«Մեր դոմիկը բաց դաշտի մեջ դրած ա, մեր երազանքն էր՝ տուն սարքեինք մեր ու երեխաների համար». Վարդուհին ամուսնու զոհվելուց հետո ասում է՝ կյանքը շուռ եկավ

«Մենք, ճիշտ ա, դոմիկում էինք ապրում, պայմանները լավը չէին, բայց լավ էինք իրար հետ, հաղթահարում էինք։ Հիմա ամեն շաբաթ Եռաբլուր եմ գնում, ասում՝ ինչի մեզ թողեց, ինչի գնաց»,- հուզմունքով ասում է 35-ամյա Վարդուհի Մարդանյանը։

Վարդուհու ամուսինը՝ զինվորական, խաղաղապահ 36-ամյա Աշոտ Վարդազարյանը, պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում էր, պայքար է մղել հայրենիքի համար Քարվաճառում, զոհվել Օմարում։

«Օմարի այն դիրքը, որտեղ ամուսինս է կռվել, նշանառության տակ է եղել։ Զինակից ընկերներն ասում են՝ Աշոտը միակներից ու քչերից մեկն ա եղել, որ փախուստի մասին չի մտածել, մինչև վերջ մնացել ա ու մինչև վերջին շունչը կռվել»։

Աշոտ Վարդազարյանն ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 29-ին, ասել է՝ ամեն ինչ լավ է լինելու, հաջորդ օրը տեղի է ունեցել ողբերգական դեպքը։

«Սեպտեմբերի 30-ին էլ զանգ չեմ ստացել, 30-ին էլ հենց զոհվել է: էդ տարածքում ինքնաթիռ է աշխատել ու մնացած բոլոր զենքերն էլ: Էդ ժամանակ երեք հոգով են եղել, իրենց մեջտեղում արկ է պայթել, խոր բեկորային վնասվածքներ է ստացել։ Զինակից ընկերներն ասում են, որ ամուսինս մի կերպ կարողացել ա ինքնուրույն որոշակի տարածք անցնել, ընկերները կապկպել են մարմինը, որ արյունահոսությունը դադարեցնեն, բայց չի ստացվել, չեն կարողացել կյանքը փրկել»,- հուզմունքով ասում է Վարդուհին։

35-ամյա կինը նշում է, որ ամուսնուց զանգեր չստանալուց հետո սարսափով հետևել է զոհված զինծառայողների ցուցակին՝ հուսալով, որ ամուսնու անունը այնտեղ չի լինի։ Ասում է՝ բարեկամներն արդեն գիտեին դեպքի մասին, Վարդուհին անհանգստություն է նկատել, և սիրտը կասկած է ընկել, որ ինչ-որ բան այն չէ։

«Սկբից ասում էին, թե դեպք ա եղել, մի մասը փախել ա, միգուցե իրանց մեջ ա, գուցե հիվանդանոցում ա։ Հոկտեմբերի 3-ին նոր իմացա, մինչև իրենց էդ դիրքից հանեցին»,- կսկիծով ասում է կինը։

Վարդուհին պատմում է, որ մինչև վերջ էլ հույս ուներ, որ սխալմունք կլինի, որ ամուսինը շուտով տան դուռը կթակի կամ կզանգի։

«Մեր կյանքը գլխի վրա շուռ եկավ, ասում էի՝ մինչև վերջին պահը տեսնեմ, չեմ հավատա։

Էլի սպասում եմ, չեմ ուզում համակերպվեմ իրականության հետ, դժվար ա»,- հուզմունքը կոկորդում խեղդելով նշում է կինը։

Վարդուհին՝ երկու որդիների հետ։

Պատերազմում ամուսնուն կորցնելուց հետո կյանքն առավել դժվարացել է Վարդուհու համար։ Նա 27 քմ տնակում բնակվում է երկու անչափահաս որդիների հետ։ Եթե մինչ այդ սիրող ու հոգատար ամուսնու հետ կենցաղային հարցերը մի կողմ էին դրվում, այժմ առավել զգալ են տալիս ցավի ու վշտի հետ մեկտեղ։

Վարդուհին ամուսնու զոհվելուց հետո տրամադրված գումարով տնակին մոտ հողը դարձրել է տնամերձ, սակայն շինարարություն սկսելու և տուն կառուցելու համար բավարար միջոցներ այլևս չկան։ 

«Չորրորդ գյուղի [Մալաթիա-Սեբաստիայի Հաղթանակ թաղամաս- հեղ.] ամենածայրում ա գտնվում մեր դոմիկը, բաց դաշտի մեջ դրած ա, երեխեքիս էլ չեմ կարա թողնեմ, որ գնամ գործի, ամառը օձերը, կարիճները լիքն են, հետո՝ կտրված տեղ ա։ Որ չեմ աշխատում, վարկ էլ չեն տալիս։ 

Մեր երազանքն էր՝ տուն սարքեինք մեր ու երեխաների համար։ Հիմա ամուսինս չկա, պատասխանատվությունն ինձ վրա ա, պետք է անպայման իրականացնեմ ամուսնուս կիսատ թողած գործերն ու երեխաներին իրենց նպատակին հասցնեմ»,- նշում է Վարդուհին։

Աշոտ Վարդազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am