«Վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք». Սերժ Սարգսյան

«Վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք». Սերժ Սարգսյան
«Վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք». Սերժ Սարգսյան

Այսօր Կենտրոնական բանկ այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը պատասխանել է խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող ամենատարբեր թեմաներով մի շարք հարցերի, որոնք վերաբերել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, պաշտպանունակությանը, Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության երեկվա հրաժարականից հետո ձևավորվելիք նոր կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Նոր ձևավորվելիք կառավարության վերաբերյալ հարցին նախագահը պատասխանել է.

«Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ: Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին:

Ուզում եմ մեկ անգամ ևս ավելացնել՝ իրոք, վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե՝ պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել: Մենք, ուղղակի, մեր գործընկերներին, մեր հանրությանը զուտ ցանկանում ենք ասել, որ սա է եղել իրավիճակը:

Վեցը տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար: Ամենածանր, ամենատաժանակիր, միգուցե ճիշտ բառ չեմ ասում, բայց ամենաանշնորհակալ, կոնկրետ ժամանակահատվածի համար եմ ասում, աշխատանքն է: Ես շատ քիչ եմ աշխատել այդ պաշտոնում, բայց դա էլ բավարար է եղել, որպեսզի ծանրությունն զգամ: Այդպիսին է մեր իրավիճակը, ցավոք: Բայց կարծում եմ, որ մի քսան տարի հետո արդեն շատ ավելի հեշտ է լինելու շատ աշխատանքներ կատարելը»,-ըստ պաշտոնական հաղորդագրության ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ շատերի համար անակնկալ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է:

«Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով»,-ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Տիգրան Սարգսյանը: 

«Սա ընդամենը հանրային մեծ դժգոհությունը ժամանակավորապես մարելու նպատակ ունի: Մանավանդ որ մեկ ամիս հետո Հայաստանի`Մաքսային Միությանն անդամագրման գործընթացն է սկսվում»,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպան, ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը Տիգրան Սարգսյանի հրաժարականն ուղղակիորեն կապել էր Հայաստանի` Մաքսային միություն մտնելու հետ:

«Մեդիալաբի» հետ զրույցում, իրավապաշտպանը նշել էր, որ 2008-ին երբ Տիգրան Սարգսյանը վարչապետ էր նշաակվում, մեկ գործոն կար, որով հիմնավորվորվում էր այդ նշանակությունը. միջազգային հանրությունը որպես ԿԲ նախագահի նրա անձն ընդունելի էր համարում մարտիմեկյան իրադարձություններից հետո: 

Սակայն, սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի` Հայաստանի Մաքսային միությանն անդամագրվելու աննախադեպ հայտարարությունից հետո, Տիգրան Սարգսյանի անձի նշանակությունը եւ կարեւորությունը միջազգային  հանրության հետ հաղորդակցման տեսանկյունից մեծ հաշվով ոչ միայն վերացավ, այլեւ անցանկալի դարձավ, քանի որ վարչապետ Սարգսյանը հայտնի էր իր եվրոպամետ մոտեցումներով:

«Այս ամենից հետո առաջին պլան մղվեցին Կրեմլի հետ ունեցած հարաբերությունները,-«Մեդիալաբին» ասել էր Արթուր Սաքունցը` նշելով, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ժամանակավորապես մարդկանց ուշադրությունը շեղելու միջոց է իշխանությունների կողմից: 

© Medialab.am