«18 տարեկան և բարձր տարիքի բնակչության շրջանում արդեն 11%-ը պատվաստվել է». Սվետլանա Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը

Տիկի՛ն Գրիգորյան, COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացում այժմ ի՞նչ պատկեր ունենք:

– Պատվաստումների մեկնարկի համեմատ հիմա, իհարկե, պատվաստվողների թվի աճի միտումներ են դիտվում: Ներկայումս ՀՀ-ում առկա է երեք պատվաստանյութ` «Աստրազենեկա», «Սպուտնիկ V» և «Կորոնավակ»: Բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են պատվաստանյութով, բայց նշեմ, որ «Կորոնավակ» պատվաստանյութը ներկայումս առկա է միայն երկրորդ դեղաչափի համար, որովհետև Չինաստանի կողմից տրամադրվել էր 100 հազար քանակությամբ դեղաչափ՝ նախատեսված 50 հազար անձի համար, և այդ քանակը կառավարում ենք, որպեսզի այն անձինք, ովքեր ստացել են իրենց առաջին դեղաչափը, կարողանան ստանալ նաև երկրորդ դեղաչափը:

Նախատեսվում է ունենալ նաև չինական «Սինոֆարմ» ընկերության կրկին ինակտիվացված պատվաստանյութ՝ 200 հազար դեղաչափ քանակությամբ: Զուգահեռ նաև բանակցություններ են տարվում COVAX հարթակի շրջանակներում՝ պատվաստանյութերի ձեռքբերման համար, ինչպես նաև այլ պատվաստանյութ արտադրողների հետ, որպեսզի երկրում ունենանք բավարար քանակի պատվաստանյութ: Գերմանական Pfizer ընկերության հետ ևս բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, թե այդ պատվաստանյութերը երբ կլինեն Հայաստանում:

Իսկ Ռուսաստանից բացի «Սպուտնիկ V» պատվաստանյութից՝ այլ պատվաստանյութ ձեռք բերելու համար բանակցություններ վարվո՞ւմ են:

– «Սպուտնիկ V» պատվաստանյութի համար բանակցությունները շարունակվում են, և պարբերաբար նոր խմբաքանակներ են երկիր ներմուծվում: Ռուսական արտադրության այլ պատվաստանյութերի ձեռքբերման մասով դեռ բանակցություններ չկան:

Տիկի՛ն Գրիգորյան, ասացիք, որ նկատվում է պատվաստվողների թվի աճ, ինչո՞վ եք պայմանավորում այդ հանգամանքը:

– Բնական է, որ սկզբնական շրջանում պատվաստվողների թիվը մեծ չէր լինելու, որովհետև ցանկացած նոր գործընթաց սկզբնական շրջանում ունենում է որոշակի կարծրատիպեր կամ մտավախություններ, որոնք ժամանակի ընթացքում փարատվում են: Օգոստոսի 15-ի դրությամբ՝ արդեն ունենք մոտավորապես 220 հազար դեղաչափ կատարված պատվաստում, որը բավական փորձ է, և բնակչությունն էլ տեսնում է, որ պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ են, և բնակչության շրջանակներում պատվաստման պահանջարկը գնալով ակտիվանում է:

Համաշխարհային գործընթացները ևս իրենց ազդեցությունն ունենում են, քանի որ բնակչությունը տեսնում է, որ աշխարհում ավելի մեծ թվով մարդիկ են պատվաստվում: Ցուցանիշների առումով՝ Հայաստանն իհարկե կարող էր ավելի լավ տվյալներ ունենալ, որպեսզի կարողանայինք նաև կառավարել համավարակը:

– Ձեր գնահատականը կխնդրեմ նախարարության վերջին որոշման նախագծի վերաբերյալ, ըստ որի, կրթական և տնտեսական ոլորտի աշխատողները պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք: Նպատակը ո՞րն է այս որոշման , սա գրեթե պարտադիր է դարձնում պատվաստվելը, համաձայն չե՞ք:

