Լոռու փոխմարզպետը հայտարարել է պաշտոնից ազատվելու մասին

Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը հայտարարել է պաշտոնից ազատվելու մասին:

«Սիրելի լոռեցիներ, ընկերներ,

վարչապետի որոշմամբ փետրվարի 3_ից դադարեցնում եմ Լոռու փոխմարզպետի պաշտոնում իմ աշխատանքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահեցին այդ բարդ ու պատասխանատու պաշտոնը, ովքեր հավատացին, աջակցեցին, սատարեցին, ովքեր եղան իմ սխալների ու բացթողումների քննադատն ու ձեռքբերումների ուրախությունը կիսողը:

Շնորհակալ եմ Լոռու մարզպետարանի ողջ անձնակազմին, Լոռու բոլոր համայնքների ղեկավարներին ու աշխատակազմերին, տեղական ու միջազգային, պետական ու ոչ պետական կառույցների բոլոր ներկայացուցիչներին, որոնց հետ որևէ շրջափուլում համագործակցել ենք:

Եվ ամենակարևորը՝ շնորհակալ եմ ԼՈՌԵՑՈՒՆ, ում կյանքում ինչ որ բան դեպի լավը փոխելուն է ուղղված եղել յուրաքանչյուր օրս, ում ժպիտներն ու անկեղծ խոսքերը եղել են լավագույն գնահատականը՝ իմ արածի ու նաև չարածի/չհասցրածի համար:

Վերջին 2.5 տարիների նախ որպես փոխմարզպետի օգնականի, մարզպետի օգնականի, ապա և՝ մարզպետի տեղակալի պաշտոնում պաշտոնավարման ավարտն ամփոփում եմ պետական կառույցում ղեկավարման կարևոր փորձառությամբ, գերհագեցած ու գերծանրաբեռնված օրերի գունեղ հետագծով, գործընկերների-ընկերների ամուր թիկունքով ու երբևէ կանգ չառնելու անսասան հավատով ու ժպիտով», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարկոսյանը::