«Պատվաստվի՛ր, եթե ուզում ես ներս մտնել»․ առողջապահության նախարարության կողմից մշակվող նախագիծը բողոքի ալիք է բարձրացրել

Միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Արփինե Սաքանյանն ասում է, որ ստիպված է պատվաստվելու, քանի որ ի վիճակի չէ կես դրույք աշխատանքի համար վճարվող 50000 դրամ աշխատավարձից 30000 դրամ ծախսել ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնելու համար։

«Թեստը վճարովի է, իսկ պատվաստումը՝ անվճար, մանկավարժի աշխատավարձով անհնար է ամսվա մեջ երկու անգամ թեստ հանձնել։ Ստացվում է, որ մեզ ուղղակի ստիպում են պատվաստվել, իսկ պատվաստվելուն դեմ եմ, որովհետև տարբեր ֆեյսբուքյան հարթակներում պատվաստանյութերի մասին բացասական գրառումներ եմ կարդացել, լրատվամիջոցներում ևս շրջանառվում են տարբեր տեսակի նյութեր, որոնցում խոսվում է պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին, այդ պատճառով պատվաստանյութերից մտավախություն ունեմ և վստահ չեմ, որ դրանք լիարժեք անվտանգ կլինեն իմ օրգանիզմի համար»,- «Մեդիալաբին» ասում է Սաքանյանը։

Օգոստոսի 12-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ բոլոր կառույցներում կգործի պարտադիր պատվաստման կամ երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու նախագիծը, որ դեռևս գտնվում է մշակման փուլում, իսկ պատվաստվել չցանկանալու դեպքում այն քաղաքացիները, որոնք չունեն պատվաստման դեմ հակացուցումներ, պետք է ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն։ Թեստի արժեքը, հիշեցնենք, 10-15 հազար դրամ է։

Առողջապահության նախարարության որոշումը բողոքի ալիք է բարձրացրել տարբեր ուսումնական հաստատությունների ուսուցիչների, դասախոսների և կրթական ոլորտի այլ ներկայացուցիչների շրջանում։ Նրանցից ոմանք տարակուսած են, քանի որ մի կողմից չեն ուզում պատվաստվել, մյուս կողմից էլ ասում են, որ իրենց այլընտրանք չի մնում։

Միջնակարգ դպրոցի դասվար Նաիրուհի Դավթյանը կարծիք է հայտնում, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը պատվաստանյութի մասին տեղեկությունների իրազեկվածության ցածր մակարդակն է։ Նա մեղադրում է առողջապահության նախարարությանը մարդկանց պատվաստանյութերի տեսակի, ազդեցության, որակի ու բաղադրության մասին բավականաչափ չիրազեկելու համար։

«Եթե իրենք ճիշտ ձևով ներկայացնեն ամեն ինչ, մեզ մոտ վստահություն կառաջանա, և կգնանք պատվաստման, բայց պատվաստանյութերի մասին մեր ունեցած միակ տեղեկատվության աղբյուրը համացանցն է, որտեղ ես ինքս կարդում եմ, օրինակ՝ թե ինչ վատ հետևանքներ է թողել պատվաստանյութը ինչ-որ այլ երկրում»,- նշում է Դավթյանը և հավելում, որ հետպատվաստումային բարդությունների դեպքում էլ բժիշկները միայն «ճնշում կչափեն և կուղարկեն տուն»։

Ի տարբերություն բողոքի ալիք բարձրացրած իր գործընկերների, միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անուշ Աղաջանյանը պատվաստվելու մեջ որևէ վտանգ չի տեսնում, նա նշում է, որ պատվաստվել է, և իրավիճակը հաշվի առնելով այլընտրանք չի տեսել։ Նշում է, որ օրեցօր աճող վարակակիրների թիվը և վարակից գրանցվող մահվան դեպքերը պետք է մարդկանց սթափության առիթ հանդիսանային։ 

