Ճակատագիր. «Իսկ նրան գորովանքով պահում էին աղջիկները, որոնցից, որպես անցանկալիներ, հրաժարվում են մինչ լույս աշխարհ գալը»

Ճակատագիր. «Իսկ նրան գորովանքով պահում էին աղջիկները, որոնցից, որպես անցանկալիներ, հրաժարվում են մինչ լույս աշխարհ գալը»
Ճակատագիր. «Իսկ նրան գորովանքով պահում էին աղջիկները, որոնցից, որպես անցանկալիներ, հրաժարվում են մինչ լույս աշխարհ գալը»

Դեռ չհասցրած Գորիս-Երևան ճանապարհը հաղթահարելու մտքին հարմարվել, կողքիս նստած երիտասարդ աղջիկը ձեռքն արագ բերանին տանելով ու արմունկիս խփելով հասկացրեց, որ վարորդին ասեմ՝ արգելակի մեքենան:
Սովոր տեսարան էր:
Մի քանի րոպեից, իմ օգնությունից հրաժարված աղջիկը, կրկին մեքենայում էր: Քիչ սփրթնած էր, բայց ասաց, որ կարող ենք շարունակել:
Մեր քառյակը լրացնում էին տխուր առիթով մայրաքաղաք մեկնող տարեց ամուսիններ, որոնք համերաշխ ննջում էին: Միակ «խոսողը» Թաթան էր…
Աղջիկը հաճախ էր հեռախոսը ականջին տանում ու համարյա շշուկով խոսում: Զգում էի, որ մի չհաղթահարվող անհանգստություն նրան ուղեկցում է: Գազալիցքավորման կետում իջանք: Մառախուղ էր ու մանրիկ՝ գորիսյան անձրև էր տեղում: Մտանք փոքրիկ սրահ: Նրան էլ սուրճ առաջարկեցի: Հրաժարվեց: Նստեց իմ հարևանությամբ: Կրկին հեռախոսը զանգահարեց.
«Չէ’, ասում եմ՝ չէ’, մերը ե՞ս եմ, չե’մ ուզում, ասում եմ՝ գնալու եմ: Որ իմ ուզած եղավ, վաղը հետ եմ գալու: Չվախենաս: Ա’յ կնիկ, հասկանո՞ւմ ես՝ էս դարում՝ երեք աղջիկ…Դե լավ, պրծանք, է~հ, երազն ինչ կապ ունի է, որ երազով լինի…»:

Ես համարյա հասկացա՝ բանն ինչում է, բայց ինձ իրավունք չվերապահեցի հարց տալ:

Շարունակեցինք ճանապարհը: Քիչ անց ինքն անկեղծացավ ու պատմեց, որ, ի զարմանս ինձ, երկու դպրոցահասակ աղջիկ ունի, որ հիմա հղի է, որ Գորիսում կասկածանքով տղա են ասել, բայց ինքը վստահ չի, գնում է Երևան ստուգվելու ու, որ աղջիկ եղավ, հենց Երևանում կընդհատի հղիությունն ու հետ կդառնա: Ասաց, որ վերջին զանգողը մայր էր. մի վերջին անգամ խնդրում էր, որ այդպիսի բան չանի…Ասաց, որ կեսուրն ու ամուսինն էլ կողմ չէին իր որոշմանը, բայց տալն արդեն Երևանում, ծանոթ բժշկուհու հետ, պայմանավորված ժամ ունի ու սպասում է…

Ես էլ ասացի, որ էս կյանքում իմ ամենաչհասկացած ու աններելի բանն այն է, երբ մայրը, սեռը հաշվի առնելով, ինքն իր ձեռքով գնում է, որ…Զգացի, որ դիրքորոշումս բավականին վնասեց նրա աչքին իմ՝ կյանքից…բան հասկանալը…Հասակացա, որ անիմաստ է խոսելը: Լռեցինք:

Նա, մինչ Երևան, մի քանի անգամ էլ իջավ մեքենայից ու սփրթնած հետ եկավ…Երևանում նա առաջինը պիտի իջներ: Որքան էլ՝ համոզված էի իզուր, բայց մի վերջին անգամ ես ասացի.

