Հիմա մենք առավել ևս կարիք ունենք իմաստության, կայունության, միաբանության և վստահության. նախագահի թեկնածու

ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում տեղին ունեցող զարգացումները, կարիք է տեսնում իմաստության, կայունության, միաբանության և վստահության:

Խաչատուրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:

Խաչատուրյանը նախ շնորհակալություն հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավորներին՝ այդպիսի վստահության համար, հուզված է, որ այդպիսի պատվի է արժանացել, հուսով է, որ պատկերացումները ՀՀ ապագայի վերաբերյալ անպայման միասին կիրականացնեն:

«Մենք ուղղակի այլ ճանապարհ չունենք: Մենք կոչված ենք նրա համար, որ կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը և մեր երկիրը տանել զարգացման ճանապարհով: Հաշվի առնելով իմ թվարկածները, նաև այսօրվա տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները՝ մենք առավել ևս կարիք ունեն իմաստության, կայունության, միաբանության և վստահության: Արագ փոփոխվող աշխարհում, որտեղ մրցակցությունը տարբեր ռեսուրսների համար ավելի կտրուկ է դառնում, չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կարողանալու ստեղծել»,-ասաց նախագահի թեկնածուն:

Նա կարիք է տեսնում ներկան վերաիմաստավորելու և ամեն գնով կազմակերպվելու՝ ստեղծելու նոր արժանապատիվ ապագա, որտեղ ամուր պետությունը  հանրային կարիքի վստահելի, արդար գործընկերն է: Խաչատուրյանը շեշտեց՝ ցանկացած հասարակությունում, անցումային փուլում գտնվողների համար ավելի քան կարևոր է քաղաքական համակարգի, տնտեսական ինստիտուտների դերը: Ըստ նրա՝ պետական ինստիտուտների արդյունավետ գործունեությամբ է պայմանավորված հանրային կառավարման արդյունավետությունը, իշխանության տարբեր թևերի համագործակցությունը, նաև պետության հարատևությունը:

Անդրադառնալով Հայաստանի քաղաքական համակարգին՝ նա հիշեցրեց Սահմանադրությամբ ամրագրված նորմերը, որոնք որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչված են ապահովելու իշխանության երեք թևերի ներդաշնակությունը՝ ուղղված պետական կառավարման համակարգի անխափան գործելուն՝ անկախ իրավիճակներից: «Այս համակարգում իր ուրույն տեղն ունի նաև նախագահի ինստիտուտը, որն ըստ Սահմանադրության հանդիսանում է պետության գլուխը, հետևում Սահմանադրության պահպանմանը: Իրականությունը գնահատելու համար չափազանց կարևոր է պատրանքներից ազատվելը, որն էլ հնարավորություն կտա ընդունելու, որ քաղաքական որևէ համակարգ իդեալական լինել չի կարող՝ և նախագահական, և խորհրդարանական կառավարման համակարգերը բոլոր երկրներում իրենց առավելություններով հանդերձ ունեն որոշակի թերություններ և բացթողումներ: Եթե այս կամ այն երկրում հետևողականորեն չեն իրականացվում և  ամրապնդվում ժողովրդավարական գործընթացները, չեն հարգվում մարդու իրավունքները, չեն պաշտպանվում մարդկանց բոլոր խմբերի շահերը, ապա ժողովրդավարությունը զարգանալ և ընդլայնվել չի կարող»,-ասաց Խաչատուրյանը: