«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը
– Պարո՛ն Նորիկյան, ՔՊ կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի ելույթի մեսիջը:
– Գնալով համոզվում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ցանկացած ելույթ պարունակում է ինքնարդարացման, մեղքի զգացումը թոթափելու, Երրորդ Հանրապետության վախճանի մասին գուժելու, իր կառավարման տարիներին տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունից խուսափելու տարրեր: Այս ելույթը չէր տարբերվում վերջին շրջանում նրա ունեցած ելույթներից, նույնիսկ կասեի, որ ռազմավարական առումով բավականին թույլ ելույթ էր, ստրատեգիական առումով ոչինչ չկանխորոշող:
Ամբողջ ելույթի առանցքը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն էր ու «խաղաղություն» բառի շահարկումը այն առումով, թե հաստատվել է խաղաղություն: Ես շատ ուրախ կլինեի, եթե այդպես լիներ, բայց խորքային առումով բոլոր ողջամիտ մարդիկ հասկանում են, որ տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական ստատուս քվոն այն աստիճան խախուտ է, որ տարածաշրջանի խաղաղությունը միայն Ադրբեջանով ու Հայաստանով պայմանավորված չէ, հետևաբար Փաշինյանի ուղերձները բացարձակապես տեղավորվում են նախընտրական քարոզարշավի շրջանակներում:
Փաշինյանն ասում է այն, ինչ ժողովուրդն ուզում է, բայց այլ հարց է, թե ժողովրդի ուզածը հնարավո՞ր է իրականացնել, թե՞ ոչ: Այս առումով՝ Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն պոպուլիզմի դրսևորումներով: Երկրորդ՝ կարծում եմ, որ ՔՊ-ի ներսում այնքան ջղաձիգ են դրսևորումները, վերջին շրջանում նաև առանձին անդամների միջև տեղի ունեցած սկանդալները, իրենք իրենց մեջ խնդիրներ ունեն ու նաև Փաշինյանի անվան շուրջ կառուցվող դիֆերամբները, ծափահարությունները ու նաև իրենց առաջնորդի անսխալականության ու անփոխարինելիության համախտանիշով համակված լինելը վկայում են այն մասին, որ ի դեմս ՔՊ-ի ու նրա առաջնորդի՝ Հայաստանում աստիճանաբար բյուրեղացվում է հերթական կոմունիստական կուսակցությունը, որը մշտապես ծափահարում էր իր առաջնորդին՝ համարելով նրան անսխալական, ամենահզոր, ամենակարող:
Հաշվի առնելով Փաշինյանի անհատական հատկանիշները՝ ասեմ, որ այս ամենը տուրք է նրա ցանկությունների իրականացմանը: Ինձ ավելի շատ զարմացրեց այն, երբ կուսակցության համաժողովում հռչակում են Երրորդ Հանրապետության ավարտն ու ավետում Չորրորդ Հանրապետության սկիզբը: Մարդիկ իրենց կուսակցությունը հավասարեցնում են պետության հետ: Ուրիշ բան է, երբ իշխանությունը առանձին ինստիտուցիոնալ, իրավական ընթացակարգերին համապատասխան կավետի Երրորդ Հանրապետության ավարտի ու Չորրորդի ծննդյան մասին, բայց երբ այդ ամենն իրականացվում է ինչ-որ մի կուսակցության համագումարի ժամանակ, դա տեղավորվում է «կառավարությունը ես եմ, պետությունը ես եմ» կոնցեպտի շրջանակներում:
Շատ վտանգավոր կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի 2026-ին, դա կնշանակի, որ Հայաստանն աստիճանաբար կվերածվի Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի ու նմանատիպ այլ երկրների՝ դրանց քաղաքական հիերարխիայի, քաղաքական առաջնորդության ու պետության ղեկավարման առումով:
– Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ապա իր ասած Չորրորդ Հանրապետությունը ձևով ու բովանդակությամբ ինչպիսի՞ն է լինելու:
– Անդեմ, անգաղափար, անծրագիր: Նիկոլ Փաշինյանի թողած ժառանգությունը Երրորդ Հանրապետության կործանումն է: Եթե նա մնա իշխանության, ապա մենք պարտվողականության, մեր արժեհամակարգի ոչնչացման, ինքնության վերաձևման, մեր ազգային խորհրդանշանների ուրացման, չեզոքացման, մեր իրական հայրենիքից, արմատներից զրկման քաղաքականության շարունակությանն ենք ականատես լինելու: Այսինքն՝ մենք կդառնանք մի ամորֆ մարմին, ընդ որում՝ չենք ունենալու իրական խաղաղություն ու փոփոխություն բոլոր ոլորտներում:
– Պարո՛ն Նորիկյան, իսկ բուն մեսիջը, որ Փաշինյանն այսօր փոխանցեց հանրությանը, ո՞րն էր:
– Որ խաղաղություն է բերել ինքը, տեսեք՝ նա, կներեք, բայց շատ ցինիկ հայտարարություն արեց, ասելով, թե հազարավոր մայրեր իրեն խնդրել են, որ ինքը խոսի խաղաղությունից, որ մենք ոչ թե հազարավոր զոհեր ենք տվել, այլ հազարավոր զինծառայողների կյանք է փրկել: Հասկանո՞ւմ եք՝ մանիպուլյացիան պետք է չափ ու սահման ունենա:
Բայց նաև ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին դեռ լսող կա, նա այնքան պահանջարկ ունի, որքան մեր ժողովուրդը նրան հանդուրժում է: Որ օրը սկսեցին նրան չհանդուրժել, ես կհամարեմ, որ նա սպառված քաղաքական առաջնորդ է: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գոյության հիմքում ոչ միայն իր ընդդիմախոսներն են, խոսքս նախկին իշխանությունների մասին է, այլև հասարակության մի ստվար զանգվածը, որոնց պատկերացմամբ Նիկոլը անսխալական հերոս է:
Քաջ գիտակցելով, որ Նիկոլը խաբում է մեր ժողովրդին, ես ուզում եմ ասել․ ժողովո՛ւրդ ջան, հերիք է խաբվեք, 30 տարի ձեզ տարբեր նոտաներով, ուղերձներով խաբում են, մեկ անգամ պետք է կանգնեք ու ճիշտ որոշում կայացնեք:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















