Թուրքիան սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը

Հեղինակ MediaLab

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը.

Հարց
 -Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ ինչ ռազմական գործողությունները չեն դադարում։ Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանն անցել են լայնածավալ պատերազմի։

-Կարծում եմ՝ պետք է հստակեցնենք, որ այս լայնածավալ պատերազմը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Ադրբեջանն, ըստ էության, ցանկանում է այս տարածքը մաքրել հայերից։ Սա պատմական հայկական տարածք է, որտեղ հայերն ապրում են հազարավոր տարիներ։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 1991 թվականին հռչակեց իր անկախությունը։ Բանակցությունները շարունակելու փոխարեն, իսկ դրա համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց դադարեցնել բանակցություններն ու պատերազմ սկսել։

Այս պատերազմը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Հայաստանից և ողջ աշխարհից հայերը գալիս են օգնելու Լեռնային Ղարաբաղին, սակայն մյուս բախումներից կամ հակամարտություններից սա տարբերվում է նրանով, որ այս անգամ միայն Ադրբեջան պետությունը չէ Լեռնային Ղարաբաղի դեմ, և նա ցանկանում է էթնիկ զտում անել։

Այս անգամ Թուրքիան ևս միացել է պատերազմին՝ իր հետ Ադրբեջան բերելով իր սպաներին, գեներալներին, սարքավորումներ, դրոններ ու անգամ F-16 կործանիչներ։ Թուրքերի օգնությամբ և մասնակցությամբ ադրբեջանցիներն օգտագործում են այս ամենն ընդդեմ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորների, այլև քաղաքացիական բնակչության։ Այսօր մինչ մենք խոսում էինք, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաքացիներ, կանայք, երեխաներ, թիրախավորվեցին ադրբեջանական կողմից և հրետակոծվեցին։

Այս ամենի նպատակն էթնիկ զտումներն են, Լեռնային Ղարաբաղը հայերից մաքրելը՝ առանց հաշվի առնելու, որ այս մարդիկ հազարավոր տարիներ է՝ այստեղ են ապրում, հաշվի չառնելով, որ հնարավոր է խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, քանի որ ինչպես ասացի, Թուրքիան լիակատար ներգրավվածություն ունի։ Թուրքիան այժմ ներգրավված է ոչ միայն Լիբիայում, Սիրիայում, Միջերկրական ծովում, այլև՝ այստեղ։

Հարց -Սա հին վեճ է, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այն բռնկվեց հիմա։

-Սա հին վեճ չէ, այն 30 տարվա պատմություն ունի։ Այս բարձունքներում հպարտ հայերն ապրում են հազարավոր տարիներ։ Բռնապետներ, միապետներ, կայսրեր եկել ու գնացել են, իսկ հայերը, Լեռնային Ղարաբաղի բնակիչները մնացել են։ Մոտ հարյուր տարի առաջ խորհրդային առաջնորդ Ստալինը, ով «Բաժանիր, որ տիրես» քաղաքականության մեծ վարպետ էր, հայկական տարածքի այս հատվածը տվեց Ադրբեջանին՝ խնդիր առաջացնելով հայերի ու ադրբեջանցիների միջև։

70 տարի շարունակ Ղարաբաղը եղել է Խորհրդային Ադրբեջանի մաս՝ որպես ինքնավար հանրապետություն, մինչդեռ բնակչության ավելի քան 90 տոկոսը հայեր էին, նրանք խոսում էին հայերեն, հաճախում հայկական դպրոցներ։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը որոշեց, որ իրենք ցանկանում են հանրաքվե անցկացնել։

Նրանք բոլոր օրենքներին համապատասխան հանրաքվե իրականացրեցին և 1991 թվականին հռչակեցին անկախությունը, ցանկացան իրենց հայրենիքը ստեղծել։ Սակայն Ադրբեջանը նրանց հետ խոսելու փոխարեն սկսեց կրակել։ Այս վեճը հին չէ, այն 30 տարվա վեճ է։ Վերջին տարիներին կողմերը հիմնականում պահպանում էին հրադադարի ռեժիմը և բանակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների սեղանի շուրջ։