«Դեռ ուշ չէ, լավ մտածիր, Անի»…

Ես նրան հաճախ էի հիշում, բայց, բնականաբար, ոչ մի լուր չունեի. Նա ինձ անծանոթ ընտանիքից էր:

…Վերջերս, այդ դեպքից տարիներ անց, ես Երևանից Գորիս էի գալիս: Վարորդն, ի ուրախություն ինձ, ասաց, որ երկար չեք սպասի, որ մյուս երեքը մի ընտանիքից են: «Ռոսիայի» մոտ սպասում էինք:

Նրանք իջան տաքսուց. մի կին էր, երկու աղջիկներ: Երիտասարդ աղջիկները շատ քնքշորեն օգնեցին ձեռնափայտով կնոջը: Տեղավորվեցին ու ուղևորվեցինք: Ճանապարհին դադար առանք: Արփայի ափին խմում էի ինձ համար իրադարձային դառը սուրճը: Նրանք երեքով առանձին՝ կողքի սեղանի շուրջն էին նստել: Ինչպես հասկացա՝ մայր ու աղջիկներ էին:«Վալերիանայի» հոտը մատնեց մոր վատ ինքնազգացողության մասին: Ես առաջարկեցի իմ օգնությունը. ես էլ դեղերի պաշարով էի: Կինը հրաժարվեց, ասաց, որ արդեն լավ է ու թույլ, նվաղած ժպտալով ասաց.

«Դու ինձ չես հիշում, ես լավ եմ հիշում: Երանի…»: Ու նեղսրտեց…Ես, նայելով նրա սև, երկար թարթիչներով կապույտ աչքերին, մտաբերերեցի Անիին… Քիչ…դադարից հետո, նա…հետ գնաց.

«Հենց նույն օրը տալիս հետ գնացի բժշկի: Ասացին, որ աղջիկ է ու…Ու հենց նույն օրն էլ…Գիտակցության եմ եկել մեկ շաբաթ անց…Գլուխս բարձրացնել չէի կարողանում: Երկու օր հետո հասկացա, որ քայլել էլ չեմ կարողանում: Երեք ամիս պառկեցի հիվանդանոցում: Ամուսինս ահռելի ծախսերը հոգալու համար արտագնա աշխատանքի մեկնեց: Այդտեղից էլ սկսվեց իմ ընտանիքի քայքայումը: Նա փող պարբերաբար ուղարկում է, բայց այնտեղ…ընտանիք ունի, ասում են՝ զույգ տղաներ…Իսկ ես, տարին մի քանի անգամ, էս ճանապարհին եմ…Երեխեքս էլ հետս տանջվում են, մայրս էլ չկա…Ես չլսեցի նրան՝ Աստված պատժեց ինձ: Ես մորս մինուճարն էի, ծնվել էի նրանց ամուսնության 15-րդ տարում…Դրա համար մայրս ասում էր՝ ո՞նց կարելի է Աստծո տվածից հրաժարվել…Գիտե՞ք, որն է ամենասարսափելին՝  աբորտից անմիջապես հետո մասնակից բուժքույրը տալիս ասել է, որ երեխան տղա է եղել…Իսկ ես մորս երազին չհավատացի»:

Ականջներիս չէի ուզում հավատալ, ուրեմն այսքանից հետո նրա համար ամենասարսափելին էլի…սեռն էր…

Իսկ նրան, ինչպես սովորաբար է, գորովանքով պահում էին աղջիկները, աղջիկներ, որոնցից, որպես անցանկալիներ, հրաժարվում են մինչ լույս աշխարհ գալը:

Արժե՞, որ շարունակի ապրել երեխան-վճռում է…մայրը: Հետո էլ ասում ենք՝ սիրասուն մայրիկ…Մեղա~…

Լենա Հովսեփյան

Գորիս

Լուսանկարը՝ Անաստասիա Թեյլոր-Լինդի

© Medialab.am