«Գալա» հեռուստաընկերությունը դեռևս չի վստահում Ոստիկանությանը. ՄԻՊ

«Գալա» հեռուստաընկերությունը դեռևս չի վստահում Ոստիկանությանը. ՄԻՊ
«Գալա» հեռուստաընկերությունը դեռևս չի վստահում Ոստիկանությանը. ՄԻՊ

Այսօր Օմբուդսմենի Շիրակի տարածքային գրասենյակի ներկայացուցիչները այցելեցին «Գալա» հեռուստաընկերության Գյումրու գրասենյակ, որտեղ հանդիպեցին հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Վահան Խաչատրյանի հետ։
Ինչպես արդեն նշվել էր Պաշտպանի հայտարարության մեջ, ի թիվս այլ խնդիրների, Պաշտպանը մտահոգված էր ընտրությունների օրը «Գալա» հեռուստաընկերության կայքի խափանման համար։
Օմբուդսմենի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ «Գալա» հեռուստաընկերության սեփականատերը հրաժարվել է դիմում ներկայացնել Պաշտպանին՝ պատճառաբանելով, որ չի վստահում Ոստիկանությանը և կասկածում է, որ կպատժվեն այն անձինք, որոնք խափանել են լրատվամիջոցի բնականոն աշխատանքը։

Պաշտպանի աշխատակազմն այժմ ամփոփում և վերլուծում է նախագահի ընտրությունների վերաբերյալ ստացված 253 ահազանգերը, որոնցից առանձնացվում են գոնե առերևույթ հիմնավոր ահազանգերը: Առերևույթ հիմնավոր ահազանգերի վերաբերյալ Պաշտպանը պատրաստում է գրություն ՀՀ Ոստիկանապետին։

Նպատակ ունենալով եղած ահազանգերի մանրազնին ուսումնասիրության արդյունքում վեր հանել և հանրությանը ներկայացնել ընտրախախտումների իրական պատկերը, ինչպես նաև նպաստել բոլոր հանցագործությունների բացահայտմանը՝ Պաշտպանը պատրաստ է գործակցել բոլոր պետական ու հասարակական կառույցների, ինչպես նաև առանձին անհատների հետ: Հուսանք, որ առաջիկա օրերին և շաբաթներին Ոստիկանության գերլարված, ակտիվ և օբյեկտիվ աշխատանքի արդյունքում հնարավորինս կփարատվի ոստիկանության հանդեպ եղած «Գալա» հեռուստաընկերության և այլ առանձին անձանց անվստահությունը, իսկ բոլոր կառույցներն ու անհատները կաջակցեն այդ աշխատանքին:

Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդագրությունը:

© Medialab.am