«Պատվաստումս շատ թեթև է անցել, որևէ լուրջ ազդեցություն չեմ զգացել դրանից հետո։ Պատվաստանյութի որակից կամ բաղադրությունից վախ ընդհանրապես չեմ ունեցել, որովհետև կարծում եմ, որ ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք հատուկ խուճապ են տարածում։ Պետք չէ այդ խուճապային տրամադրություններին այդքան տեղիք տալ»,- «Մեդիալաբին» ասում է Աղաջանյանը։

Միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նարինե Պողոսյանը ևս պատվաստված ուսուցիչների թվում է։ Նա նշում է՝ կամավոր է պատվաստվել, որովհետև հասկացել է, որ անհրաժեշտ է։ 

«Առաջին երկու օրը ջերմություն ունեի, բայց տեղյակ էի, որ այդպես էլ պետք է լիներ, ուստի չէի անհանգստանում։ Նախապես տարբեր տեսակի տեղեկություններ էի ստացել պատվաստանյութերի մասին, այդ պատճառով պատվաստվեցի, որ վարակվելու դեպքում ավելի թեթև տանեմ վիրուսը»,- ասում է Պողոսյանը։

Նոր սահմանափակումներ առաջ բերող այս նախագծի մշակման պատճառը վարակի մոտեցող չորրորդ ալիքն է և դրան զուգահեռ՝ Հայաստանում պատվաստումների ցածր ցուցանիշը։ Վերջին տվյալների համաձայն՝ 18 տարեկան և բարձր տարիքի բնակչության շրջանում պատվաստվածների թիվը 11% է։ 

Ըստ առողջապահության նախարարության ամփոփագրերի՝ օգոստոսի 22-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237634 դեպք, 4752-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7482 պացիենտ: Նախարարությունն իրազեկում է` օգոստոսի 21-ին կատարվել է 6933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 385 նոր դեպք, արձանագրվել է 15 մահվան դեպք:

Նախորդ տարի սկիզբ առած կորոնավիրուսային վարակի հետևանքով ամիսներ շարունակ ամբողջ աշխարհում հայտարարված լոքդաունի պայմաններում կրթությունը ևս տեղափոխվեց տուն: Օնլայն կրթությունը շատ փորձագետներ լուրջ մարտահրավեր համարեցին կրթական համակարգի համար, սակայն, կորոնավիրուսային դեպքերի աճին և մահվան թվերին զուգահեռ, ընդունված այս որոշումն այլընտրանք չուներ:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը նշում է, որ գոնե հիմա նախարարությունը հակված է չդադարեցնել դասապրոցեսը, այդ պատճառով ոչ միայն պատվաստումն է անհրաժեշտ, այլև մյուս հակահամաճարակային կանոնների պահպանումը։

«Մենք շրջաբերականներ ենք ուղարկել հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններ, որոնցով մարդկանց տեղեկացնում ենք նախագծի կարգավորումների մասին։ Ըստ այդ կարգավորումների՝ կրթական հաստատությունների անձնակազմի շրջանում, այդ թվում նաև` աշակերտների, անհրաժեշտ է լինելու ապահովել պատվաստման առավելագույն ցուցանիշ, որն այժմ կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գլխավոր միջոցն է»,- ասում է Ազատյանը և նշում, որ իրենք ցուցումներ են ստանում առողջապահության նախարարությունից, որովհետև նախագիծն իրենք են մշակում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետ Բրիջիդա Սիմոնյանը «Մեդիալաբին» տեղեկացնում է, որ նախագիծը մշակվում է և՛ վարակի տարածումը կանխելու, և՛ մարդկանց իրավագիտակցությունը պատվաստումների վերաբերյալ բարձրացնելու նպատակով։

