Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանին մեղադրել է խաղաղության գործընթացը դանդաղեցնելու մեջ. Ermenihaber

Նոյեմբերի 27-ին Բաքվում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը։Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նշել է, որ Թուրքիան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար շարունակելու է համերաշխ լինել Ադրբեջանի և Վրաստանի հետ:

Գյուլերը, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած 44-օրյա պատերազմին, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերզված ռազմական գործողություններին, շեշտել է դրանց ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած աջակցության մասին:

Նաև խոսելով տարածաշրջանում «կապուղիների ապաշրջափակումից»՝ այն կարևոր է համարել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի տեսանկյունից: 

Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանին մեղադրել է խաղաղության գործընթացը դանդաղեցնելու մեջ, իսկ ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ ասել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, շեշտել, որ չեն պատրաստվում ռուսական ճանաչել Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժյեն:

Թուրք նախարարը վերոնշյալ տարածքները համարել է օկուպացված և Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները որակել միջազգային իրավունքի խախտում:

Անդրադառնալով հանդիպմանը՝ Գյուլերը հայտարարել է, որ դրա շնորհիվ հնարավորություն են ստացել քննարկել իրենց երկրների միջև առկա ու պոտենցիալ համագործակցությունը և տարածաշրջանային զարգացումները։

Նրա խոսքով՝ հանդիպմանը ևս մեկ անգամ արտահայտել են իրենց աջակցությունն Ադրբեջանի և Վրաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։

«Կովկասում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև օրեցօր խորացող և հարստացող եռակողմ համագործակցությունը լայն շրջանակով՝ ներառյալ պաշտպանության, ռազմական և անվտանգության հարցերը, ծառայում է երեք երկրների համատեղ շահերին և ակնկալիքներին։

Այս համագործակցությունն էլ ավելի զարգացնելու մեր կամքը վերահաստատեցինք ստորագրված եռակողմ հանդիպման արձանագրությամբ»։