Ստեղծվում է «Շրջված դասարան» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ունեցող, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տարածել նրանց մասնագիտական եւ մանկավարժական առաջավոր փորձը:

Մրցույթին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Որպես խրախուսական նվեր՝ ԿԳՄՍ նախարարությունը հաղթողներին պարգեւատրել է շնորհակալագրերով եւ դյուրակիր համակարգիչներով:

Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը եւ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներն են «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում:

Մրցույթում նրանք ներկայացրել են «Շրջված դասարան (ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներ, հեռավար ուսուցման ձեւեր)» նախագիծը, որն արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականին:

Նախագծի հեղինակները պատմում են, որ ծրագրի մշակմամբ նպատակ են դրել աշակերտների համար ստեղծել սովորելու առավել հարմար միջավայր եւ հնարավորություն։

«Համավարակի պայմաններում կրթության հեռավար կազմակերպման անհրաժեշտությունը բոլորիս կանգնեցրեց մի շարք խնդիրների առաջ, որոնք լուծելու համար սկսվեց համագործակցված աշխատանք Սարգիս Խաչատրյանի հետ: Արդյունքում առաջացավ «Շրջված դասարանի»  գաղափարը, որը հնարավորություն կտա առավել մատչելի դարձնել ուսուցման գործընթացը եւ կունենանք առարկայական նյութերի ընդհանուր բազա, ինչը կնպաստի ինչպես մեր, այնպես էլ մյուս դպրոցների հեռավար ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Այսինքն՝ ծրագրի հիմնական խնդիրն է դպրոցում ստեղծել սովորելու վիրտուալ միջավայր, որից աշակերտը կկարողանա օգտվել օրվա ցանկացած ժամի եւ ցանկացած տեւողությամբ։ Բացի դրանից՝ մենք նպատակ ունենք սովորեցնել ուսուցիչներին եւ աշակերտներին՝ աշխատել եւ սովորել «Շրջված դասարանում», ինչպես նաեւ իրական ժամանակում իրականացնել ուսուցանող գնահատում»,- ծրագրի մանրամասներն է ներկայացնում Նարինե Սարգսյանը:

Սարգիս Խաչատրյանն իր հերթին ասում է՝ ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ աշակերտները կստանան սովորելու համար իրենց անհատական տվյալներին համապատասխան ժամանակ, ինչպես նաեւ իրենց տրված նյութը հիմնավոր կյուրացնեն եւ այն խորացնելու հնարավորություն կունենան։ Ծրագրի հեղինակները վստահեցնում են, որ դրա արդյունքում ծնողները կտեսնեն ուսուցչի աշխատանքը, իրենց երեխաներին տրված նոր հնարավորությունները, ինչի արդյունքում նրանց շրջանում կձեւավորվի ավելի բարձր կարծիք դպրոցի եւ ուսուցչի մասին։

Ծրագիրը նախատեսում է «Microsoft Teams» հարթակում ստեղծել «Շրջված դասարան», ապա ուսուցիչներին ուսուցանել՝ ինչպես աշխատել, իսկ աշակերտներին՝ ինչպես սովորել «Շրջված դասարանում»։ 2020-2021 ուսումնական տարում ծրագիրը կիրականացվի 10-րդ դասարաններում՝ երկու առարկայի, 2021-2022 ուսումնական տարում՝ չորս առարկայի, իսկ 2022-2023 ուսումնական տարում՝ բոլոր առարկաների գծով: Երկու ամիսը մեկ անգամ կկատարվեն ներքին գնահատում եւ անհատական վերահսկողություն՝ սովորողների հաջողությունները եւ դժվարությունները գնահատելու համար։ Այդ ամենից զատ՝ նախատեսվում է կազմակերպել մեթոդական օգնություն՝ արձանագրված դժվարությունները հաղթահարելու համար:

Նախագծի հեղինակները վստահ են՝ ծրագիրը կդառնա դպրոցի ուսումնական աշխատանքի կազմակերպման հիմնական ռազմավարությունը եւ կարտացոլվի տարեկան աշխատանքային պլանում։ Որպես ծրագրի առավելություն՝ նրանք նշում են այն փաստը, որ ուսուցիչը ժամանակ է շահում եւ այն օգտագործում դասարանում գործնական աշխատանքի համար: