Զբոսաշրջության ոլորտը ճգնաժամի հետևանքով 500 մլն դոլար է կորցրել․ Ոլորտում հույս ունեն աշնանից դանդաղ ուշքի գալ

Լուսանկարը՝ «Արմենպրես»

«Մեդիալաբի» հարցազրույցը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ

– Պարո՛ն Ապրեսյան, զբսաշրջության ոլորտը ամենատուժածը դուրս եկավ համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամում։ Կա՞ն զարգացման ծրագրեր, ի՞նչ եք մտածում ոլորտը ոտքի կանգնեցնելու համար։

– Նախատեսել ու ծրագրել էինք սկսել ոլորտի վերականգնումը ներքին զբոսաշրջությունից, և հիմա ուրախությամբ կարող եմ ասել, որ դա տեղի է ունենում։ 

Ներքին զբոսաշրջությունը հենց հիմա՝ հատկապես այս հանգստի սեզոնին, ակտիվանում է։ Իհարկե չենք կարող ասել, որ մոտենում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին, բայց, այնուամենայնիվ, զրոյական զուցանիշից լավ է։ Եթե համեմատենք մեկ-երեք ամիս առաջվա հետ, հիմա ավելի լավ է ու ավելի աշխույժ է ներքին զբոսաշրջությունը։ 

Բայց միջազգային զբոսաշրջությունը դեռ ամբողջովին կանգնած է, որովհետև սահմանները փակ են, ավիափոխադրում չի իրականացվում։ 

Հույսներս Կառավարության հետ քննարկման դրական արդյունքներն են են։ Հիմա Կառավարության հետ ակտիվ քննարկման մեջ ենք՝ ոլորտում աջակցության միջոցառումներ իրականացնելու համար, որպեսզի հնարավորինս աջակցենք տնտեսավարողներին, կանխենք ոլորտի փլուզումը։ 

– Այդ աջակցությունն ի՞նչ կերպ կարող է արտահայտվել 

– Այսօր երկու-երեք առաջնահերթ հարցեր են քննարկվում։ Իհարկե կան միջոցառումներ, որոնք անհրաժեշտ է իրականացնել, մենք այդ առաջարկությունները ներկայացրել ենք։ 

Դրանցից երկուսը հրատապ են՝ շատ զբոսաշրջային ընկերություններ լավ նպատակներով վարկ են վերցրել, ներդրումներ կատարել մինչև կորոնավիրուսի համավարակը, բայց հիմա չեն կարողանում՝ ելնելով ստեղծված անկանխատեսելի պայմաններից։ 

Ստացվում է՝ հիմա նրանք, չունենալով եկամուտներ, ունեն վարկային պատմություններ և կանգնած են սնանկության իրական վտանգի առաջ։ 

– Կառավարությանն առաջարկում եք մարե՞լ տնտեսավարողների վարկերը։ 

– Ո՛չ, այսօր խնդիրը հետևյալն է՝ առաջարկում ենք նրանց տրամադրել իրական վարկային արձակուրդ ողջամիտ ժամկետում, իսկ ողջամիտ ժամկետը մենք բազմիցս ենք ասել՝ ապրիլն է, երբ այդ տնտեսավարողները բավարար եկամուտ կունենան։ 

Երկրորդ կարևոր հարցը, որ մենք Կառավարության առաջ բարձրացնում ենք, այդ ընկերություններում աշխատատեղերի պահպանման հարցն է։ Զուգահեռաբար անհրաժեշտ է ստեղծել աշխատելու հնարավորություն։ 

Մենք կարևորում ենք ոլորտի մասնավոր հատվածի հետ պետական բոլոր կառույցների՝ էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, պարետատան և առողջապահության նախարարության քննարկումները։ 

Մենք միասին պետք է նստենք, քննարկենք առաջիկայում սահմանները բացելու հնարավորությունները, որպեսզի մյուս երկրներից հետ չմնանք ու ժամանակին կարողանանք ստեղծել անվտանգության կանոնների հետ կապված պրոտոկոլներ։ 

Դա մեզ որոշակիության հույս կներշնչի, և մենք կիմանանք՝ մեր օտարերկրյա գործընկերներին ինչ խորհուրդներ տալ, ինչ զրույց վարել նրանց հետ։ 

– Պարո՛ն Ապրեսյան, իսկ ձեր առաջարկությունների մասով Կառավարությունում ի՞նչ տրամադրություններ են։

– Կարող եմ ասել, որ առնվազն կառուցողական քննարկում հիմա կա, և մենք հույս ունենք, որ առաջիկայում այդ ուղղությամբ որոշակի քայլեր կարվեն։ Գոնե այն, ինչի մասին ասացի, որ քննարկում ենք, կիրականացվի։ Մենք մեծ հույս ունենք։

– Կարո՞ղ եք ներկայացնել թվեր՝ որքա՞ն տուրիստական ընկերություն է փակվել։ 

– Չէ՛, թվեր դժվար է ասել, որովհետև հենց դա մեր հիմնական խնդիրներից է, քանի որ մեր ոլորտում գործունեության տեսակները չեն լիցենզավորվում, ռեգիստր չունենք և հստակ թվեր չունենք, թե որքան ընկերություն է գործում դաշտում։

– Բայց ճգնաժամի հետևանքով փակված ընկերություններ կլինե՞ն, ըստ ձեզ։

– Այո՛, իհարկե կլինեն ու կան, բայց շատերը դեռ գործում են, գոնե մեր ֆեդերացիայի անդամների մեջ փակված տուրիստական ընկերություն չկա։ Բայց, ցավոք, արդեն աշխատատեղեր են կրճատվում, և փակման եզրին կանգնածներ շատ կան։

– Այժմ զբոսաշրջության ոլորտում որքա՞ն վնասի մասին կարող ենք խոսել։

– Կես տարվա կտրվածքով կարող եմ ասել, որ նախորդ տարվա համեմատ զբոսաշրջության ոլորտում մոտ 500 մլն դոլարի եկամուտ կորցրել ենք։ Դրա հետևանքով մոտ 20 տոկոսով պետական բյուջեն է կորցրել։ Այսինքն՝ եթե ամեն ինչ նորմալ լիներ, կոպիտ ու նվազագույն հաշվարկներով պետական բյուջեն 500 մլն դոլար եկամուտ կունենար։

– Ասացիք, որ ներքին տուրիզմը ակտիվացել է, այդ վնասը որքանո՞վ կարելի է վերականգնել ներքին տուրիզմի հաշվին։ 

 – Շատ լավ է, որ ներքին տուրիզմն աշխուժացել է, և նաև հնարավորություն է, որ ավելի զարգանա ու ընդլայնվի, որը հանրությանը հնարավորություն կտա ավելի բացահայտել երկիրը։ Բայց չի կարելի հույսներս դնենք ներքին տուրիզմի վրա՝ ոլորտը պահպանելու առումով։ 

Սխալված կլինենք, եթե այդպես անենք, քանի որ բոլորը չեն կարող թողնել իրենց հիմնական ուղղությունները և կենտրոնանալ միայն ներքին տուրիզմի վրա։ Շուկան այդքան մեծ չէ։ 

Եվ բացի այդ, եթե չունենանք դրսից եկամուտ, մեր ներքին ռեսուրսի հաշվին չենք կարող պահպանել ոլորտը։ Մենք կարող ենք հույս ունենալ, որ աշնանից միջազգային զբոսաշրջությունը կվերականգնվի։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am