Նրանք հաշվարկներ են արել, և հիմա կանգնել են իրենց հաշվարկած բարեկեցությունը կորցնելու վտանգի առաջ․ Խառատյան

Սեփական ծառս թանկ է երկրի անտառներից, սեփական իրավունքս՝ բոլորիդ իրավունքներից: Թանկ է թե բարոյապես, թե նյութապես

Ինձ դուր է գալիս Սահմանադրական դատարանի թոշակի ուղարկվող անդամների՝ սեփական իրավունքը և անձը պաշտպանելու վճռականությունը: Նրանք հաշվարկներ են արել, և հիմա կանգնել են իրենց հաշվարկած բարեկեցությունը կորցնելու վտանգի առաջ:

Իրենք իրենց պաշտպանելու իրավունք նրանք, իհարկե, ունեն: Ինչպես լիազորություն, իրավունք և, գլխավորը՝ պարտավորություն ունեին պաշտպանել «պետական կարիքների» բիզնես ծրագրին զոհ գնացած, ունեզրկված, սնանկացած քաղաքացիների օրինական իրավունքները:

Այդ քաղաքացիներն էլ էին հաշվարկներ արել իրենց բարեկացության համար և ոչ միայն ապագայի հաշվարկները, այլև անցյալի կուտակածը կորցրին Սահմանադրական դատարանի կողմից բիզնես ծրագրերը պաշտպանելու ըստ էության քաղաքական կողմորոշման պատճառով:

Եթե Սահմանադրական դատարանի անդամները համոզված էին ՀՀ քաղաքացիներին ունեզրկող իրենց վճիռներում, ՄԻԵԴ-ում ոչ իրավական որակված այդ վճիռների մասին որոշումները կվիճարկեին: Չեն վիճարկել, և ՀՀ պետական բյուջեն, այսինքն հարկատուները շարունակում են վճարել Հայաստանի դատարանների, այդ թվում Սահմանադրականի դատավորների սխալ (իրականում հանցավոր) որոշումների համար: Կամ՝ չեն կատարում ՄԻԵԴ-ի վճիռը, չեն վճարում և փաստացի հանցագործությունը շարունակում է ուժի մեջ մնալ: Իսկ ՍԴ անդամ/դատավորներն առնվազն այս հարցում շարունակում են խուլ, կույր, համր ձևանալ: