ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը մեկնել են Ղազախստան. ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը մեկնել են Ղազախստան: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ աղբյուրի, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում են ռուսական օդադեսանտային ուժերը, որոնց հիմնական գործառույթն է լինելու պահպանել պետական ու ռազմական օբյեկտները, նպաստել երկրում կայունության հաստատմանը:

Նշվում է նաև, որ ՀԱՊԿ առաջապահ ուժերը արդեն իսկ անցել են իրենց պարտավորությունների իրականացմանը:

Ղազախստան ուղարկված ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանման կազմում են ՌԴ-ն, Հայաստանը, Բելառուսը, Տաջիկստանը և Ղրղզստանը ներկայացնող ուժերը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, թե օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար։

«Ես այսօր դիմել եմ ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին՝ օգնություն տրամադրելու Ղազախստանին, որպեսզի հաղթահարենք այս ահաբեկչական սպառնալիքը։ Իրականում, սա արդեն սպառնալիք չէ, այլ՝ պետականության սասանում, և հարձակում մեր քաղաքացիների վրա, որոնք դիմում են ինձ՝ երկրի ղեկավարիս, օգնության խնդրանքով»,-հունվարի 5-ին հայտարարել էր նա:

Ավելի ուժ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, հայտարարել էր, թե ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:

«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով», – իր ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ վարչապետը: