներքաշում էին այս պատերազմի մեջ: Դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար և տարածաշրջանից շատ-շատ ավելի դուրս»,- ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ սա նոր իրողություն է տարածաշրջանում, որն առաջ է բերում գերակայությունների նոր՝ տարածաշրջանային առումով ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտ նոր նպատակների շրջանակ: Մնացականյանը նշեց, որ սեպտմբերի 27-ից սկսած ունենք իրավիճակ, որն անմիջապես վերաբերում է մեր տարածաշրջանին:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։