Ձեր ոգևորիչ խոսքերը մեզ ուժ են տալիս. Առաջին վարակակրին ընդունած բժշկի մտորումներն ու հորդորը

Նաիրա Ստեփանյանը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկ-վարակաբանն է, բուժական բաժանմունքի պատասխանատուն: Նա այն բժիշկն է, ով ընդունել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտին: «Արմենպրես»-ի հետ զրույցում վերհիշելով առաջին վարակակրի հետ աշխատանքը, հետագա զարգացումները, անդրադառնալով այսօրվա իրավիճակին՝ բժիշկը հղում է իր գլխավոր խոսքը՝ մի կորցրեք զգոնությունը:


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին հաստատված դեպքն ու բժիշկների արձագանքը


Երբ կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը հաստատվեց, երեկոյան ուժ ժամ էր: Մինչ այդ բժիշկները սովորական աշխատանքային ռիթմով գործի մեջ էին, աշխատանքից գնում էին տուն ու վերադառնում: Առաջին դեպքի հաստատումից հետո ամեն ինչ փոխվեց՝ աշխատանքային պայմաններից մինչև զգացողություններ:
«Առաջինն, ինչ ես զգացի, տագնապ էր, չբացատրված տագնապ: Ահազանգ էր այն մասին, որ վերջ, Հայաստնում սկսվեց դեպքերի արձանագրումը: Ես շփոթված էի, ինչ-որ առումով վախեցած, որովհետև մինչ այդ չէինք աշխատել այդ վիրուսի հետ, դեպքն առաջինն էր մեր երկրում: Անելիքներն ու գործողությունները պետք է լինեին հստակ՝ պաշտապանական ավելի ուժեղացված ռեժիմով: Հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, երբ արդեն սկսեցինք աշխատել հաստատված դեպքի հետ կոնկրետ, հստակ գործողություններով, զգացողությունները, իրավիճակը փոխվեցին: Տագնապն անմիջպապես անցավ, հստակեցվեց աշխատանքային գրաֆիկը, ձևաչափը, պլանը, հիվանդանոցը վերապրոֆիլավորվեց: Անհանգստությունն անցավ ու սկսեցինք աշխատանքը հստակ դեպքի հետ»,-պատմում է Նաիրա Ստեփանյանը:


Ցանկացած պացիենտի առողջացումն ու դուրս գրումը տոն է բժշկի համար


Այս իրավիճակը նոր էր նաև պացիենտի համար: Երբ թեստի պատասխանն իմացավ, կարճատև շփոթմունք եղավ, հետո ամեն ինչ անցավ: Բժշկի բնորոշմամբ, հավասարակաշռված երիտասարդ էր, նրա կինը նույնես իրենց մոտ էր հոսպիտալացված:
«Իհարկե, իրավիճակը նոր էր, սակայն, երիտասարդի հետ հոգեբանական առումով, եթե անկեղծ լինեմ, խնդիր չի եղել: Նա չունեցավ բարդություն, երրորդ օրվանից որևիցե միջամտության կարիք չեղավ, մենք պարզապես սպասում էինք օրերի ավարտին, վերջնական հետազոտմանը: Ասեմ, որ ցանկացած պացիենտի առողջացումը, դուրս գրումը մեզ համար տոն է: Երբ տեսնում ես պացիենտի ոգևորությունը, լիցքաթափությունը, լսում ես նրանց ջերմ խոսքերը, հավատացած եղեք, դա ամենամեծ պարգևն է և ամենամեծ շնորհակալությունը: Երբ մտա պացիենտի մոտ ասելու, որ թեստի արդյունքը բացասական է, տեսա, որ ինքն արդեն իրերը հավաքել, սպասում է: Կարծես, թե գիտեր, որ թեստի արդյունքը բացասական է լինելու: Շատ ուրախությամբ շնորհակալություն հայտնեց և գնաց: Մենք թեթևացած շունչ քաշեցինք՝ տեսնելով, որ սկսվեցին առողջացումները:
Պացիետների առողջացումը, դուրս գրումը մեզ ուժ է տալիս: Լինում են դեպքեր, երբ պացիենտը ծանր է լինում, օր ու գիշեր կողքն ես մնում, ժամերով անցկացնում ես մահճակալի մոտ: Երբ տեսնում ես, որ ցուցանիշները գնում են դեպի լավը, դա արդեն թեթևություն է, մեծ ուրախություն է ցանկացած բժշկի ու պացիենտի համար»,-ասաց բժիշկը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։