«Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ եթե մենք հրաժարվենք Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվի». Բենիամին Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

Պարո՛ն Պողոսյան, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի Հայաստան կատարած այցն ինչպե՞ս եք մեկնաբանում, այցի նպատակը, ըստ ձեզ՝ ո՞րն էր:

– Նպատակի ու այլնի մասին որևէ բան ասելը շատ դժվար է, բայց չեմ կարծում, որ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարը Հայաստան է ժամանել բացառապես Հայաստանի ղեկավարության հետ հանդիպելու և Հայաստանին առնչվող ինչ-ինչ հարցեր քննարկելու:

Այսինքն՝ կառույցը գործակալությո՞ւն է, ոչ թե վարչությո՞ւն:

– Այո՛, գործակալություն է՝ Central Intelligence Agency՝ Կենտրոնական հետախուզական գործակալություն:

Եթե Հայաստան չէր ժամանել բացառապես Հայաստանին առնչվող հարցեր քննարկելու, ինչպես ասում եք, այդ դեպքում ինչո՞ւ էր Բըրնսը Հայաստան եկել:

– Ենթադրում եմ, որ Հայաստանն ընտրված էր որպես վայր այլ պետությունների ներկայացուցիչների հետ լրիվ այլ հարցերի վերաբերյալ ինչ-որ հանդիպումներ ունենալու համար:

Այսինքն՝ Հայաստանին վերաբերող հարցեր չե՞ն քննարկել, պարո՛ն Պողոսյան:

– Չեմ կարծում, որ ԿՀԳ ղեկավարն այն մարդն է, որը կգա Հայաստան՝ Հայաստանի հետ կապված հարցեր քննարկելու կամ, առնվազն, դա չի կարող լինել այցի հիմնական պատճառը: Բնական է, եղել են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ, ու, գուցե, փոխանակվել են Հայաստանին առնչվող հարցերի վերաբերյալ ինչ-որ նախադասություններ, սակայն դա դժվար հիմնական պատճառը լիներ:

Իսկ մյուս երկրներ ասելով ո՞ւմ նկատի ունեք:

– Չէի զարմանա, եթե դա լինի Ռուսաստանը:

ՄիրզոյանԲայրամով հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք, ու ի՞նչ փուլում են ՀայաստանԱդրբեջան ներկայիս հարաբերությունները, ըստ ձեզ:

– Հայաստան-Ադրբեջան հանդիպումների մասով, կարծես թե, ճանապարհների բացման կամ հաղորդակցության ուղիների վերագործարկման հարցում առաջընթաց կա, ու մոտ ապագայում, ըստ իս, ինչ-ինչ կոնկրետ որոշումների ականատես կլինենք:

Սահմանազատման հետ կապված աշխատանքներն արդեն սկսված են, կարծես թե հաջորդ ամիս հանձնաժողովների երկրորդ հանդիպումն է լինելու, բայց դա շատ երկարատև գործընթաց է, երկար տարիներ, եթե ոչ տասնամյակներ տևող:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, ապա ես դա մի փոքր դժվար եմ պատկերացնում, որովհետև Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է. խաղաղության պայմանագրում պետք է հստակ ֆիքսվի, որ Լեռնային Ղարաբաղ չկա, կամ, լավագույն դեպքում, կարող է ֆիքսվել ինչ-որ մշակութային ինքնավարություն Լեռնային Ղարաբաղի համար, որը նշանակում է Լեռնային Ղարաբաղ՝ առանց հայերի:

Մի փոքր դժվար եմ պատկերացնում, որ մեր իշխանությունները նման պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրեն, քննարկումներ և այլն կլինեն, բայց պայմանագրի ստորագրումը քիչ հավանական եմ համարում, չնայած չեմ էլ բացառում:

Իսկ ՀայաստանԹուրքիա հարաբերություններն ի՞նչ փուլում են:

– Գործընթացի ակտիվացում կա, հատկապես՝ չորրորդ հանդիպումից հետո, եղավ նաև երկրի ղեկավարների հեռախոսազրույց: Կարծում եմ՝ մինչև ամռան վերջ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, այսինքն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմաններ բացել և սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումներ, սակայն որքան ես եմ հասկանում, Թուրքիայի համար հիմա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնային հարց չէ, և երկրորդ՝ իրենք իրենց քայլերը զուգահեռ համաձայնեցնում են Ադրբեջանի ղեկավարության հետ, ու, կարծում եմ, նախքան հարաբերությունների վերջնական կարգավորումը, Թուրքիան սպասում է, որ Հայաստանը զիջումների գնա Ադրբեջանի հետ բանակցություններում ու համաձայնի ստորագրել խաղաղության պայմանագիր:

