Արցախցի պաշտոնյաների հետ փոխկապակցված «Էներգո-սթար» ընկերությունը դատի է տվել Հայաստանի կառավարությանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով 8 միլիարդ 740 միլիոն դրամ՝ իրենց պատճառված վնասը հատուցելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։ Արցախի Քաշաթաղի շրջանում կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանը կորսվել է պատերազմի հետևանքով։
«Էներգո-սթար». պաշտոնյաների կանանց բիզնեսը
Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր, Շուշիի վարչակազմի երկարամյա նախկին ղեկավար Վլադիմիր Կասյանի կինը՝ Դոնարա Կասյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանի կինը՝ Անժելա Ասրյանը, 2017-ին հիմնել են «Էներգո-սթար» ընկերությունը։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ նրանցից յուրաքանչյուրն ունի 50 տոկոս բաժնեմաս։
Մինչև այս տարվա հունիսը ընկերության տնօրենը, որ նաև որպես հայցվոր է, եղել է Բենյամին Բալասանյանը՝ Վլադիմիր Կասյանի ընտանիքի մտերիմը։ Հունիսից «Էներգո-սթարի» տնօրեն է դարձել Ստեփանակերտի բնակիչ Դավիթ Հակոպովը։ Դոնարա Կասյանը 2017 թվականին Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի որդու՝ Արման Հակոբջանյանի հետ հիմնել էր նաև «Թութխան-ՀԷԿ» ՍՊԸ-ն, որտեղ ուներ 33 տոկոս բաժնեմաս։ Այս հիդրոէլեկտրակայանի մասին այլ տեղեկություններ, սակայն, առկա չեն։
«Էներգո-սթարին» Արցախի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը լիցենզիա տրամադրել է 2018 թվականին, և լիցենզիայի ժամկետը լրանում էր 2035 թվականին։ Հիդրոէլեկտրակայանը կոչվում էր «Հոչանց-3», գտնվում էր Քաշաթաղի շրջանի Հոչանց գետի վրա՝ Դրախտաձոր համայնքում։ Հոչանցը Հակարի գետից սկիզբ առնող խոշոր վտակներից է, երկարությունը 63 կիլոմետր է։ Հիդրոէլեկտրակայանի դրվածքային հզորությունը 3.654 մեգավատտ էր։ Ընկերության վերաբերյալ մամուլում հրապարակում եղավ 2018 թ. սկզբին, երբ պարզվեց, որ Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվող խողովակաշարերն ապամոնտաժվում են ու համայնքի տարածքից դուրս բերվում։ Բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչն ասել էր, որ «Էներգո-սթարը» խողովակաշարերը գնելու պայմանագիր ունի կնքված «Նաիրիտ» գործարանի հետ։
Այս տարվա ապրիլից սկսած «Էներգո-սթարի» ներկայացուցիչները սկսել են պատրաստել հայցը, որը մի քանի անգամ հետ է վերադարձվել տեխնիկական վրիպակների պատճառով։ 2021 թ. սեպտեմբերի 23-ին վարչական դատարանում այս գործով առաջին դատաքննությունն է նշանակված, իսկ դատավորը Ռուզաննա Ազրոյանն է։ Թե ո՞ր փաստաբանն է հայցվոր կողմի ներկայացուցիչը՝ «Դատալեքսում» չի նշվում։
Վլադիմիր Կասյան. «Թող հավասար պատասխան տան»
«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց ոստիկանության գեներալ, Արայիկ Հարությունյանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանի հետ՝ կնոջը պատկանող ընկերության կողմից ներկայացված հայցի վերաբերյալ մանրամասներ պարզելու։ Նա նախ հարցրեց՝ ինչո՞ւ է մեզ հետաքրքրում այդ գործը, ապա ասաց՝ «գործը, ընդհանուր առմամբ, հիդրոէլեկտրակայանի կորստի հետ է կապված»։
