«Հուսամ՝ նոր դավադրությունների մեխանիզմներ չեն մշակի այն մարդիկ, ովքեր անիմաստ դեմ քվեարկեցին». Արմեն Մովսիսյան

«Հուսամ՝ նոր դավադրությունների մեխանիզմներ չեն մշակի այն մարդիկ, ովքեր անիմաստ դեմ քվեարկեցին». Արմեն Մովսիսյան
«Հուսամ՝ նոր դավադրությունների մեխանիզմներ չեն մշակի այն մարդիկ, ովքեր անիմաստ դեմ քվեարկեցին». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը:

– Պարո՛ն Մովսիսյան, մի քանի օր է՝ ինչ Հայաստանում եք։ Վերջին հանրահավաքին մասնակցեցիք։ Ձեր տպավորությամբ՝ կա՞ դեռ անորոշություն, թե՞ հանգուցալուծված կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։

– Հուսամ՝ նոր դավադրությունների մեխանիզմներ չեն մշակի այն մարդիկ, ովքեր նախորդ անգամ ուղղակի անիմաստ դեմ քվեարկեցին, և չգիտեմ՝ ինչ կոճակ էին սեղմել իրենց, որ հանկարծ որոշեցին, որ նման կերպ պետք է քվեարկեն։ Հավանաբար իրականությունից մի քիչ կտրված էին, չհասկացան, որ ժողովուրդը իսկապես կանգնած է, խանդավառված է թավշյա հեղափոխությամբ։

Հուսամ՝ այլևս նման թյուրիմացություններ չեն լինի, քանի որ դա մեր երկրի շահերից չի բխում։ Արդեն պետք է անցնել բնականոն հուն, բոլորը համաձայնեն նոր իրողության հետ, խաղաղ, թավշյա անցման հետ, և սկսենք իսկապես մարդակենտրոն երկիր սարքելը։

– Ամսի 8-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվի, ի՞նչ եք կարծում, բարդ չի՞ լինելու արտահերթ ընտրությունների հասնելու գործընթացը։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք էլ ավելի բարդ չե՞ն լինելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հասնելը և արտահերթ ընտրություններ հայտարարելը։ ՀՀԿ-ականները հայտարարում են, որ իրենք պատրաստ են լինել ընդդիմություն։

– Ես միայն ուրախ կլինեմ, որ նոր ընդդիմություն ձևավորվի, որովհետև ուժեղ ընդդիմությունը միայն կնպաստի երկրի զարգացմանը։ Չգիտեմ՝ ինչպես էին որոշել մեր իշխանավորները, որ մեր երկրում մարդու ձայնը խեղդելը երկրի առաջընթացի լավագույն տարբերակն է։ Այնպես որ, ես միայն շատ ուրախ կլինեմ, որ ձևավորվի այդ նոր ընդդիմությունը, դա միայն մեզ օգուտ է։

Վերջին հաշվով, միայն մտքերի բախման արդյունքում կծնվի իշխանությունը, եթե մարդիկ իսկապես ցավում են երկրի ապագայով, ովքեր ուզում են տեսնել բարեկեցիկ և զարգացող Հայաստան։ Երբեմն նույնիսկ կոշտ դիրքերով, բայց անհրաժեշտ է, որ այդ ընդդիմությունը ձևավորվի։ Եվ ես շատ ուրախ կլինեմ, որ ապագա խորհրդարանում ներկայացված լինեն իսկապես իրենց ընդդիմություն համարող իրական ուժերը, արդար ընտրությամբ խորհրդարան անցած ուժերը, և դա միայն օգտակար է։ Եվ վստահ եմ, որ Նիկոլը և շատերը, ովքեր կողմ են այս շարժմանը, նման զարգացում են ակնկալում։

– Ի վերջո, տեղի ունեցածը թավշյա՞ հեղափոխություն է, մարդկանց գիտակցության մեջ տեղի ունեցա՞ծ փոոխություն է, ի՞նչ է։ Արդյոք քաղաքացին ազատագրվա՞ծ է իր մտքերում։

