«Երեխուն տեսա, ոտքերից ու սրտից խփած էր»․ Էրիկը զոհվել է Շուշիում՝ հայտնվելով շրջափակման մեջ

«Էրիկով շնչել եմ, ուրիշ ձևով էի իրան սիրում, առանց իրա ոչ մի տեղ չեմ կարողացել գնալ»․ տղայի զոհվելու մասին իմանալուց հետո էլ որդուն միայնակ մեծացրած Հասմիկ Բախշյանը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել իրականության հետ: Ասում է՝ շարունակում է սրտի խորքում հույս փայփայել, որ որդու մահը սխալմունք է, ու Էրիկը մի օր դուռը կբացի ու տուն կմտնի։

18-ամյա Էրիկ Հովհաննիսյանը 2 ամիս 24 օր էր, ինչ ժամկետային ծառայության էր մեկնել, երբ սկսվեց պատերազմը։ Էրիկը 42 օր հակառակորդի դեմ կռվել է Հադրութում, Մարտունիում, այնուհետև՝ Շուշիում։ Սակայն մորը միշտ ասել է՝ բունկերում է։

«Մինչև վերջ էլ երեխեն թաքցրեց։ Նոյեմբերի 7-ին որ խոսում էի, ահավոր կրակոցներ էին լսվում, տղաներից ասում էին՝ արա՛, արա՛, տես՝ ինչ են անում… Հարցրի՝ Էրո՛ ջան, էդ ի՞նչ ձեներ ա, ասեց՝ մամա՛, ոչ մի բան, էդ հեռու ա, տղաները նայում են՝ ոնց են սարի վրա մարդիկ գնում-գալիս»։

Մայրն ասում է՝ Էրիկը շատ զուսպ էր ու ամեն կերպ փորձում էր այնպես անել, որ իրեն անհանգստություն չպատճառի։ «Ես անգամ իրա պրիսյագին չեմ կարողացել գնալ: Կարանտին էր, որ ուզում էի գնայի, ասեց՝ չեն թողելու, գալու ես՝ 10 րոպե դարպասի մոտ կանգնես, գնաս, բայց փոշմանում եմ, որ երեխուն լսել եմ, երանի գնայի, տեսնեի»։

Նոյեմբերի 7-ին Շուշիում հայտնվելով հակառակորդի շրջափակման մեջ՝ Էրիկը զոհվել է դիպուկահարի գնդակից։

Էրիկ Հովհաննիսյանը

«Մարտական ընկերները պատմել են, որ ամսի 7-ին երեխեքը մենակ են մնացել, իրենց հրամանատարը զոհվել ա, նոր հրամանատարն ասել ա՝ գնում եմ օգնության հետևից, բայց ավելի շուտ փախել ա։ Շրջափակման մեջ են հայտնվել Շուշիում, ու երեխեքն իրար կորցրել են»։

Մայրն ասում է՝ այդ օրերին հաճախ է տեսիլք տեսել ու վատ կանխազգացում ունեցել։ 

«Ինձ թվում էր՝ ես էրիկին անտառում գրկում եմ, ու թիկունքից իր սրտին խփում են: Ասում էի՝ Աստվա՜ծ, էս ինչե՜ր եմ մտածում, ղալաթ եմ անում»,- պատմում է ու հուզվում որդեկորույս մայրը։

Էրիկի զոհվելու մասին Հասմիկը տեղեկացել է նոյեմբերի 26-ին։ Մինչ այդ որդուց զանգեր չստանալով՝ եղել էր հնարավոր բոլոր հիվանդանոցներում ու դիահերձարաններում։ Ասում է՝ թողնում էր որդու լուսանկարը, հետևում՝ իր հեռախոսահամարը, որ լուր լինելուն պես իրեն հայտնեն։

«Ամսի 25-ին զանգեցին քուրիկիս, գնացել էր Մեծամորի դիահերձարան, տեսել էր երեխուն, բայց չէր ուզեցել հավատալ… Հաջորդ օրը ինձ զանգեցին, գնացի, կոմպով ցույց տվեցին, խաբեցի, ասեցի՝ չեմ ճանաչում, ուզում եմ տեսնեմ… Հետո բարձրացա ֆուրի մեջ, երեխուն տեսա, ոտքերից ու սրտից խփած էր, դիպուկահար էր խփել»,- կսկիծով ասում է մայրը։

Հասմիկն ասում է՝ Էրիկի հետ շատ կապված է եղել, կես խոսքից միմյանց հասկացել են։ Պատմում է, որ որդին շատ քաղցրակեր էր, և եթե աշխատանքից գալիս երկու շոկոլադ ունենար, երկուսն էլ դնում էր Էրիկի բարձի տակ։

«Ինքն անընդհատ ոնց որ ման էր գալիս դրանք, իրիկունը որ գալիս էր, ասում էր՝ մա՛մ, գլյուկոզա չկա, շատ-շատ էր քաղցր ուտում։ Ես աղջիկ էլ ունեմ, բայց Էրիկս իմ համար ուրիշ աշխարհ էր։ Որ հոգնած աշխատանքից գայի, ու հանկարծ Էրոս ասեր՝ մամա՛, մի բան կթխե՞ս, ասում էի՝ հա՛, բալե՛ս, ոնց չեմ թխի: Հաջորդ օրը որ աշխատանքի էի գնում, խմորեղեն էի տանում, աղջիկներն ասում էին՝ դու հլը հավես ունես, էդքանից հետո բան ես թխում, ասում էի՝ էրիկն ինչ ասի՝ կանեմ, չեմ նայի՝ հոգնած եմ, ինչ եմ»։

Էրիկը մինչև բանակ զորակոչվելը ավարտել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջը՝ ատամնատեխնիկ մասնագիտությամբ, ցանկանում էր բանակից գալ և ուսումը շարունակել։ Էրիկի երազանքներից էր, որ տուն ունենան և մոր ու քրոջ հետ առանձին ապրեն։

«Մենք ծնողներիս տանն էինք ապրում, Էրիկն ասում էր՝ համբերի՛, ես բանակ գնամ, գամ, դու քո տունը կունենաս: Ես իրա երազանքը կատարեցի, բայց էդ օրը իմ ամենածանր օրն էր, որ մտա տուն, էրիկս հետս չէր»,- հուզմունքով պատմում է մայրը։

Էրիկ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Արփինե Արզումանյան

MediaLab.am