«Սա միակ կանխարգելիչ միջոցն է, որը չնայած 100 տոկոսով չի բացառի, բայց կօգնի մարդկանց վարակվելու դեպքում էլ շատ ծանր չտանել հիվանդությունը, չհասնել հոսպիտալացման կամ մահվան ելքով ավարտի։ Իհարկե պատվաստմանը զուգահեռ բոլոր կանխարգելիչ միջոցառումները ևս պիտի պահպանվեն»,- նշում է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ անձը պետք է պատվաստվի, որպեսզի չդառնա վարակի աղբյուր, իսկ հիվանդությունը կտևի այնքան, մինչև ամբողջ աշխարհում վիրուսի դեմ պաշտպանությունը չբարձրանա՝ ձևավորելով կոլեկտիվ իմունիտետ, որը կբերի նաև վիրուսի շրջանառության և վիրուսի մուտացիայի նվազեցմանը։ 

Մարդկանց մեջ եղած վախն ու անհանգստությունն էլ մասնագետը կապում է ողջ աշխարհում գործող հակապատվաստումային շարժման քարոզչության հետ՝ նշելով, որ դրան ենթարկվում են ոչ միայն չտեղեկացված, այլև շատ հաճախ նաև տեղեկացված մարդիկ։

«Ինչ վերաբերում է պատվաստման և թեստավորման անհավասար պայմաններին՝ կնշեմ, որ պետությունը քաղաքացուն առաջարկում է անվճար պատվաստում, որը մարդու առողջության և վիրուսի կանխարգելման համար է, և եթե անձը չի ցանկանում պատվաստվել պետության հաշվին, ապա, այո՛, իր գրպանի հաշվին պիտի թեստավորվի»,- ասում է Սիմոնյանը։

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը ևս կարևորում է նմանատիպ սահմանափակումների կիրառումը այսօր՝ նշելով, որ Հայաստանում գործող սահմանափակումները նույնիսկ մեղմ են, քան մյուս երկրներում։

«Քովիդը հանրային առողջության համար վտանգ է ներկայացնում, և ապավինել միայն մարդկանց կամքին, չի կարելի, որովհետև այն արդեն դառնում է առողջապահական խնդիր։ Արտակարգ իրավիճակ է հիմա, իսկ պատվաստումը միակ ելքն է իրավիճակից»,- ասում է մասնագետը։

Ըստ Տեր-Ստեփանյանի՝ երբեք չի կարող կյանքի համար վտանգավոր որևէ դեղամիջոց կամ որևէ բժշկական միջոց կիրառվել հանրային նպատակով։ Պատվաստանյութերն անցել են անհրաժեշտ բոլոր փուլերը։ 

«Կա էսպիսի հասկացություն՝ արտակարգ կիրառման թույլտվություն։ Բոլոր առկա պատվաստանյութերն ունեն այդ արտակարգ թույլտվությունը։ Հանգիստ կարելի է կիրառել դրանք, առավել ևս, որ մենք Հայաստանում արդեն իսկ ունենք մեր կիրառման սեփական փորձը։ 200000-ից ավելի պատվաստում է իրականացվել, և հետպատվաստումային անհանգստացնող որևէ անհաջող դեպք չենք ունեցել»,- նշում է Տեր-Ստեփանյանը։

Նա նշում է, որ շատ է շահարկվում այն հարցը, թե պատվաստանյութի հետևանքով անպտղություն կարող է առաջանալ։

«Վակցինան ԴՆԹ-ի մեջ մուտք գործելու որևէ հնարավորություն չունի, առավել ևս՝ անպտղություն առաջացնելու, որովհետև անպտղության մեխանիզմները մի քանի անգամ ավելի բարդ են, քան պատվաստանյութի ստեղծած հակամարմինների արտադրությունը։ Դրանք բացարձակ կապ չունեն միմյանց հետ»,- ասում է մասնագետը և հավելում, որ բոլոր պատվաստանյութերի մուտքը միշտ ուղեկցվում է խուճապով և տարբեր անհեթեթ խոսակցություններով։

«Նախկին բոլոր պատվաստանյութերը պարունակել են վիրուսային կամ բակտերիալ մասնիկներ, իսկ ներկայիս պատվաստանյութերում նվազագույնի է հասցված կողմնակի նյութերի քանակը, և այս պատվաստանյութերը լրիվ անվտանգ են»,- ասում է Տեր-Ստեփանյանը։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am