Փոխարենը՝ հին են հայ-թուրքական հարաբերությունները։ Սա հայերի կողմից Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու հարցը բացարձակ հրամայական է դարձնում, քանի որ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, Առաջին համաշխարհային պատերազմի պատճառաբանությամբ, Թուրքիան մեկ ու կես միլիոն հայերի կոտորեց՝ իրականացնելով քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը։ Հարյուր հազարավոր մարդիկ լքեցին իրենց հայրենիքն ու հաստատվեցին Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Բրազիլիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլուր՝ ստեղծելով հայկական սփյուռքը։ Այս խնդրում Թուրքիայի ներգրավվածությունը հավելյալ լարում է առաջացնում, և հարց է ծագում, թե ինչո՞ւ պետք է Թուրքիան այստեղ ներգրավված լինի։

Թուրքական կողմը պատճառաբանություններով է հանդես գալիս, որոնք բացարձակ տրամաբանական չեն։ Նրանք ասում են, թե էթնիկ առումով մոտ են ադրբեջանցիների հետ։ Սակայն այս տեսանկյունից նրանք կարող են մոտ լինել շատ ազգերի հետ՝ սկսած Չինաստանի հյուսիսից մինչև Մոնղոլիա, Կենտրոնական Ասիա և այլն։ Երկրորդը՝ նրանք ասում են, թե իբր այստեղ կան PKK զինյալներ, սակայն սա հին հնարք է և Հայաստանի դեպքում չի աշխատում։ Եվ երրորդը, ասում են, թե իբր սպառնալիք կա միջազգային նավթամուղերի համար, որ Բաքվից Ջեյհան է ձգվում, ինչը նույնպես բացարձակ անհեթեթություն է։

Հարց -Թուրքիայի նախագահը Հայաստանն անվանել է իսկական սպառնալիք տարածաշրջանային խաղաղության համար։

-Նա կարող է Հայաստանն անվանել գերտերություն, սակայն արդյո՞ք դա որևէ բան կփոխի։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը սպառնալիք լինել։ Եթե նա կարողանա տրամաբանորեն բացատրել, թե որտեղ է սպառնալիքը տարածաշրջանին այն դեպքում, երբ Հայաստանը տարածաշրջանում որևէ մեկի հետ որևէ խնդիր չունի… Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի հարևան Վրաստանի հետ, հիանալի հարաբերություններ Ռուսաստանի հետ, Իրանի հետ։ Միակ պետությունը, որի հետ մենք հարաբերություններ չունենք, Թուրքիան է, քանի որ Թուրքիան անգամ չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվ միակ խնդիրն այստեղ Լեռնային Ղարաբաղն է, որը հայերի փոքր անկլավ է։ Սակայն ադրբեջանական ու թուրքական կողմը որոշել է ազատվել դրանից։

Առաջին անգամը չէ, որ նախագահ Էրդողանը ինչ-որ բան է հայտարարում: Օրինակ Իրաքում, Լիբիայում, Սիրիայում։ Նա մշտապես պատճառ է գտնում ներգրավված լինելու համար։ Ես առհասարակ չեմ կարող համաձայնել Էրդողանի ասածների հետ։ Հայաստանը սպառնալիք չէ, այդ Թուրքիան է այժմ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար:

Հարց -Դուք ասում եք, որ այս հակամարտությունն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև է, սակայն հայկական դրոնն է խոցվում։

-Նախ և առաջ, պատերազմն Ադրբեջանն է սկսել, այլ ոչ թե Հայաստանը։ Երեկ ադրբեջանական դրոնները մուտք են գործել Հայաստանի տարածք ։ Իհարկե, չորս դրոններն էլ ոչնչացվել են։ Երկրորդը, թուրքական F-16 կործանիչները հարվածներ են հասցնում Լեռնային Ղարաբաղի սահմաններին ու բնակիչներին։ Սակայն սա պատերազմ է, իսկ դա նշանակում է, որ հայերը պետք է պաշտպանեն իրենց, և երբ հարձակվում են քեզ վրա, պետք է ոչնչացնես և՛ դրոնները, և՛ տանկերը։

Սակայն ֆիզիկապես պատերազմը սկսել է Ադրբեջանը։ Եվ սա ծրագրված պատերազմ է, քանի որ նրանք ամիսներ շարունակ թուրքական բանակն ու Սիրիայից մոջահեդների են բերել՝ հայերի դեմ կռվելու համար։ Այսինքն, սա ծրագրված է, և այս ամենն այնքան ակնհայտ է։