Եթե Հայաստանը չգնա ձեր ասած զիջմանը, Թուրքիան հարաբերությունները չի՞ կարգավորի:

– Շատ դժվար հարց եք տալիս: Ամեն դեպքում, կարծում եմ՝ առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ գոնե հստակ պայմանավորվածությունների, թեկուզև հարաբերությունների ֆորմալ կարգավորումը և սահմանների բացումը քիչ հավանական են, բայց բացառել էլ չենք կարող, որովհետև շատ արագ փոփոխվող իրավիճակում ենք:

Համաձա՞յն եք այն կարծիքներին, որոնց համաձայն նոր աշխարհակարգի ձևավորման մեկնարկն է տրված կամ հենց այդ գործընթացի մեջ ենք:

– Եթե նոր աշխարհակարգ ասելով նկատի ունեն բազմաբևեռ աշխարհը, ապա ես կասեի, որ միաբևեռ աշխարհի աստիճանական փլուզման կամ կերպափոխման մեկնարկը տրվել է 2007-2008-ին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամով, այնպես որ, իմ գնահատմամբ, արդեն 14 տարի ապրում ենք միաբևեռ աշխարհի կերպափոխման ժամանակաշրջանում, բայց, ընդհանրապես, աշխարհակարգերի կերպափոխումները շատ երկարատև են, տասնամյակներ են տևում, ուղեկցվում պատերազմներով, աղետներով:

Պարո՛ն Պողոսյան, արտաքին աշխարհի այս զարգացումները որքանո՞վ են սպառնալիք կամ հնարավորություն Հայաստանի համար: Հայաստանի շուրջ այս փուլում ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում:

– Դժվար է ասել, թե Հայաստանի շուրջ ինչ զարգացումներ են ընթանում, բայց հիմնական խնդիրը Ադրբեջանից եկող սպառնալիքն է, որովհետև Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ կա՛մ մենք կհրաժարվենք Լեռնային Ղարաբաղից թեկուզև մշակութային ինքնավարության քողի ներքո, կա՛մ կլինի նոր հայ-ադրբեջանական պատերազմ, ու այս անգամ Ադրբեջանը կօկուպացնի Հայաստանի որոշ հատվածներ: Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ եթե մենք հրաժարվենք Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվի:

Այդ դեպքում ի՞նչ քաղաքականություն պետք է վարի Հայաստանի գործող իշխանությունը:

– Բավականաչափ բարդ հարց եք տալիս. ընդհանրապես, 2020 թվականի պատերազմում ջախջախումից հետո Հայաստանի համար լավ լուծումներ չկան, որովհետև չի կարող երկրի համար լավ լուծում լինել, երբ երկիրը ռազմապես ջախջախվում է և իր բոլոր հաղթաթղթերը կորցնում է: Իշխանություններին կարելի է խորհուրդ տալ չձեռնարկել քայլեր, որոնք կբերեն 2020 թվականի Արցախյան պատերազմի ու դրա ողբերգական ավարտի կրկնությանը Հայաստանի համար:

Իսկ Ռուսաստանի դիրքորոշումը ո՞րն է Ադրբեջանի՝ Հայաստանի հրաժարումն Արցախից պահանջի վերաբերյալ:

– Ռուսաստանին ձեռնտու է, որ իր զորքերը հնարավորինս երկար մնան Արցախում, բայց, մյուս կողմից, իրենք էլ են հասկանում, որ այդպես անորոշ ժամանակով այս իրավիճակը չի կարող շարունակվել:

Ի՞նչ եք կարծում Ռուսաստանը կո՞ղմ է ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

– Բավականաչափ բարդ հարց է. ըստ պաշտոնական հայտարարությունների՝ այո՛: Կարծում եմ՝ հիմա ռուսների մոտ չկա այն մտավախությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է էականորեն թուլացնել Ռուսաստանի դիրքերը Հայաստանում:

Իսկ ԱՄՆի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ փոխվե՞լ է, թե՞ շարունակում է նույնը մնալ:

– Ամերիկացիները 91 թվականից նույն դիրքորոշմանն են, որ հարաբերությունները պետք է կարգավորել, որպեսզի հայերը քիչ վախենան թուրքերից, իսկ եթե թուրքերից քիչ վախենան, ռուսների կարիքը քիչ կունենան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am