«Բա գոնե բանակի օրով մեզ մի հատ պսակ չտա՞ն, ասեն՝ տարեք ձեր երեխեքի շիրիմներին դրեք». Որդեկորույս ծնողներ

«Բա գոնե բանակի օրով մեզ մի հատ պսակ չտա՞ն, ասեն՝ տարեք ձեր երեխեքի շիրիմներին դրեք». Որդեկորույս ծնողներ
«Բա գոնե բանակի օրով մեզ մի հատ պսակ չտա՞ն, ասեն՝ տարեք ձեր երեխեքի շիրիմներին դրեք». Որդեկորույս ծնողներ

Հայոց Բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ, բանակում խաղաղ պայմաններում որդեկորույս ծնողները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն  իրենց անտեսված զգում: 

Անահիտ Փիլոյանի որդին զոհվել է 1997 թվականին՝ Հորադիզում:

«Յոթ ամսվա ծառայող էր, 18 տարեկանում զորակոչվեց, զոհվեց: Հիմա ես վատառողջ եմ, չեմ աշխատում, տանը նստած ենք, երկու կոպեկ թոշակ ենք ստանում, չի բավարարում մենակ կոմունալ վարձերը մուծելուն»,- «Մեդիալաբին» ասում է Անահիտ Փիլիոյանը:

Նրա խոսքով՝ ստանում է հաշմանդամության թոշակ՝ 27 հազար դրամ, թոշակառու է նաև ամուսինը:

«Բա գոնե բանակի օրով մեզ մի հատ պսակ չտա՞ն, ասեն՝ տարեք ձեր երեխեքի շիրիմներին դրեք: Ոչ մի ուշադրություն»,- «Մեդիալաբին»  ասում է զոհված զինծառայողի ծնող Էմմա Հունանյանը:

Նրա որդին զոհվել է 1998 թվականին Մարտակերտում: Տիկին Էմման ասում է, որ մի հարցի լուծում ստանալու համար զոհվածների ծնողները պետք է պարտադիր դիմեն կառավարություն, խնդրողի դերում հանդես գան:

«Իսկ ես չեմ ուզում ստորացված զգալ ինձ, ուշադրություն եմ ուզում: Ինչի՞ համար դիմեմ, եթե դուք պարտավոր եք մեզ աջակցել»,- նշում է նա:

Ըստ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության, եթե միայն 2013 թվականին, բանակում արձանագրվել է 31 մահվան դեպք, ապա 2014–ի հունվարը դեռ չի ավարտվել, բայց հայկական բանակն արդեն երեք զոհ է տվել, որից մեկը`ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, իսկ մյուս երկուսը` առողջական խնդիրների հետեւանքով։

Տարիներ շարունակ, որդեկորույս ծնողները, նրանց հարազատները, իրավապաշտպաններն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում, պահանջում մահվան դեպքերի պատճառների բացահայտում, սակայն պահանջներն այդպես էլ մնում են օդում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, Հայոց բանակի տոնին ընդառաջ հայտարարության մեջ նշել է, որ  արձանագրել խախտումների շարունակական բնույթ թե՛ զորակոչի, թե՛ զինծառայության ընթացքում:

«Զորակոչվել են առողջական բազում խնդիրներով երիտասարդներ, նախաքննական մարմնի կողմից տարբեր գործերով, հատկապես մահացության դեպքերով,  չի իրականացվել լիարժեք եւ օբյեկտիվ քննություն եւ չի տրվել համարժեք գնահատական, տեղի են ունեցել կամայական եւ անկանխատեսելի օրենսդրական փոփոխություններ,  ինչպես նաեւ շարունակվել է պաշտպանական գերատեսչության ոչ բավարար թափանցիկ եւ  հաշվետվողական գործունեությունը,-նշված է իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրության մեջ:

Այսպիսով, վերստին արձանագրում ենք իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը՝  իրականացնելու արմատական բարեփոխումներ, որոնք միտված կլինեն զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը եւ արդյունքում հասարակության կողմից զինված ուժերի նկատմամբ վստահության ձեւավորմանը»:

Լուսանկարում` որդեկորույս ծնողները

© Medialab.am