Հաշմանդամություն ունեցող անձանց ազատության և անվտանգության մասին ՄԱԿ-ի կոմիտեի ուղեցույց. ՀՔԱՎ

2020 թ․ հունվարի 30-ին Կառավարության նիստում քննարկվեց և ընդունվեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Ողջունելի է Կառավարության նիստի ընթացքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված քննարկումը և ժամանակակից մոտեցումները՝ հատկապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ազատության և անվտանգության իրավունքի ապահովման շուրջ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն առաջարկում է հրաժարվել խանգարման հիմքով ոչ հոժարակամ, հարկադիր բուժումից, մեկուսացումից։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ, ի հավելումն Զ․ Բաթոյանի խոսքին, նշեց, որ եվրոպական պետությունները այդ հարցում եկել են համաձայնության, որ ոչ թե պետք է հրաժարվել կարգավորումից, այլ երաշխիքները խստացնել։

Ա․ Թաթոյանը այդ համատեքստում անդրադարձավ իտալական փորձին և որպես այլընտրանքային տարբերակ՝ հիշատակեց համայնքահեն խնամքի հաստատությունները։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 14-րդ հոդվածին ու Կոմիտեի առաջարկություններին հղում տալով, ոչ հոժարակամ, հարկադիր բուժումից հրաժարվելու առաջարկություն էր ներկայացրել դեռևս 2018 թ․ հունիսին e-draft.am-ում քննարկման դրված «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։ Այդ առաջարկությունների փաթեթում հղում էինք տվել նաև իտալական փորձին։

«Հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման մասին» Իտալիայի Հանրապետության օրինագծում հիմնական ուշադրությունը դարձվում է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հոժարակամ բուժումը անմիջապես համայնքում և ինտեգրված բժշկական հաստատությունների պայմաններում կազմակերպելու վրա, և ոչ թե՝ մեկուսացված հոգեբուժարաններում: Առողջապահության նախարարությունը չէր ընդունել այս առաջարկությունը։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով Կոմիտեն 2015 թ․ ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի 14-րդ հոդվածի վերաբերյալ ուղեցույց՝ հավելյալ պարզաբանելու՝ պետությունների պարտավորությունը հարգելու, պաշտպանելու և երաշխավորելու հաշմանդամություն ունեցող անձանց ազատության և անվտանգության իրավունքը։

Հուսալով, որ Կառավարության նիստին սկսված քննարկումները կբերեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հարկադիր բուժման և մեկուսացման պրակտիկայից հրաժարվելուն՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Կոմիտեի ուղեցույցի հայերեն, ոչ պաշտոնական թարգմանությունը։ (Անգլերեն տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ)