Մտահոգիչ է, որ հայաստանյան լրատվամիջոցներում ավելի են զարգացնում  ադրբեջանական քարոզչությունը. Ալխաս Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը 

– Տիկի՛ն Ղազարյան, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Ադրբեջանում շարունակում է գեներացվել «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու խոսույթը, օրինակ՝ ադրբեջանական ՀԿ-ներից մեկի ղեկավար, պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը հայտարարել է, որ «Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է, և մենք պետք է առավել ակտիվ աշխատենք այս ուղղությամբ»: Հայտարարությունը հնչել է Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ Բաքվում կազմակերպված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով քննարկման ժամանակ։

– Ես չեմ ուզում քննարկել, թե ով ի՛նչ է քննարկում Ադրբեջանում, ինձ համար շատ ավելի մտահոգիչ է, որ հայաստանյան լրատվամիջոցներում ավելի են զարգացնում  ադրբեջանական քարոզչությունը, եթե նպատակը ներքաղաքական խժդժություններ ստեղծելն է՝ դա արդեն խնդիր է ինձ համար: 

Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղության գործընթացն այն ամբողջ պաշտոնական գործընթացն է, որը մենք հետևողականորեն կատարում ենք: Մենք նայում ենք, թե դրսից ով ինչ է խոսում, բայց չենք նայում, թե ինչքան բան է արվում ներսից այդ խաղաղությունը պահպանելու համար, որին հասնելու համար մենք շատ ջանքեր ենք ներդրել: Մեր երկիրը, տնտեսությունը զարգանում են, անվտանգությունը դիվերսիֆիկացվում է, տեսնում ենք, որ ապաշրջափակման վերաբերյալ քայլերն իրականացվում են, այսինքն՝ գործընթացները հողի վրա տեղի են ունենում, բայց մենք ժողովրդին սկսում ենք ահաբեկել ինչ-որ ադրբեջանցի պրոֆեսորի խոսքով, ինչը ես ճիշտ չեմ համարում ու շատ մեծ խնդիր եմ տեսնում ադրբեջանական քարոզչությունը Հայաստանում տարածելուն միտված քայլերը:

– Այսինքն՝ կարծում եք, որ պետք է այդ թեմայի առնչությամբ ադրբեջանական դաշտում կատարվող զարգացումներին չանդրադառնա՞նք, թե ինչպես են այնտեղ դեռ մանկապարտեզից իրենց երեխաներին հայատյացությամբ դաստիարակում և այլն:

– Մենք մշտապես ենք խոսել, որ Հայաստանում մեդիագրագիտություն պետք է լինի, որ հղում արվի հավաստի ու պաշտոնական աղբյուրների: Հանրության շրջանում խոսույթները կարող են տարբեր լինել, այլ բան է, թե պաշտոնական ինչպիսի՛ գործընթացներ են գնում խաղաղության ուղղությամբ, երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Մենք չենք խոսում, որ Ադրբեջանի տարածքով բեռներ են հասել Հայաստան, բայց խոսում ենք, թե Ադրբեջանում ինչ-որ մեկը ինչ-որ մի բան է ասել:

– Բայց Ադրբեջանի նախագահն էլ է Հայաստանի ներկայիս տարածքն իրենցը համարում, խոսում այստեղ վերադառնալու մասին, դա՞ էլ պետք է չմտահոգի մեզ ու անտեսվի մեր կողմից:

– Նախագահի խոսույթը առաջին հայացքից բում առաջացրեց, բայց երբ խորանում ենք, տեսնում ենք, որ այնտեղ ահասարսուռ որևէ բան չկար, եթե ինքը խոսում է այդ քարտեզների մասին, ապա իրեն ավելի խոցելի է դարձնում, որովհետև հենց այդ քարտեզներում Ադրբեջան գոյություն չունի ընդհանրապես: 

Հիմա մենք սահմանազատման գործընթաց ենք անցնում, կան հստակ կանոնակարգեր, որ ընդունել են կողմերը, դրանցով արդեն սահմանազատումն իրականացվել է, ու գործընթացը շարունակվում է: Մենք հողի վրա կատարվող իրական գործընթացները մի կողմ ենք դնում ով գիտի ի՛նչ նպատակով, ադրբեջանական որևէ հայտարարություն ընդունում ենք իբրև հիմք, ես սա սխալ եմ համարում:

– Տիկի՛ն Ղազարյան, այսինքն՝ մտավախություններ չունե՞ք, որ Ադրբեջանն իրականում խաղաղություն չի ուզում, որ այս հայտարարությունները կարող են խաթարել խաղաղության գործընթացը:

– Բացարձակ, որովհետև շատ ամուր, թեև փոքր քայլերով առաջ ենք գնում ու դրանք ներկայացնում ենք հանրությանը: Լավը չենք կարողանում գնահատել, որ այս պահին իրենք թույլ տվեցին, որ բեռներն իրենց տարածքով Հայաստան գան:

– Ադրբեջանի այս քայլով մտավախություններն ի չի՞ք են դառնում:

– Սա ապաշրջափակման քայլ էր, որի վերաբերյալ կային կասկածներ, բայց տեսնում ենք, որ ինչ պայմանավորվածություն կա, բոլորն էլ իրականանում են, այս պահին երկու կողմն էլ կառուցողական առաջ է գնում՝ անկախ թե ինչպիսի խոսույթ է դաշտ նետվում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am