Դիտորդների խումբը հայտարարություն է տարածել,որում ասվում է.
«2025թ-ի ընթացքում ՔԿՀ-ներում արձանագրված մահվան դեպքերը, ինքնավնասումները և ինքնասպանությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Դիտորդների խումբը իր խորը մտահոգությունն է հայտնում այս զարգացումների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք վկայում են քրեակատարողական համակարգում առկա համակարգային և շարունակական խնդիրների մասին։
Տարվա ընթացքում ստացված ահազանգերն ու Դիտորդների խմբի կողմից իրականացված դիտարկումները ցույց են տալիս, որ ազատազրկված անձինք հաճախ չեն ստանում պատշաճ բժշկական օգնություն, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խնամքն ու աջակցությունը բավարար չեն։ Այս և այլ խնդիրների պատճառով որպես բողոքի արտահայտման միջոց, բազմաթիվ անձինք դիմում են հացադուլների, ինքնավնասումների և ծայրահեղ վարքագծի։
Առավել մտահոգիչ է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրները, որոնց մասին Դիտորդների խումբը մշտապես բարձրաձայնում է։
Չնայած այն հանգամանքին, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությանը՝ նպատակ ունենալով բարելավել բժշկական ծառայությունների որակը, այդ փոփոխությունը դեռևս չի ապահովել ակնկալվող դրական արդյունքները։
Դիտորդների խումբը հորդորում է պատկան մարմիններին՝
- անհապաղ միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում բժշկական և հոգեբուժական օգնության որակի բարձրացման ուղղությամբ,
- ապահովել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պատշաճ գնահատում, բուժում և հոգեբանական աջակցություն,
- ներդնել կանխարգելիչ մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել ինքնավնասումները և ինքնասպանությունները,
- ապահովել թափանցիկություն և հաշվետվողականություն մահվան դեպքերի քննության գործընթացում։
Խումբը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու իրականացնել հասարակական վերահսկողություն և համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ուղղված քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների լիարժեք ապահովմանը»:



















