ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը անամոթություն կամ գիտակցված ապատեղեկատվություն է համարում մամուլում և համացանցում տարածված այն լուրերը, թե իր հորդորով Կամերային թատրոնում չեղարկվել է «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը, իսկ Ռուսական թատրոնում՝ «Անմարդկային կատակերգություն» դրաման:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում Արա Խզմալյանն ասաց. «Եկել եմ ոլորտից, եկել եմ զուտ մասնագիտական չափանիշներից ու նկատառումներից ելնելով ու կվերադառնամ այդ ոլորտ: Ես ոլորտի ներկայացուցիչն եմ կառավարությունում: Ինձ ճանաչող մարդիկ դժվար կպատկերացնեն մի պրոցես, երբ վերցնում եմ հեռախոսն ու քաղաքական ենթատեքստի պատճառով որևէ ներկայացում չեղարկում: Դրա մեխանիզմն էլ չկա»:
Անդրադառնալով «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացմանը՝ Խզմալյանը հիշեցրեց, որ Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանն արդեն հերքել է այն լուրը, թե ՀՀ կառավարությունից արգելել են խաղալ այն: «Երնջակյանը նշել է, որ բեմադրությունը խաղացանկում է, պարզապես Հրանտ Թոխատյանը գործուղման է մեկնել արտասահման, այդ պատճառով դեռ չեն խաղում: Նույնիսկ նյութն այն մասին, թե իբր ես արգելել եմ ներկայացումը, ինձ ուղարկել է Լուսինե Երնջակյանը: Նրանից եմ իմացել, որ նման խոսակցություն կա»,-ընդգծեց Խզմալյանը:
Նախարարի տեղակալը բացառում է քաղաքական նպատակներով ներկայացման չեղարկումն ու շեշտում, որ ավելի շուտ կհրաժարվի իր զբաղեցրած պաշտոնից, քան իրեն թույլ կտա կաշկանդելու ստեղծագործական ազատությունը, եթե դա ստեղծագործական ազատություն է: «Ցավոք սրտի, ազատություն ասելով մենք հասկանում ենք ամենաստոր հայհոյախոսությունը, արվեստի և մասնագիտության հետ կապ չունեցող հայհոյախոսությունը: Այո՛, պետական կառույցների տնօրենները պետք է պատասխանատվություն կրեն այն բովանդակության համար, որը ներկայացվում է իրենց բեմերում, նրանք պետք է պատասխանատվություն կրեն որակի, չափի ու չափանիշի տեսակետից, ոչ թե քաղաքական առումով»,-շեշտեց Խզմալյանն ու հավելեց, որ Օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ՀՀ վարչապետի հրաժարականի հայտարարության տակ է ստորագրել, ընդդիմադիր հայացքներ ունեն նաև դիրիժորն ու թատրոնի այլ ներկայացուցիչներ, սակայն իրենք շարունակում են համագործակցել, և այդ ամենը դա չի խանգարում, որ իրենք լրագրողների հետ հանդիպեն հենց օպերային թատրոնի շենքում (ապրիլի 26-ին այնտեղ մամուլի ասուլիս էր հրավիրվել):
«Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը նույնպես ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի, բայց թատրոնը շարունակվում է կառուցվել այս իշխանության օրոք: Այնպես որ այս մեղադրանքներն անհիմն են, անլուրջ ու անամոթ»,-եզրափակեց Արա Խզմալյանը: