Արտակարգ դեպք Արարատի մարզում. էլեկտրաքարշը գնացքի գծերի վրա հայտնված «ՎԱԶ 2106»-ը վերածել է մետաղե ջարդոնի

Արարատի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում՝ կանգառի մոտ, գնացքը բախվել է ավտոմեքենայի, ինչից գազի արտահոսք  է սկսվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ Այգավան գյուղի Զորավար Անդրանիկի փողոցի վերջնամասում թիվ 1613 շարժական «ВЛ10-261» էլեկտրաքարշը բախվել է Արամայիս Միքայելյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «06»-ը, ապա ավտոմեքենան հեռացրել եկաթուղու վրայից։ Օպերատիվ են գործել նաև «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները, իսկ «ՎԱԶ 2106»-ի վարորդը գծերի վրայից անցնելիս է եղել, երբ մեքենան խնդիր է ունեցել, և նա դուրս է եկել ավտոմեքենայից, որպեսզի խնդիրը լուծի, մի պահ գնացել է ավտոմեքենայի մոտից, ապա վերադարձել և տեսել է ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի։