«Հայաստանի ցանկացածը Ռուսաստանը ֆիզիկապես ի վիճակի չի կատարելու, եթե կարողանար՝ կաներ». Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի հերթական նիստի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Ռուաստանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հանդիպումը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ադրբեջանական վերջին սադրանքների մասին՝ ուղղված Լաչինի միջանցքի դեմ։ Ռուսական կողմից ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ ընդհանուր առմամբ ու հենց միջանցքի մասով՝ ադրբեջանական շարունակվող սադրանքների կանխման։

– Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում, ու ինչ-որ կիսատ մնացած բաներ կային․ հայկական կողմը դժգոհություններ ուներ ռուսական կողմից, որ չէր կարողանում կատարել մեր ցանկությունները։

Երեկվա հանդիպումն էլ կիսատ մնացած հարցերի քննարկմանն էր միտված, թե ի՛նչ համաձայնություններ են ձեռք բերվել, կդժվարանամ ասել, որովհետև այն, ինչ ցանկանում է Հայաստանը, Ռուսաստանը ֆիզիկապես ի վիճակի չէ կատարելու, եթե կարողանար՝ կաներ, այնպես չէ, որ պետք է նրան համոզել կամ խնդրել։ Սա պետք է հայկական կողմը գիտակցի, ու թե այդքանից հետո ինչո՞ւ են շարունակում այն մարդուց, որը չի կարողանում այդ խնդիրները լուծել, օգնություն ակնկալել՝ չգիտեմ։

Հայկական կողմը պետք է կարողանար օգտվել ու պահպանել այն հնարավորությունները, որոնք առաջացել էին վերջերս արևմտյան կողմից։ Պետք է կարողանար արդյունավետ քաղաքականություն վարել, և՛ ռուսական, և՛ արևմտյան կողմից քաղեր մաքսիմումը, բայց մենք տեսանք, որ արևմտյան առաջարկներն ընդունեցին ռուսների նկատմամբ ճնշում գործադրելու համար, սակայն ավելի խորը ընկղմվեցին Ռուսաստանի գիրկը։ Մեր անվտանգային համակարգում փոփոխություն չենք տեսնում, ու դա ունենալու է ծանր հետևանքներ։

– Ձեր կարծիքով՝ հայկական կողմը չի՞ գիտակցում, որ ռուսական կողմը, ինչպես ասում եք, ի վիճակի չէ կատարելու այն, ինչ պահանջում է Հայաստանը, բայց շարունակում է պնդել, թե կողմ է ռուսական առաջարկությանը հակամարտության կարգավորման մասով։

– Կդժվարանամ բուն պատճառն ասել, որովհետև դրա համար հատուկ ուսումնասիրություն է պետք անել՝ չե՞ն գիտակցում, վախենո՞ւմ են, թե՞ այլ խնդիր կա։ Փաստն այն է, որ մենք շարունակում ենք մնալ ռուսական անվտանգային քաղաքականության ծիրում, ինչն ունեցել է ծանր հետևանքներ, դրա օրինակներն են 2020 թվականի պատերազմը, 2016 թվականի ապրիլյան պատերազմը, դրանից առաջ, երբ Ադրբեջանը սահմանին անընդհատ սադրանքներ էր հրահրում, ու մենք անընդհատ զոհեր էինք ունենում։

Նշածս բոլոր տարիներին մենք ռուսական անվտանգության ծիրում էինք, բայց դա անվտանգություն չէր ապահովում մեզ համար, ու հիմա երբ որոշ քաղաքական գործիչներ ասում են, թե մենք 30 տարի ապահով, անվտանգ ենք ապրել, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։

Բացի այս, 20 թվականի պատերազմը բացահայտեց, որ մենք տեխնոլոգիական առումով հետամնաց երկիր ենք, որովհետև հետամնաց երկրի հետ ենք կապել մեր անվտանգությունը՝ սպառազինության, ռազմական մտքի տեսանկյունից, մենք հետ ենք մնացել աշխարհից։

Հենց այսօր ուկրաինական պատերազմը ցույց է տալիս Ռուսաստանի ռազմաքաղաքական սնանկությունը, Ռուսաստանը չի կարողանում իր անվտանգությունն ապահովել, մե՞րն ինչպես է ապահովելու, որքան էլ մեծագույն ցանկություն ունենա, չնայած փաստերը ցույց են տալիս, որ նման ցանկություն ընդհանրապես չունի, ավելին՝ հրահրում է Ադրբեջանին մեր դեմ։

Այսինքն՝ ըստ ձեզ, ռուսական կողմից լուրջ ակնկալիքներ ունենալն իրատեսական չէ՞, պարո՛ն Սահակյան։