– Պարտադիր պատվաստման մասին խոսք չկա: Նպատակը մեկն է՝ հնարավորինս նվազեցնել աշխատավայրում վարակի տարածման ռիսկը: Այս առումով ունենք երկու ճանապարհ՝ կա՛մ ՊՇՌ թեստի հետազոտություն, կա՛մ պատվաստում: Համենայնդեպս, պատվաստումը որպես այլընտրանք է առաջարկվում այդ պարագայում, իսկ պարտադիր կկիրառվի ՊՇՌ թեստը՝ 14 օրը մեկ պարբերականությամբ:

 – Ենթադրո՞ւմ եք, որ այս որոշումը հանրության շրջանում դժգոհություններ կառաջացնի:

– Ցանկացած նոր փոփոխվող քաղաքականություն կարող է բնակչության մի հատվածի մոտ դժգոհություն առաջացնել, սակայն պետք է հաշվի առնել, որ գործ ունենք համավարակի հետ, որը ոչ միայն առողջապահական խնդիր է, այլ նաև՝ ֆինանսական ու անվտանգային է, և պետությունն առաջարկում է գործիքակազմ, որով կարելի է նվազեցնել վարակի տարածումը: Նմանատիպ և ավելի կոշտ սահմանափակումներ կիրառվում են ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում:

– Հայաստանում պատվաստման վերաբերյալ բնակչության իրազեկումը պետական մակարդակով արդյունավետ համարո՞ւմ եք:

– Առողջապահության նախարարության կողմից բազմաթիվ իրազեկման միջոցառումներ են իրականացվել՝ տարբեր ձևաչափերով: Այս պարագայում նաև շատ կարևոր դեր ունի բուժաշխատողի կողմից բնակչության իրազեկումը, որովհետև այս դեպքում նաև անհատական մոտեցումն է գործում: Իհարկե, իրականացվել է մեծ աշխատանք, որը սակայն պետք է լինի շարունակական, որպեսզի ավելի արդյունավետ լինի:

– Տիկի՛ն Գրիգորյան, հետպատվաստման շրջանում ծանր կամ մահվան դեպքեր գրանցվե՞լ են:

– Ծանր, անբարեհաջող հետպատվաստումային դեպքեր չենք ունեցել, սակայն ինչպես ցանկացած, այնպես էլ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման դեպքում կարող են դիտվել որոշակի հետպատվաստումային երևույթներ: Կարող են լինել տեղային և ընդհանուր երևույթներ, որոնք հիմնականում թեթև են և առանց յուրահատուկ բուժման մեկ-երկու օրվա ընթացքում անցնում են:

– Մինչև այս պահը ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն է պատվաստվել:

– Եթե դիտարկենք, որ 18 տարեկանից բարձր անձանց համար է կիրառելի պատվաստանյութը, ապա 18 տարեկան և բարձր տարիքի բնակչության շրջանում 11%-ն արդեն պատվաստվել է: Գնալով պատվաստվողների թիվը շատանում է, բայց ցանկալի կլիներ, որ այդ միտումը շատ ավելի բարձր լիներ, որպեսզի ավելի կարճ ժամանակամիջոցում մեծ թվով բնակչության պատվաստում ունենանք, կարողանանք ազդել վիրուսի փոխանցման տարածվածության վրա, սակայն ցուցանիշները աճի որոշակի միտում ունեն:

– Տիկի՛ն Գրիգորյան, պատվաստման երկու փուլն էլ ստացած անձը հաջորդ տարի և՞ս պետք է պատվաստվի:

– Դեռ վաղ է այդ մասին խոսել: Հետազոտություններն իրականացվում են, ժամանակը ցույց կտա՝ պե՞տք է ամեն տարի պատվաստվել, թե՞ մեկ անգամ պատվաստվելը բավական կլինի որոշ ժամանակ: Հետազոտությունների ավարտից հետո ավելի հստակ դիրքորոշում կլինի այս հարցի վերաբերյալ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am