Լիտվիայից, Ֆինլանդիայից և Էստոնիայից Հայաստան ժամանած եւ մուտքի արտոնագիր չստացած լրագրողների խմբի ղեկավար Անդրիուս Բրոկասն ակնհայտ սադրանք է որակել իր և իր գործընկերների նկատմամբ Հայաստանի լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներ, ուր նրանց է վերագրվում Ադրբեջանի վերին օղակների հետ սերտ կապերի մեջ լինելը:
«Իմ և իմ գործընկերների դեմ ներկայացված մեղադրանքները բացարձակապես անհիմն են և բացահայտ սադրանք: Ցանկանում եմ պարզաբանել, որ անցյալ տարվա գարնանը մենք իրոք պայմանագիր ենք ունեցել ադրբեջանական կողմի հետ` «Նոտր դամ դե Պարի» մյուզիքլի հյուրախաղերի կազմակերպման համար:Մենք նման բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Բաքվում, ինչպես նաև Լեհաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Հնդկաստանի և այլ երկրների մայրաքաղաքներում»,- «Մեդիալաբին» գրել է Բրոկասը` հավելելով, որ իրենց համագործակցությունը Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ այդքանով ավարտվել է:
Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի Լիտվայից, Ֆինլանդիայից և Էստոնիայից ժամանած լրագրողների խումբը, որի պրոդյուսերը Բրոկասն է, մոտ քսանութ ժամ է անցկացրել «Զվարթնոց» օդակայանի տարանցիկ գոտում, ուր նրանց այդպես էլ մուտքի վիզաներ չեն տրամադրվել, և լրագրողները ստիպված են եղել վերադառնալ:
Պրոդյուսեր Անդրիուս Բրոկասը հայտարարել է, որ իրենց` Հայաստան գալու նպատակը Կովկասում զինված հակամարտությունների մասին վավերագրական ֆիլմ նկարահանելն է եղել: Նրանց տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ խումբը մտադիր էր Հայաստանում հանդիպումներ ունենալ տարբեր պաշտոնյաների, ընդդիմության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ֆիլմ նկարահանել Խոջալուի դեպքերի մասին:
Սակայն, ՀՀ Արտգործնախարարության «Մեդիալաբի» աղբյուրներն հավաստել են, որ ունեցած տեղեկությունների համաձայն, Բրոկասի խումբը Հայաստան է ժամանել Ադրբեջանամետ նյութեր պատրաստելու եւ Հայաստանի վարկանիշին վնաս հասցնելու համար: Տեղեկություններ են տարածվել, որ խմբի ղեկավար Բրոկասն աշխատանքային լավ վարձատրվող պայմանագիր ունի Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ:
Հայաստանից մեկնելուց հետո Բրոկասը հանդես է եկել նոր հայտարարությամբ, որում ներկայացրել է կատարվածի իր մեկնաբանությունը:
Բրոկասը նաև գրել է, թե ինքը դա երբեք գաղտնի չի պահել:
«Ընդհակառակը` այդ նախագծի մասին պատմող բոլոր տեղեկություններն ու լուսանկարները տեղադրված են համացանցում: Ուստի հայկական կողմի մերկացումները, մեղմ ասած, անլուրջ են, եթե, իհարկե, Քվազիմոդոյին Բաքվի գործակալ չհամարենք»,- գրել է Բրոկասը:
Ինչ վերաբերում է «Խաղաղ Կովկաս» ծրագրին, որով խումբը Հայաստան է ժամանել ապա, աշխատանքներն ու նկարահանումները ֆինանսավորվում են եվրոպական անկախ կինոֆոնդերի կողմից:
Ըստ այդմ` նկարահանումներին մասնակցում է բրիտանական, լիտվական, էստոնական և ֆիննական ընկերությունները եւ Ադրբեջանում արդեն իսկ նկարահանվել են կադրեր, որոնք պետք է դառնան վավերագրական ֆիլմի հիմք:
«Ֆիլմի էությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը երկու կողմերից դիտարկվում է նույն կարգավիճակի մարդկանց ճակատագրերի միջոցով` փախստականներ, զինվորականներ, քաղաքական գործիչներ և խաղաղարարներ: Ադրբեջանում դա նկարահանել են մեր կոլեգաները, Հայաստանում և Ղարաբաղում վերոնշյալ պատճառներով` ոչ»,- գրել է Բրոկասը:
Նա նաև գրել է, թե զարմացած և զայրացած է հայկական կողմի գործողություններից: Նրա խոսքով` իրենք իրենց այցի մասին ոչ մի գաղտնիք չեն պահել, և հայկական կողմը նախապես տեղեկացված է եղել այցի նպատակների, խմբի երթուղիների, ժամանակացույցի և հարցազրույցի թեկնածուների մասին: Ըստ Բրոկասի` Հայաստանի համար իրենց այցը կատարելապես թափանցիկ է եղել:
«Ինձ և իմ գործընկերների համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Հայաստանը այդպես բացասական գնահատում միջազգային հանրությանը երկրի հասարակայնության տեսանկյունների և դիրքորոշումների հետ ծանոթացումը: Մի՞թե հանրահայտ հասարակական գործիչների հետ հարցազրույցները փակ տեղեկատվության հավաքում է: Ես պատահական չեմ համարում այն, որ հարցը լուծել են հենց Հայաստանի անվտանգության մարմինները, ինչն արտացոլում է լրագրողների ազատության վիճակն ու այդ երկրում տեղեկատվություն ստանալու իրավունքը»,- գրել է Բրոկասը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ այս ամենը ոչ թե Հայաստանի հասարակության, այլ իշխանությունների տեսակետն են, և լինելով լրագրող` իրենք ձգտում են լուսաբանել հայաստանյան հասարակության տեսակետը, և անկախ բոլոր խոչընդոտներից և դժվարություններից` իրենք դա անելու միջոցը կգտնեն:
Քրիստինե Խանումյան
© Medialab.am