«ՀՀԿ-ն Արցախի հարցի փուլային լուծմանը դեմ է. Փաշինյանն է հարցի հասցեատերը, թե որոնք են ցավոտ զիջումները». Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Պարո՛ն Շարմազանով, տեղեկություն եղավ, որ նախկին նախագահներից Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում են մեկնել Մոսկվա՝ Արցախի հարցի շուրջ քննարկումներ անցկացնելու։ Իսկ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա գնալու մասին խոսակցություն եղե՞լ է, թե՞ ոչ, և, ընդհանրապես, ի՞նչ կարող է փոխել նախկին նախագահների այցը ՌԴ։

– Ես խոսակցությունները չեմ մեկնաբանում, նախագահների գնալու կամ չգնալու վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ։ Ես տեղեկություն ունեմ այնքան, որքանով պաշտոնապես հայտարարվել է այդ մասին։ Հետևաբար, ձեռնպահ կմնամ մեկնաբանություններ տալուց, քանի որ առաջին ու երկրորդ նախագահների այցերի վերաբերյալ մանրամասներ չգիտեմ։ Եվ կոռեկտ չէ այցից առաջ որևէ գնահատական տալ, թե ինչ պետք է սպասել այդ այցից։

Արցախում ավելի քան մեկ ամիս է՝ պատերազմ է։ Կա տեսակետ, որ հայկական բանակը պետք է ռազմաճակատում հաջողություններ գրանցի, որպեսզի Հայաստանը կարողանա ուժեղ դիրքերից բանակցել։ Ներկայում որ փուլո՞ւմ ենք մենք։

– Քանի որ մենք գտնվում ենք ռազմական դրության ռեժիմում, ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալուց։ Ես մեր կուսակցության կարծիքը պարոն վարչապետի հետ հանդիպումների ժամանակ ներկայացրել եմ։

Կրկնում եմ, քանի որ ռազմական դրություն է, ես ձեռնպահ կմնամ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներ տալուց։ Սահմանափակվենք այն պաշտոնական գնահատականներով, որոնք տվել է Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր հայտարարություններում։ 

Երեք հայտարարություն է եղել։ Առաջինը մենք առանձին ենք արել, որ այս իրավիճակում մենք սառեցնում ենք քաղաքական օրակարգն ու սատար ենք կանգնում մեր բանակին ու երկու հայկական պետություններին։

Երկրորդը նմանատիպ հայտարարություն եղել է 14 կուսակցությունների ֆորմատով։ Եվ երրորդը 16 կուսակցությունների ֆորմատով եղել է հայտարարություն՝ առաջարկ-պահանջ վարչապետին ու կառավարությանը, որ ստեղծեն օպերատիվ շտաբ։ Այս հայտարարություններից դուրս, հաշվի առնելով ռազմական դրությունը, ես ձեռնպահ կմնամ գնահատականներ հնչեցնելուց։

– Իսկ շտաբի ստեղծումը որքանո՞վ եք հավանական համարում այս պայմաններում։

– Դա կառավարության դաշտում է, կառավարությունն ու վարչապետը պետք է գնահատական տան։ Իսկ իրենք դեռևս որևէ գնահատական չեն տվել։

– Ռուսաստանի նախագահ Պուտինը դարձյալ խոսեց Ադրբեջանին 5+2 շրջաններ հանձնելու մասին։ Ինչո՞ւ է այս փուլում Ռուսաստանն անընդհատ բարձրացնում այս հարցը։

– Մենք մեր տեսակետը հայտնել ենք և՛ վարչապետի հետ հանդիպմանը, և՛ դրանից հետո հրապարակային։

Մեր կարծիքը չի փոխվել և հստակ է՝ մենք ասել ենք ու ասում ենք՝ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Երկրորդ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ու պարտադիր իրացումը աներկբա իրավունք է։

Եվ երրորդ՝ մենք, բացի փաթեթային լուծումից, ցանկացած լուծման տարբերակի, այդ թվում՝ փուլայինին, դեմ ենք եղել ու դեմ ենք այսօր։

– Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ հայկական կողմը պատրաստ է անգամ ցավոտ զիջումների, բայց Ադրբեջանը Արցախի կապիտուլյացիան է ուզում։ Որո՞նք են ցավոտ զիջումները, և արդյոք հայկական կողմը պատրա՞ստ է դրանց։

– Քաղաքական պատասխանատուն գործող իշխանությունն է, ինքն է խոսել ցավոտ զիջումների ու փոխզիջումների մասին։

Հարցի հասցեատերը ես չեմ, այլ պարոն վարչապետն է։ Երբ ռազմական դրությունն ավարտվի, մենք մեր տեսակետները կհնչեցնենք։ Իսկ թե ի՛նչ նկատի ունեն՝ ցավոտ զիջումներ ու փոխզիջումներ ասելով, դա պետք է հարցնել քաղաքական իշխանությանը, տվյալ դեպքում՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am