Թալիշում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության հիմնավոր ապացույց է․ վարչապետ

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սրան նախորդեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որը այլ կերպ, քան ագրեսիվ դժվար է որակել։

Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց է։ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տներն Ադրբեջանը քանդում է և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։  Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա արդեն իրականություն է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված։

«Այս գործողությունները ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ, հիշեցնեմ, ասվում է․ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։

Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձ իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի։

«Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը, ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջը արդարացի եմ համարում, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար»,- եզրափակեց Փաշինյանը։