Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման համար մրցույթը մեկնարկել է. Փոխնախարարը մանրամասներ է հայտնել

Մեկնարկեց Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթային կարգով գնման գործընթացը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

Նախատեսվում է կառուցել ՀՀ Վայոց Ձորի մարզի նոր բժշկական կենտրոն շուրջ 3800քմ մակերեսով, մեկ հարկանի, նկուղով, բաղկացած հինգ մասնաշենքից, տանիքում ուղղաթիռի հարթակով, ինչպես նաև բժշկական հաստատության համար կաթսայատուն և ենթակայան։

Նախատեսվում է նաև արտաքին ինժեներական ցանցերի և կառույցների համակարգերի ներդրման, ներքին իժեներական ենթակառուցվածքների մոնտաժման և տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Աշխատանքների նախատեսված ավարտման ժամկետն է` 24 (քսանչորս) ամիս:

Մրցույթը կիրականացվի Ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը» (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017 և օգոստոս 2018] փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»):

Մրցույթը բաց է բոլոր Հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով: Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների «ARMEPS» (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով ոչ ուշ քան 2021թ-ի մարտի 30-ին, ժամը 15:00-ին:

Ընդ որում, հայտը կազմող փաստաթղթերը պետք է լինեն կնքված, ստորագրված և բնօրինակից սկանավորված կամ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում էլ. գնումների համակարգի կողմից։