Հայաստանում քովիդով վարակված շուրջ 30 երեխա հոսպիտալացված է. մանկաբույժը հորդորում է զգուշանալ․ Ազատություն

Հայաստանում քովիդով վարակված շուրջ 30 երեխա հոսպիտալացված է։ Նրանցից մեկի առողջական վիճակը բժիշկները շաբաթներ շարունակ ծանր էին գնահատում, հիմա՝ կայուն, գրում է Ազատությունը։

Թեև մասնագետները պնդում են, որ երեխաներն առհասարակ թեթև են տանում վիրուսը, այդուհանդերձ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը խորհուրդ է տալիս զգուշանալ՝ հիշեցնելով հոսպիտալացված երեխաների դեպքերը։ Սարգսյանը բերեց Չինաստանի և մի շարք այլ երկրների օրինակը, որտեղ արդեն քննարկվում է նաև երեխաներին պատվաստելու հարցը։

«Չինաստանը որոշում է ընդունել նաև երեխաների պատվաստման մասին, որն ընթանում է, և 80 տոկոսը պետք է պատվաստվի: Չինական պատվաստանյութն ընդունված է 3 տարեկանից բարձրերի մոտ, հաստատված է: Իհարկե, մենք չենք խոսում դրա մասին, որովհետև մենք ունենք առաջնային ավելի խոցելի խմբեր, բայց դա չի բացառում այն, որ եթե հատկապես այս շտամերը փոխվեն, և երեխաներն ավելի մեծ վտանգի մեջ լինեն, խոսք կգնա նաև դրա մասին», – ասաց Սարգսյանը:

Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժը հիշեցնում է պահպանել հիգիենայի պարզ կանոնները, որովհետև կորոնավիրուսին զուգահեռ աճում է նաև սուր շնչառական տարբեր վիրուսներով վարակված երեխաների թիվը։

«Ճիշտն ասենք, դե երեխան հազում է, ոչինչ, թող սենց-նենց, երեխան հարբուխ ունի, ոչինչ, այս կողմ, այն կողմ: Դրա համար վերաբերմունքն այդ հարցերին, քովիդը ցույց տվեց, որ նա, հատկապես նա կատակ չի սիրում և կատակ թույլ չի տալիս», – նկատում է մանկաբույժը:

Դպրոցներում նկարահանումներ իրականացնելու համար հարկավոր է գերատեսչության թույլտվությունը, իսկ այդ դեպքում արդեն հնարավոր չէ արձանագրել` արդյոք իսկապես պահպանվում են հիգիենայի պարզ կանոնները, որովհետև փորձը ցույց է տալիս, որ տեսախցիկը տեսնելուն պես բոլորը սկսում են դիմակ կրել։

Երևանյան մի շարք դպրոցների բակերում «Ազատությունը» զրուցեց աշակերտների հետ: Ոմանք ասացին, որ իրենց դասարաններում ախտահանիչ բոլոր միջոցները կան, դասի ընթացքում բոլորը դիմակ են կրում, դասասենյակներն էլ օդափոխվում են:

Կային երեխաներ, որոնք խոստովանեցին՝ դժվարությամբ են դիմակ դնում, թեև ի սկզբանե պահպանվում են միմյանցից հեռու նստելու պահանջները, այդուհանդերձ դրանք հետո խախտվում են: Ասացին նաև՝ կան երեխաներ, որոնք հարբուխով են դպրոց գալիս:

Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը հիշեցնում է՝ ոչ մի պատվաստանյութ 100 տոկոսով չի պաշտպանում վիրուսից, բայց գոնե կանխում է ծանր դեպքերը։ Հատկապես դասերի մեկնարկից հետո վիրուսի տարածման տեմպն, ըստ նրա, ավելացել է: Ասաց՝ երեխաները և՛ վարակվում են, և՛ տարածում վիրուսը, հաճախ նաև հոսպիտալացվում ու ծանր տանում. «Ամենայն հավանականությամբ կորոնավիրուսը պետք է անցնի նման ճանապարհ, ինչն անցել են շատ տարբեր ուրիշ վիրուսներ ընդհանրապես մարդկության պատմության ընթացքում, ինչպիսին սովորական հարբուխը, որի ժամանակ ունենում եք քթից արտադրություն, բայց որը չի թողնում ծանր հետևանքներ ձեր օրգանիզմի վրա:

Դա, կարծում եմ, մեզ բոլորիս պետք է ստիպի մտածել` արդյոք ես պատվաստվել եմ, կամ ինչի մենք բոլորս չենք պատվաստվել»:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 153 հիմնական և Կրթության նախարարության ենթակայությամբ գործող շուրջ 98 ավագ դպրոցներում սեպտեմբերից մինչ այսօր արդեն 74 երեխա և 54 ուսուցիչ է վարակվել քովիդով։ Մարզերում գործող հիմնական դպրոցներից ստացված թվերն ամեն օր փոխվում են, հստակ թիվ այսօր «Ազատությանը» չհաջողվեց պարզել։

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրեց, որ Երևանի թիվ 159 ավագ դպրոցում մեկ դասարան ամբողջությամբ հեռավար ուսուցման է անցել, որովհետև դասարանում քովիդով վարակված երկու աշակերտ կա։ Իսկ 170 ավագ դպրոցը մինչև սեպտեմբերի 17-ն ամբողջությամբ էր դասապրոցեսը հեռավար կազմակերպում, որովհետև դպրոցի տնօրենն ու փոխտնօրենն էին վարակվել քովիդով։

Այսօրվանից հեռավար ուսուցման է անցել նաև Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցը՝ 9 մանկավարժի և 5 աշակերտի մոտ քովիդ է ախտորոշվել։