Հարց -Դուք ասում եք, թե սա ծրագրված է։ Ո՞վ է ծրագրել։

-Ադրբեջանն ու Թուրքիան։

Հարց– Ինչո՞ւ համար է Թուրքիան արել։

-Մի քանի պատճառով։ Նրանք կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, թե ինչու են սկսել, սակայն իրականությունն այլ է։ Ես կհիշատակեմ տարբեր վերլուծաբանների կարծիքներ այս հարցի առնչությամբ։ Նախ և առաջ, նրանք ցանկանում են Ադրբեջանին ասել, որ այս խնդիրն առանց իրենց չեն կարող լուծել։ Երկրորդը, հայերին դաս տալու համար՝ ասելով, որ անգամ չփորձեք հիշատակել, թե ինչ է տեղի ունեցել 105 տարի առաջ, քանի որ մենք չենք ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, և եթե դուք ձեզ ճիշտ չպահեք, դուք կարող եք տեսնել, թե ինչ տեղի կունենա։ Այսինքն, նրանք իրենց ուժն են ցույց տալիս՝ վախեցնելու Հայաստանի Հանրապետությանը։

Երրորդը, նրանք այժմ Ադրբեջանում են, և ես հիմա հարց ունեմ։ Երբ պատերազմն ավարտվի, նրանք լքելո՞ւ են Ադրբեջանը, թե՞ մնալու են։ Մնալով՝ նրանք հսկայական ազդեցություն են ունենալու Ադրբեջանում։ Մնալով այդտեղ՝ հսկողության տակ են առնելու նավթամուղերն ու գազատարները, որոնք Ադրբեջանից գնում են Արևմուտք, Եվրոպա։

Եվ դա ոչ միայն ադրբեջանական գազն ու նավթն է, այլև կասպիականը, Կենտրոնական Ասիայինը։ Այսինքն, Թուրքիան, որը չունի նավթ և գնում է այն, այժմ կվերահսկի դեպի Եվրոպա գնացող նավթը։ Իսկ Եվրոպան կդառնա նրանց գերին։

Թուրքիայի համար սա նաև էներգետիկայի հարց է, Ադրբեջանը կառավարելու հնարավորություն։ Գուցե վաղը նրանք արդեն սկսեն ահաբեկել Եվրոպային։ Ըստ էության, վաղը նրանք կսկսեն Եվրոպայի դեմ հանդես գալ, որովհետև կկառավարեն էներգետիկ խողովակաշարերը և այլն։ Այդպիսով, կա հստակ աշխարհաքաղաքական խաղ, որը Թուրքիան խաղում է այս պատերազմում։

Հարց -Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ շարունակելու են պայքարել, մինչև հայկական զորքերն ամբողջությամբ դուրս գան Ղարաբաղից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ անընդունելի է բանակցություններ սկսել այն դեպքում, երբ ինտենսիվ ռազմական գործողություններ են իրականացվում։ Այս ամենը հաշվի առնելով՝ երկու կողմերը շահագրգռվա՞ծ են արդյոք լուծում գտնել։

Այն, ինչ նախագահ Ալիևն է ասում, կոչվում է դասական էթնիկ զտում, այսինքն, ասում է՝ կանգ չենք առնի, մինչև այդ տարածքի բոլոր հայերին չսպանենք։ Դա կոչվում է էթնիկ զտում, տարածքների մաքրում մարդկանցից, որոնք ապրել են այնտեղ հազարավոր տարիներ։ Իմ երկրի վարչապետն ասում է, որ երբ այնտեղ մարդիկ են մահանում, մենք նախ և առաջ պետք է քայլեր ձեռնարկենք։

Առաջին հերթին, Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից, քանի որ դրա մասը չի կազմում։ Պատկերացրեք, որ եթե Թուրքիան ներգրավվի, ապա երրորդ, չորրորդ կողմ կլինի, ամբողջ տարածաշրջանը կմիջամտի, և արդյունքում մեծ խառնաշփոթ կունենանք։ Տասն անգամ ավելի վատ պատկեր կլինի, քան ունենք Սիրիայում։

Լուծումը լիովին պարզ է՝ Թուրքիան պետք է չմիջամտի։ Երբ հակամարտող կողմերը շարունակեն լինեն նույնը, ինչպես նախկինում էր, իսկ կողմերը՝ Արցախը, Հայաստանը և Ադրբեջանն են, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել, և ռազմական գործողությունները կդադարեցվեն, մարդիկ չեն կրակի միմյանց վրա, հնարավորություն կլինի հանդիպել միջնորդներին և աստիճանաբար կվերադառնանք բանակցություններին։

Բոլորին հորդորում եմ վերադառնալ բանակցությունների սեղան։ Սակայն Թուրքիայի ներկայությունը դա շատ դժվար է դարձնում, քանի որ այն նոր գործոն է և հակամարտության մեջ չի եղել։

Հարց -Լեռնային Ղարաբաղի ղեկավարը ևս ասել է, որ այստեղ ամենամեծ թշնամին Թուրքիան է, և պետք է պատրաստ լինել երկարաժամկետ պատերազմի։ Այնպես է ստացվում, որ բոլոր կողմերը ներգրավված են, և թվում է, թե ռազմական գործողությունները սրվում են, և լուծում դեռևս չկա։

-Հայկական կողմը լարում չի ցանկանում, մենք ուղիներ ենք փնտրում այս ամենն ավարտել ինչքան հնարավոր է շուտ։ Լեռնային Ղարաբաղի նախագահը լիովին ճիշտ է, որովհետև նա տեղում է վերահսկում իրավիճակը և տեսնում է, որ իր երկրի մարդիկ, զինվորները կռվում են ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաև թուրքական ուժերի դեմ։ Այդպիսով՝ կա ընդամենը մեկ եզրակացություն, որ այս սենյակի «մեծ փիղը» Թուրքիան է, որը խաղաղություն չի ուզում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր երկրորդական է դարձել՝ Թուրքիայի ներգրավմամբ։ Թուրքիան այս խնդրում հայտնվել է , որովհետև անձնական շահագրգռվածություն ունի, Լեռնային Ղարաբաղի հարցը նրան չի անհանգստացնում։ Թուրքիան ցանկանում է իր ներկայությունն ունենալ այնտեղ, լինել այն ուժը, որը տարածաշրջանում ամենակարևորն է, որ փաստացի Ադրբեջանի վրա մեծ ներգործություն ունենա։ Ամենամեծ խնդիրը Թուրքիան է։

Հարց -Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնեց, որ աջակցում է Հայաստանին, Ռուսաստանը խոսել է երկու երկրների հետ։ Ի՞նչ եք կարծում՝ այս ջանքերը կօգնեն լուծել խնդիրը։

Միշտ պետք է հույս ունենալ: Մենք բոլորս ջանքեր ենք ներդրում հրադադարի հաստատման համար, խոսում ենք բոլորի հետ։ Նախագահ Մակրոնն աջակցում է ճշմարտությանը, ըստ որի՝ Թուրքիան չի ցանկանում այս խնդրի լուծման համար որևէ բան անել։ Հարգում ենք Ռուսաստանի նախագահ Պուտինի առաջարկը։

Հայկական կողմը մշտապես պատրաստ է քննարկել հետագա քայլերը, և եթե ադրբեջանական կողմն ասի, որ պատրաստ է բանակցությունների, ապա պետք է նշեմ, որ մենք երբևէ դեմ չենք եղել բանակցություններին։

Այս բարդ խնդրի շուրջ բանակցությունները մշտապես խրթին են եղել։ Կողմերի միջև համաձայնություն ձևավորելու համար ժամանակ է հարկավոր: Սակայն, միևնույն ժամանակ, պետք է անկեղծորեն հավատալ, որ լուծումը հնարավոր է գտնել երկխոսության միջոցով։ Բանակցություններ հնարավոր է անցկացնել վստահության կառուցման միջոցով։

Սակայն այն պահին, երբ դու պատերազմ սկսելով այդ վստահությունը կոտրում ես, այն 30 տարով հետ է գնում։ Այսօր արդեն մի քանի տարի կպահանջվի կրկին վստահության մթնոլորտ ձևավորելու համար։ Ես խաղաղության, խաղաղ լուծման կողմնակից եմ։

Հարց -Դուք նաև նշել եք, որ միջազգային հանրությունը պետք է միջամտի, և հնարավոր է ավելի վատ լինի, քան Սիրիայում է։ Ի՞նչ է աշխարհն անում այս հարցում։ Այսօր ԱՄՆ զբաղված է ընտրություններով, Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները…

-Թուրքիան է այս խնդիրը առաջացրել և պետք է դուրս գա։ Այո, ճիշտ եք, Միացյալ Նահանգները պատրաստվում է նախագահական ընտրությունների, և շատ դժվար կլինի նրանց ուշադրությունն ունենալ։ Այո, Ռուսաստանն իր սեփական խնդիրներն ունի։ Այո, Եվրոպան շատ զբաղված է։ Այս ամենին գումարեք կորոնավիուսը և տնտեսական դժվարությունները։

Ահա այս պատճառով են Թուրքիան և Ադրբեջանը ընտրել հենց այս պահը հարձակվելու համար։ Նրանք գիտեն, որ միջազգային հանրությունը շատ զբաղված է, և կարող են անել այն, ինչ ցանկանում են, կարող են ահաբեկիչներ, ջիհաիդիստներ բերել։

Սակայն, քանի որ բոլորը զբաղված են, ապա անհրաժեշտ ճնշումը բավարար չի լինի։ Սրանք են նրանց հաշվարկները։ Սակայն նրանք չեն հաշվարկել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հազարավոր տարիներ կռվել է իր գոյության համար և նա չի հանձնվելու։

Հարց -Հավատո՞ւմ եք, որ համաշխարհային ինստիտուտները պետք է հստակ ուղերձ հղեն նման դեպքում, հակառակ դեպքում նման խնդիրներն ավելի շատ կլինեն։

-Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Թուրքիան F-16 կործանիչներ է օգտագործում այստեղ և օգտագործում է խաղաղ բնակիչների դեմ։ Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն ասում է, որ կարող ես օգտագործել, միջամտել այլ մարդկանց կյանքին կամ ներգրավվել հակամարտության մեջ, որի մասը չես կազմում։ Աշխարհը փոխվել է։ Այն շատ ավելի անկայուն, անկանխատեսելի է դարձել։Միջազգային կառույցները պետք է սկսեն մտածել, թե ինչպես պետք է փոխվեն, ժամանակակից դառնան՝ 21-րդ դարի նոր աշխարհի մարտահրավերները դիմագրավելու համար։

Հարց -Էներգետիկ շուկաների հարցը ևս թեմայի մեջ է, մտավախություններ կան գազի և նավթի մատակարարումների մասով։

-Այստեղ ոչ ոք վտանգ չի ներկայացնում նավթի մատակարարումների համար։ Եթե նրանք մտավախություններ ունեն այլ աղբյուրների մասով, թող ունենան։ Կրկնեմ՝ եթե Լեռնային Ղարաբաղի հայերը ցանկանային կրակել գազատարների վրա, դա 20 տարի առաջ կանեին, երբ դրանք կառուցվում էին։ Եթե այն ժամանակ դա անեին, Ադրբեջանին թույլ չէին տա միլիարդավոր դոլարներ վաստակել և դրանցով զենք գնել ու այսօր հայերի վրա կրակել։

Նրանք այն ժամանակ չեն արել և այսօր էլ չեն պատրաստվում։ Կարծում եմ, որ միջազգային էներգետիկ շուկաները չպետք է մտահոգվեն այս հարցով։ Նրանք պետք է մտածեն Թուրիքիայի մասին, որը վերահսկողություն է իրականացնում գազատարների մասով։

Հարց -Կավարտեմ հարցազրույցը այն հարցով, որով սկսել եմ։ Լուծում տեսնո՞ւմ եք առաջիկա օրերին, թե՞ ավելի մեծ պատերազմ կլինի։

-Հույս եմ հայտնում, որ լուծում կլինի։ Ես մեծ ջանքեր եմ ներդնում այդ լուծմանը հասնելու համար, որովհետև չեմ ընդունում մարդկային կյանքների կորուստները, չեմ ընդունում էթնիկ զտումները և ցեղասպանությունները։

-Շնորհակալություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։