«Ես շատ մանրամասներ չգիտեմ, տվել են իրավաբաններին։ Որ իրավաբանները որ զբաղվում են, իրենց հետ կապվեք։ Կարող է ես մի բան ասեմ, սխալ դուրս գա»,- ասաց Գրիգորյանը՝ այլ հարցերի չպատասխանելով։
Արցախի խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Կասյանը մեզ հետ զրույցում ևս խորհուրդ տվեց դիմել իրավաբաններին։ «Ես չեմ կարող պատասխանել։ ՀԷԿ-ը հակառակորդի ձեռքում է։ Այդքան ներդրում ենք արել, հիմա անցել է իրենց, մենք էլ մնացել ենք…»,- ասաց Կասյանը։
Նրա խոսքով՝ հիդրոէլեկտրակայանի համար մեծ վարկ են ներգրավել։ Բացի այդ, 2 միլիոն դոլարից ավել ներդրում է կատարված եղել։ Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը ներգրավվել այս գործով, Կասյանը մեկ այլ հարցով պատասխանեց. «Կառավարությունը երաշխավոր չի՞ կանգնել, որ մենք էնտեղ ՀԷԿ-եր կառուցենք»։ Մյուս հարցին, թե ինչո՞ւ Արցախի կառավարությունն ու նախագահը ևս պատասխանող չեն, Կասյանն ասաց՝ «թող հավասար պատասխան տան», ապա խորհուրդ տվեց մնացած բոլոր հարցերն ուղղել իրենց իրավաբաններին։
«Էներգո-սթարի» շահերի ներկայացուցչին հայտնաբերելը բարդ էր, նա ցանկանում էր անհայտ մնալ։ Սակայն դատարան ներկայացված փաստաթղթերից պարզ է դառնում, որ հայցվորի ծանուցման հասցեն Երևան, Չարենց 1, 101 գրասենյակն է։ Այս տարածքում փաստաբանական գործունեությամբ են զբաղվում մի քանի փաստաբաններ։ Նրանցից Նարեկ Խաչիկյանը ասաց՝ հայցվորի ներկայացուցիչներն իր գործընկերներն են։ «Գործընկերներս են զբաղվել, բայց նրանք չեն ցանկանում մեկնաբանել։ Նպատակահարմար չէ որևէ ինֆորմացիա տրամադրելը, անգամ թե ով է զբաղվում։ Չեն ուզում հրապարակային որևէ բան լինի»,- հայտարարեց Խաչիկյանը։ «Փաստերի ստուգման հարթակին» հաջողվեց պարզել, որ այս գործով հայցվորի ներկայացուցիչը փաստաբան Գնել Մուղնեցյանն է, ով միայն ասաց՝ պատվիրատուի պահանջն է, որ գործով մանրամասներ չհաղորդվեն, բացի այն, ինչ կա «Դատալեքսում»։
«Էներգո-սթար» ՓԲԸ-ն եռամսյակային տվյալներով նաև Արցախի 300 խոշոր հարկատուների ցանկում էր մինչև պատերազմը։ Ըստ բաց տվյալների՝ 2019 թ. առաջին կիսամյակում ընկերությունը վճարել էր 10.3 միլիոն դրամ, իսկ 2020-ին՝ 58.7 միլիոն դրամ։ Այս գումարի առյուծի բաժինն ընկերությունը վճարել էր մինչ պատերազմը։
Սա եզակի դեպք չէ, երբ պատերազմին հետևած տարածքային կորուստների պատճառով կորսված բիզնեսների ղեկավարները հայց են ներկայացում կառավարության դեմ։ «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր մեկ այլ դեպքի ևս, երբ Սոթքում՝ հակառակորդին անցած տարածքում գործունեություն ծավալած ու հողմային էլեկտրաէներգիա արտադրող «Զոդ ուինդ» ՓԲԸ-ն դիմել էր դատարան՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով փոխհատուցել ընկերության կրած վնասը՝ 5 միլիոն դոլարի չափով։ Այս գործով դատավարությունն ընթացքի մեջ է։