– Իհարկե իրատեսական չէ։ Ուկրաինան արդեն մերձմոսկովյան շրջաններում ռազմական օբյեկտներ է պայթեցնում, իսկ Ռուսաստանը չի կարողանում իր անվտանգությունն ապահովել իր ունեցած ռազմատեխնիկական միջոցներով, մե՞րը ոնց է ապահովելու, երբ Ադրբեջանը զինված է գերժամանակակից իսրայելական միջոցներով։

– Ձեր գնահատմամբ՝ բանակցություններն ի՞նչ փուլում են, եթե նաև ամփոփեք այս ողջ ընթացքում ձեռք բերված արդյունքները՝ ինչպե՞ս կգնահատեք՝ դրանք արդյունավետ եղե՞լ են։

– Ո՛չ, արդյունավետ չեն, որովհետև մենք փոփոխություններ չենք տեսնում, ընթացքն ենք տեսնում, դեռ բանակցությունները չեն ավարտվել, բայց ակնհայտ մի քանի բան կա. արևմտյան այն ակտիվությունը, որն առաջացել էր Հայաստանի շուրջ, բավականին նվազել է՝ առաջարկների, հանդիպումների, զանգերի ու քննարկումների տեսքով, հայկական կողմի նախաձեռնությամբ, փոխարենը ռուսական կողմի հետ են խորացնում հարաբերությունները, ինչը քաղաքական կարճատեսություն է, սեփական քաղաքացու անվտանգության վրա թքած ունենալ է։ Իրենք չեն կարողանում պետության անվտանգությունն ապահովել ու պետք է հեռանան՝ անկախ հետևանքներից, թե ինչ կլինի նրանցից հետո, որովհետև հենց հիմա իրենք աղետ են բերում։

Պարո՛ն Սահակյան, դուք շեշտում եք արևմտյան առաջարկների լինելիությունը, բայց օրեր առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ ամերիկյան առաջարկ գոյություն չունի, կա ռուսական ու ադրբեջանական առաջարկ միայն։

– Դա քաղաքական իդիոտիզմի հետևանք է․ մեր քաղաքական իդիոտներն են սպասում, որ իրենց ինչ-որ մեկը պետք է բերի ու պատրաստի լուծումներ տա։ Սա ռուսական ձեռագիր է, երբ փաթեթով բերում տալիս են ինչ-որ բան ու քեզ թույլ չեն տալիս սեփական քաղաքականություն վարել։ Նույնը սպասում էին, երևի, Արևմուտքից, բայց Արևմուտքն ասում էր՝ դուք կարող եք ինքնուրույն քաղաքականություն վարել, ձևակերպեք ձեր ուզածը, մենք կփորձենք օգնել հասնելու դրան։

Այսինքն՝ մենք արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն էինք ստացել, բայց ոչինչ չարեցին, սպասում էին, որ ինչ-որ մեկը բերի ու իրենց փոխարեն լուծումներ առաջարկի։ Բա իրենք ինչի՞ համար են, ինչի՞ համար են պաշտոններ զբաղեցնում, ոչինչ չեն անում, ու պետք է Արևմո՞ւտքն իրենց համար խնդիրները լուծի։

– Այսինքն՝ ի վիճակի՞ չեն սեփական օրակարգ թելադրելու։

– Այո՛, քաղաքականապես այնքան տգետ ու կարճատես են, որ չեն կարողանում սեփական օրակարգեր մշակել ու ինչ-որ մեկից պատրաստի առաջարկներ են սպասում։ Սրա համար էլ չեն կարողանում Արևմուտքի հետ հարաբերվել, որովհետև նա Ռուսաստանի նման մեր փոխարեն որոշումներ չի ընդունելու։ Դրա համար են ասում՝ Արևմուտքից առաջարկ ու երաշխիք չստացանք, բայց ո՞վ կարող է մեր փոխարեն մեր անվտանգությունը երաշխավորել, իհարկե ոչ ոք։

– Պարո՛ն Սահակյան, ստեղծված այս իրավիճակում Լաչինի միջանցքի շուրջ տարվող սադրանքների հանգուցալուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։

– Ադրբեջանի նպատակները շատ պարզ են ու անթաքույց, ու նրանք քայլ առ քայլ փորձում են հասնել դրանց։ Նրանք հնարավոր բոլոր սադրանքների դիմելու են, որ մետր առ մետր գան առաջ։ Մենք ի՞նչ ենք անում, որ դա կանխենք, դիմում ենք աշխարհին ու ասում՝ եկեք մեր հարցը լուծեք, փոխանակ մենք դա անենք, ինչն ամենևին էլ անիրատեսական չէ։ Խնդիրները լուծելու համար պարտադիր չէ պատերազմել, ուղեղ է պետք, Ադրբեջանը հիմա պատերազմո՞ւմ է։ Քաղաքականություն է վարում, ինչը մենք էլ պետք է անենք, Ալիևից սովորելու բան ունենք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am