– Հուսանք։ Քաղաքացին ազատագրված է իր մտքերում, սա շատ կարևոր պարագա է մեր զարգացման համար, որ քաղաքացին գիտակցի, որ ինքն է երկրի տերը, հասկանա, որ իրենից են կախված շատուշատ հարցեր։ Սա իհարկե մեկ րոպեում չի լինում, թավշյա հեղափոխությունը ժամանակ է ուզում նման գիտակցական մակարդակի հասնելու համար, բայց դրվել է սկիզբը, որ սա տեղի ունենա, և սա արդեն հուսադրող է, սա արդեն քաջալերող սկիզբ է, որ ունենանք դրական շարունակություն։

– Արտահերթ ընտրությունների ժամանակ արդյոք ավելի մեծ պայքար չի՞ լինելու, երբ ՀՀԿ-ն փորձելու է ամեն գնով պահել իր դիրքերը։

– Այո՛, եթե հարցը գնում է աթոռակռվի համար, շատ դաժան կարող է լինել, բայց եթե գնում է երկրի շինարարության համար, եթե նոր եկող ցանկացած իշխանավոր հասկանա, որ ինքը ոչ թե աթոռի համար է ընտրվում, այլ իր ժողովրդին ծառա լինելու, այդ պայքարը ուղղակի կդառնա ավելի լավը լինելու պայքար։ Մենք մեր մեջ պետք է հասնենք դրան։

Մեր մտքերի մեջ պետք է արթնանա այն, որ սա ոչ թե աթոռի և սեփական պալատի համար պայքար է, այլ երկրի համար, ոչ թե տեսական երկրի, որ այսօր ունենք։ Եվ այս դաժան պայքարը չպետք է գնա կուլակաթափության հիմունքներով, այլ ուղղակի պետք է գնա երկրաշինության սկզբունքով։ Իմ երազանքների հայրենիքը դա է։

– Մոնթե Մելքոնյանի անունը կրող դպրոցի սաները, ծնողները ոտքի են ելել և պահանջում են տնօրենի հրաժարականը։ Սա, ի՞նչ եք կարծում, սկսված գործընթացի շարունակությո՞ւնն է։

– Այստեղ ալիք է կուտակվել, որի տարբեր ալեկոծություններ կհանգեցնեն հին, կուտակված վրդովմունքների արտահայտման։ Ես ենթադրում եմ, որ, այո՛, քանի որ չի կարելի անընդհատ փակ պահել երկրի կափարիչը, մարդիկ իրավունք ունեն շնչելու, ոչ թե անձի պաշտամունքով ապրելու: Ես վստահ եմ, որ այդ տնօրենի աշխատասենյակում նախկին նախագահի նկարը ՀՀ զինանշանի կողքին փակցված է եղել, և մենք պետք է անցնենք այս ամենից, պետք է հասկանանք, որ երկիրն անձով ձևավորվող չէ, այլ քաղաքացիով է ձևավորվում։ Այդ սխալ ուղին մեզ տարել էր փակուղի, որը դարձել էր կլան, օլիգարխիկ երկիր, և, փառք Աստծո, հույս կա, որ մենք կխուսափենք կոշտ բախումներից և թավշյա հեղափոխությամբ երկրի զարգացման նոր ուղին կգտնենք։

– Ինչ եք կարծում, արդյոք այս ամենը կհանգեցնի՞ նաև արտագաղթի կասեցմանը։

– Իհարկե։ Երկիր, որտեղ օրենքի գերակայություն է, որտեղ մարդիկ կգտնեն զարգացման հնարավորությունները, երկիր, որն առաջընթաց է ապրելու, ես վստահ եմ, որ իհարկե կգան։ Եվ սա ոգևորիչ կլինի շատերի համար։ Քաղաքական և տնտեսական հարցերը փոխկապակցված են, յուրաքանչյուր խնդրի լուծում ոգևորելու է դրսում ապրող հայերին, նպաստելու է ներգաղթին։ Շատերը ոչ միայն տնտեսական պատճառներից դրդված են արտագաղթել, այլև այն պատճառով, որ իրենց բողոքը համարել են անիմաստ և գտել են ապրելու ավելի լուսավոր տեղ։ Ոչ թե էմոցիաներով, ոգևորված՝ խոսքեր եմ ասում, այլ ես վստահ եմ, որ սա կլինի թավշյա հեղափոխության շարունակությունը։

Մանե Հարությունյան

MediaLab.am