«Հաստատվեց տարածքային հոգեբանամանկավարժական աջակցության կենտրոնների ֆինանսավորման նոր կարգը». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարությունը հաստատեց տարածքային հոգեբանամանկավարժական աջակցության կենտրոնների ֆինանսավորման նոր կարգը, որով կենտրոնների արդյունավետ գործունեության և ծառայությունների բարելավման պայմաններ են ստեղծվում, մասնավորապես.

  • սահմանվել է հաստիքների և աշխատավարձերի միասնական քաղաքականություն։
  • Նորմավորվել են կենտրոնների պահպանման ծախսերը, ընդ որում՝ֆինանսավորման հիմք է ոչ միայն կենտրոնի կողմից սպասարկվող երեխաների թիվը, այլև սպասարկվող դպրոցների քանակը, աշակերտների խտությունը, տարածքային բաշխվածությունը և այլն։
  • Կենտրոնների ֆինանսավորումը 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կներառի նաև նախադպրոցական հաստատությունները, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ՝ նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները:
  • Նոր բանաձևը լուծումներ է առաջարկում նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման համար։

Կանխելով կենտրոնների կարողությունների զարգացմանն ուղղված հարցերը, նշեմ, որ շարունակաբար իրականացվում են աշխատակիցների վերապատրաստումներ, ԱՄՆ ՄԶԳ հետ իրականացվող համատեղ ծրագրով իրականացվում են հինգ կենտրոնների վերանորոգման և անհրաժեշտ գույքով հագեցման աշխատանքներ։ 


Հավելեմ նաև, որ այս տարի Արարատի և Վայոց ձորի մարզերը կանցնեն հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառման՝ ամբողջացնելով գործընթացը։ Հաշվի առնելով, որ այս մարզերում հատուկ դպրոցներ չէին գործում, անհրաժեշտ ծառայությունները կտրամադրվեն մրցույթով ընտրված կազմակերպությունների կողմից»: