Սյունիքի և Ադրբեջանի հետ սահմանակցող հատվածներում ստեղծվելու է բուֆերային անվտանգ գոտի, ինչպես հայ-թուրքական սահմանի պարագայում է․ Վիկտոր Ենգիբարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը 

– Պարո՛ն Ենգիբարյան, Սյունիքում սահմանների ճշգրտման գործընթացներ են, և այսօր վարչապետն էլ հայտարարեց, որ Շուռնուխի ու Որոտանի հետ կապված ցավոտ լուծումներ են լինելու։ Ըստ ձեզ՝ ի՞նչ է դա նշանակում։

– Ես կառավարական գերատեսչություն չեմ ներկայացնում և կարող եմ այդ մասին խոսել որպես պատգամավոր։ Մենք, բնականաբար, տիրապետում ենք բաց ինֆորմացիային, և, բացի այդ, որոշակի քննարկումներ են եղել, ինչի արդյունքում խորհրդարանի՝ որպես վերահսկող մարմնի ներկայացուցիչներ տեղյակ ենք եղել իրավիճակին։ 

Սյունիքի մարզի և Ադրբեջանի հետ սահմանակցող հատվածներում ստեղծվելու է որոշակի հեռավորության վրա գտնվող ապառազմականացված գոտի։ 

Ի՞նչ է դա նշանակում։ Լինելու է այսպես ասած որոշակի չեզոք գոտի, ինչպես հայ-թուրքական սահմանի պարագայում է, որի երկու կողմերում կանգնած են լինելու սահմանապահ զորքերը, որոնք իրականացնելու են սահմանների դիտարկում։ Զորքեր չեն լինելու։ 

Մեզ մոտ ընդունված էր, չէ՞, խրամատներ ունենալ, որոնցում զորքեր են եղել, որոնք պատրաստ են եղել պատերազմին։ Այդ սահմանի պահպանությունը կիրականացնեն հայ սահմանապահ զորքերը, որոնցից հետո կանգնած կլինեն զինված ուժերը։ Այս ամենը երկու կողմին է վերաբերում և ոչ միայն հայկական կողմին։ 

Սա կարող եք համեմատել հայ-թուրքական սահմանի հետ։ Ես կարծում եմ՝ սրա առավելությունն այն է, որ ապագայում չենք ունենա սահմանային միջադեպեր։ Համենայնդեպս, ես նման հույսեր ունեմ։ 

– Նկատի ունեք՝ մարդիկ գերի չե՞ն ընկնի, կրակոցներ չե՞ն լինի։ 

– Այո՛։ Հիշում եք՝ նախկինում դիպուկահարով մեր զինվորներին էին կրակում, միջադեպեր էին լինում, քաղաքացիական անձինք գերի էին ընկնում։ Նման բաներ չպետք է լինեն, բանակում ծառայելը պետք է լինի անվտանգ։ 

Հիմա այսպես կոչված բուֆերային զոնայի որոշ հատվածներ, իմ տեղեկություններով, համընկնում են Շուռնուխ և Որոտան գյուղի փոքրիկ հատվածների հետ։ Խոսքը այդ մասին է, և որպեսզի այդ 12 բնակարանները չհայտնվեն բուֆերային գոտում, ըստ երևույթին, պետք է այդ բնակարանների տերերին առաջարկվեն գյուղի տարածքում այլ բնակարաններ։ 

Եթե դուք նայեք հայ-թուրքական սահմանը, կտեսնեք, որ այնտեղ էլ կա բուֆերային գոտի, որտեղ կանգնած են սահմանապահները։ 

Այդ բուֆերային գոտին պահում է անվտանգությունը, և դա այնպիսի ապառազմականացված տարածք է, որ մարդիկ նույնիսկ, օրինակ՝ Փշատավան գյուղից, մտնում են այդ զոնա, խաղողի այգիները մշակում, հետ են գալիս իրենց տուն։ 

Այստեղ հող հանձնելու, գյուղ հանձնելու մասին խոսք լինել չի կարող, խոսքը բուֆերային տարածքի ստեղծման մասին է։ Դա անվտանգ զոնա է, որը առաջին հերթին պետք է տվյալ մարզի բնակիչների համար։

– Մարդկանց մոտ բնական հարց է առաջանում՝ եթե եռակողմ հայտարարության մեջ խոսք կամ կետ չկա սահմանազատումների մասին, ինչո՞ւ է հիմա առանց բանակցությունների նման գործընթաց իրականացվում։

– Մենք ուզենք, թե չուզենք, Սյունիքի այդ տարածքները սահմանակցում են Ադրբեջանի Հանրապետությանը։ Այնտեղ, պարզ է, որ սահմանազատման աշխատանքներ պետք է տարվեն։ 

Ճիշտն ասած, ես այդ ոլորտի մասնագետ չեմ, բայց կարծում եմ՝ հիմա ոչ թե դեմարկացիա, դելիմիտացիա է արվում, այլ ընդամենը կետերն են հստակեցվում, թե որ սահմանապահները որտե՛ղ պետք է կանգնեն, ինչպես այսօր վարչապետը նշեց Կառավարության նիստի ժամանակ։ 

Իսկ բուֆերային գոտու ստեղծումը, սահմանազատումը և անվտանգության ապահովումը երկարատև գործընթաց են։ Սա շատ զգայուն թեմա է, և այստեղ լրատվամիջոցների դերը կարևոր է այն իմաստով, որ հանկարծ մեր քաղաքական կայունության վրա չփորձեն ուզենալ ազդել արտաքին ուժեր, որոնք հետաքրքրված են մեր երկրի ներսում անկայունություններով։ 

Այս իմաստով պետք է ԶԼՄ-ները մի քիչ ավելի զգոն լինեն ու չփորձեն ապատեղեկատվություն տարածել՝ շատ լավ իմանալով, որ մարդիկ այդ թեմաների նկատմամբ շատ զգայուն են։ Իսկ այդ զգայունությունը դրսից տեսնում են ու ամեն կերպ փորձելու են ներքին ապակայունացման վրա ազդեցություն ունենալ։

– Ի՞նչ արտաքին ուժեր կարող են լինել։

– Դե արդեն պարզ է՝ ինչ արտաքին ուժեր են դրանք, ո՞վ կուզենա, որ մեր երկրում ապակայունություն լինի։ Եթե ուշադիր լինեք, մամուլում տեղ են գտնում այնպիսի լուրեր, որոնք ներքին անկայունություն են առաջացնում, օրինակ՝ ադրբեջանական դրոշը հայտնվեց այստեղ, այնտեղ։ Պարբերաբար նման պրովոկացիաներ են անում՝ ներքին անկայունություն առաջացնելով։ Մենք ուղղակի չպետք է դրան տրվենք։ 

– Բայց որքան էլ խուսափեք, ներքին անկայունություն կա. արդեն մի քանի շաբաթ է՝ անհնազանդության ակցիաներ են, ցույցեր, ընդդիմությունը վարչապետի հրաժարականն է պահանջում։ Դա անկայունություն չէ՞:

– Դա անկայունություն չէ։ Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ չլինի ընդդիմություն, որը պահանջում է երկրի ղեկավարության հրաժարականը։ Դա շատ նորմալ գործընթաց է։ Ես կարծում եմ՝ մենք ժողովրդավարական ճանապարհով ապագայում պետք է հասկանանք, որ պետք է լինեն իշխող ուժ, վարչապետ և այլ նմանատիպ հարցեր։ Քանի դեռ գործընթացը տեղավորվում է ժողովրդավարության շրջանակներում, դրանում ոչ մի խնդիր չկա։

– Ընդդիմության մեղադրանքը իշխանությունների նկատմամբ հայրենազրկման մասին է, տարածքներ կորցնելու, մարդկային կորուստների, պարտություն կրելու և այլն։ Նման պահանջով կարծես ամեն երկրում չեն ցույցեր կազմակերպվում, այնպես չէ՞։

– Այդ պահանջների մասին, խնդրում եմ՝ իրենց հարցրեք։ 

– «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդես էր եկել Սյունիքի մարզում ռուսական ռազմաբազա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է նման հեռանկար։

– Սյունիքի մարզի որոշ հատվածներում արդեն իսկ տեղակայված են ռուսական ուժեր։ Իսկ թե դրանք հետագայում ինչպիսի զարգացում կունենան, այսօր չեմ կարող ասել։ Քաղաքական առումով ես այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում, ուղղակի մասնագետները պետք է անվտանգային առումով լուծումներ տան։

– Պարո՛ն Ենգիբարյան, ներքաղաքական մի հարց՝ Վազգեն Մանուկյանը օրերս կոչ էր արել բանակին ու ոստիկանությանը անհապաղ միանալ իրենց։ Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը։

– Ոստիկանությունը և բանակը ապաքաղաքական կառույցներ են։ Ես հասկանում եմ, որ պարոն Մանուկյանը սովոր է, որ զինված ուժերը կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով, բայց այդ ժամանակներն արդեն անցյալում են, հետևաբար զինված ուժերն ու ոստիկանությունը իրականացնում են իրենց օրինական գործառույթները և չեն պաշտպանում այս կամ այն քաղաքական ուժին։

– Բայց մենք լսում ենք տեղեկություններ, որ համակարգերի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան, հրաժարվում են պաշտոններից ու անցնում ընդդիմության կողմը։

– Դրանք տասնյակ հազարավոր ծառայողներից մի քանիսն են ընդամենը։ Նման քայլը դատապարտելի է, որովհետև սպայական էթիկան թույլ չի տալիս քաղաքական գործընթացների մեջ մտնել։ Բայց բոլոր դեպքերում, տասնյակ հազարներից մի քանիսը գուցե նման բան իրենց թույլ են տալիս։

– Վազգեն Մանուկյանն այսօր նաև հայտարարեց, որ եթե 100 հազար մարդ հրապարակում հավաքվի, հնարավոր կլինի հրաժարականին հասնել։ Ինչո՞ւ այդուհանդերձ այդ մարդիկ չեն գալիս հրապարակ։

– Միակ ճիշտ բառը այդ նախադասության մեջ «եթե» բառն էր, որը իմաստը բացատրում էր, մնացածն արդեն անիմաստ է։ 

Իսկ թե ինչու չի գալիս ժողովուրդը, ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների հավաքական գիտակցությունը բարձր մակարդակի է. եթե նախկինում հնարավոր էր մարդկանց մոլորեցնել ԶԼՄ-ների, քարոզչության միջոցով, ապա այսօր անհնար է. մարդիկ արդեն ամեն ինչ տեսել են ու հասկանում են։ 

Չմոռանանք, որ արցախյան պատերազմում ներգրավվել են տասնյակ հազարավոր զինվորականներ. սա նշանակում է, որ չկա Հայաստանում մի ընտանիք, որի ներկայացուցիչը չի եղել Արցախում։ 

Անձամբ իմ ազգականներից 11 հոգի եղել են Արցախում ու մասնակցել են պատերազմին, հետևաբար մարդիկ շատ լավ ծանոթ են իրողություններին, շատ լավ հասկանում են իրավիճակը։ Հենց դա է պատճառը, որ մարդիկ շատ լավ տեղեկացված են։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am